Հայաստանն այսօր շատ արագ գնում է Սիրիայի ճանապարհով, Ադրբեջանը չի հարձակվում, որովհետև մեջտեղում Իրանն է կանգնած. Արմեն Բադալյան

Սիրիան ամբողջությամբ զինյալների վերհսկողության տակ անցնելուց հետո, ինչպես հայտնել է ՌԴ նախագահի խոսնակը՝ Սիրիայի նախագահն ապաստան է գտել Մոսկվայում։ Սիրիայում զինյալներն արդեն բարձրացել են իրենց դրոշը, ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան վրա նույնպես բարձրացվել է զինյալների դրոշը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ մինչև Սիրիայում նման սցենարը, Ռուսաստանը և Իրանը տարբեր դիրքորոշում որդեգրեցին հենց այն պահից, երբ ապստամբները գրավեցին Հալեպը։

«Խնդիրն այն է, որ Իրանի իշխանություններին մոտ կանգած լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե ինչու Իրանն այս անգամ չպաշտպանեց Ասադին։ Ըստ այդ լրատվամիջոցի, դեռևս հունիսին Ասադին հրավիրել էին Իրան, որտեղ նրան ներկայացրել են, որ սպասվում է հարձակում Սիրիայի վրա, դրա մասին տեղեկացրել են Իրանի հատուկ ծառայությունները, ուստի Ասադը բանակում պետք է լուրջ բարեփոխումներ կատարի։ Այդ թվում՝ տարբեր ոլորտներում պետք է իրականացներ բարեփոխումներ, սակայն Ասադը ոչինչ չարեց։ Լրատվամիջոցը նաև նշում է, որ Ասադը ոչ միայն որևէ բարեփոխում չարեց, այլև հավատաց Արևմուտքին և Պարսից Ծոցի արաբական որոշ պետություններին։ Նրանք հավատացնում էին Ասադին, որ որևէ հարձակում չի լինի, սակայն որևէ աջակցություն նրան չցուցաբերեցին»,- 168.am հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը և հիշեցրեց՝ 2015 թվականին Ռուսաստանն ու Իրանն Ասադին օգնեցին՝ հույս ունենալով, որ նա իր երկրում կիրականացնի բարեփոխումներ։

Արմեն Բադալյանն ընդգծեց՝ Ասադը պատերազմից հետո Սիրիայում իրականացրեց այն քաղաքականությունը, ինչ Նիկոլ Փաշինյանն այսօր իրականացնում է Հայաստանում։ Մարտական գեներալներն Ասադի կողմից հեռացվեցին բանակից, քանի որ քննադատում էին «բանակաշինության» գործունեությունը, նույնն այսօր տեղի է ունենում Հայաստանում։

Կարդացեք նաև

«Բանակի հրամանատարական կազմն Ասադը համալրեց իր իշխանությանը գովերգող, նրանց ցանկությունները կատարող կադրերով, նույնն այսօր հայկական բանակում է։ Ասադը որևէ անգամ զորավարժություն չարեց, նույնը Հայաստանում է, այլ խոսքով՝ կարելի է ասել՝ Ասադի կողմից իր բանակը մերժված էր, մարդկանց աշխատավարձերը ցածր էին, չկար տնտեսական զարգացում։ Այս զուգահեռները տանում եմ, որպեսզի պատկերացնենք՝ սիրիական բանակի վիճակը նույնն էր, ինչ այսօր մեր բանակինը։ Սիրիայի բանակի ծառայողին տալիս էին կարտոֆիլ ու մի քանի լոլիկ ու չնչին գումար, ճիշտ է՝ հայկական բանակում դեռևս կարտոֆիլ ու լոլիկ չեն տալիս, բայց աշխատավարձը բավականին ցածր է։ Կրկնում եմ՝ Հայաստանն այսօր շատ արագ գնում է Սիրիայի ճանապարհով»,- հավելեց մեր զրուցակիցը։

Արմեն Բադալյանը նաև շեշտեց՝ Սիրիան պատերազմից հետո ամբողջովին հենված էր կոռուպցիայի վրա, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանն է այսօր։ Բնականաբար, նման իրավիճակում, երբ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, իսկ  «Հեզբոլլահը» բավականին տուժել էր Իսրայելի հարձակումներից, և Իրանը զբաղված է այս խնդիրներով, ուստի Թուրքիան որոշեց, որ պետք է գործողություններ սկսի։

«Ես չգիտեմ՝ Թուրքիայի նպատակն արդյո՞ք Ասադի ամբողջ իշխանությունը տապալելն էր, թե՞ ոչ, քանի որ սիրիացի զինվորներն առանց կռվելու հանձնվեցին։ Սիրիայի բանակը բարոյալքված էր, ի վիճակի չէր կռվելու, ուստի տեղի ունեցավ այն, ինչ եղավ։ Սիրիայում պետական կառավարման համակարգն ամբողջովին թուլացած էր, միանգամից մի քանի օրվա ընթացքում զինյալներին հաջողվեց տապալել 54 տարի ղեկավարող համակարգը»,- ընդգծեց նա։

Շարունակելով զուգահեռները Սիրիայի ու Հայաստանի միջև, Արմեն Բադալյանը նկատեց՝ Հայաստանում տեղի չի ունենում այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում միայն մեկ պատճառով՝ մեջտեղում կանգնած է Իրանը։ Սիրիայի տապալումն այս պահին Իրանի պարտությունն էր, քանի որ կտրվեց Իրան-Իրաք-Լիբանան-Սիրիա գիծը։  Սիրիան Իրանի արտաքին քաղաքականությունում կարևոր նշանակություն ունեցող երկիր էր։ Իրանը վերջին պահին չօգնեց Սիրիային՝ հասկանալով, որ Ասադն այլևս երկիր պահող չէ, նրա մեջ չկա այդ ավյունը։

«Հայաստանի դեպքում Իրանը նման դիրքորոշում չի ցուցաբերի՝ Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվում Իրանի գոյության հանգամանքով պայմանավորված։ Կանգած է Իրանի իսլամական հեղափոխության կորպուսը՝ 45 հազարանոց զորքով, որը կարող է իր ուժը գործի դնել, եթե Ադրբեջանը հարձակվի։ Կորպուսը կարող է միանգամից Սյունիքը, Վայոց ձորը վերցնել իր հսկողության տակ՝ հասնելով ընդհուպ Երևան։ Հայաստանն Իրանի համար մնաց միակ ցամաքային ճանապարհը, որով դուրս է գալիս Վրաստան, Սև ծով ու միանում է ԵՄ-ին։ Հակառակ դեպքում, եթե Հայաստանի հարավը վերցնում են Թուրքիան ու Ադրբեջանը, ապա ամբողջ թուրքական աշխարհը շրջափակելու են Իրանին, որից հետո մաս-մաս հատվածներ կպոկեն Իրանից։

Վատագույն սցենարի դեպքում, եթե Իրանը չկարողանա, ապա թուրք-ադրբեջանական բանակը մտնելու է ՀՀ տարածք, և մեր բանակի հետ էլ կլինի այն, ինչ եղավ սիրիական բանակի հետ, սա՝ վատագույն դեպքում»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։

Տեսանյութեր

Լրահոս