Բանջարեղենային թխվածքաճաշ` իտալական ձևով
Բաղադրիչները
- 400 գ կարտոֆիլ
- 2 խոշոր, հասած լոլիկ
- 2 խոշոր քաղցր տաքդեղ (կարմիր կամ դեղին)
- 1 միջին չափի գլուխ սոխ
- 50 գ պարմեզան պանիր
- 4 ճ/գ ձիթապտղի ձեթ
- 1 ճ/գ չորացրած խնկածաղիկ
- աղ
- աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Մաքրած կարտոֆիլը բարակ շերտերով կտրատեք: Լոլիկների վրա դանակով խաչաձև կտրվածք արեք, 30 վրկ մտցրեք եռացրած ջրի, ապա սառը ջրի մեջ, կեղևը, սերմերն ու հեղուկը հեռացրեք: Միջուկը կտրատեք: Տաքդեղները մաքրեք սերմերից, բարակ շերտերով կտրատեք: Մաքրած սոխը մանրացրեք:
Տապակը պատեք ձիթապտղի ձեթով: Շերտ-շերտ տեղադրեք կարտոֆիլը, լոլիկները, տաքդեղներն ու սոխը: Ամեն շերտի վրա աղ, պղպեղ, չորացրած խնկածաղիկ արեք ու ձեթ ցայեք:
Պարմեզան պանիրը բարակ թիթեղների ձևով կտրատեք ու դրեք բանջարեղենի վրա:
Տապակը 45-55 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Թխվածքաճաշի պատրաստ լինելը պետք է հասկանալ կարտոֆիլից. երբ այն փափկի, տապակը կարող եք հանել ջեռոցից: Մատուցեք տաք վիճակում:
Խորհուրդ: Եթե դեղին ու կարմիր տաքդեղների փոխարեն վերցնեք կանաչ տաքդեղ, թխվածքաճաշի վերին շերտը կարող եք Իտալիայի դրոշի գույներով ստանալ՝ կանաչ տաքդեղ, բաց գույնի կարտոֆիլ ու կարմիր լոլիկներ: Այդպես ուտեստն ավելի հետաքրքիր տեսք կունենա: