«Նիկոլ Փաշինյանն ուզում է ցույց տալ՝ ով է տանը տերը, որպեսզի ՔՊ-ում հանկարծ ստրուկների ապստամբություն չսկսվի». քաղտեխնոլոգ
Մենք ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներում, ինչը նշանակում է, որ չենք մասնակցում ոչ մի փաստաթղթի քննարկման․ այս մասին կառավարության անդամների հետ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նախօրեին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պարզապես վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա, որովհետև ըստ էության մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, իրենք ինչ ուզում են, թող անեն»,- պարզաբանել է նա։
168․am-ը քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեց՝ Արևմուտքի՞ն, թե՞ Ռուսաստանին էին ուղղված Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները։
Ի պատասխան՝ Վիգեն Հակոբյանը նկատեց, որ դրանք նախևառաջ ուղղված էին ՌԴ-ին, որովհետև հենց ՌԴ-ից էին վերջերս հնչում հայտարարություններ, որով հույս էին հայտնում, թե Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ։
«Կարծում եմ՝ ինչ-որ փուլում Հայաստանի և Ռուսաստանի միջև խոսակցություն է եղել, և ՀՀ-ից խոստումներ են հնչել, որ, այնուամենայնիվ, վերադարձ է լինելու ՀԱՊԿ ֆորմատ։ Մենք տեսանք, որ ՌԴ պաշտոնյաների տոնայնությունը փոքր-ինչ փափկեց, ՀՀ ղեկավար կոչվողը գնաց ԱՊՀ գագաթնաժողով, Պուտինի հետ ընթրիքի մասնակցեց ու գուցե կենացը խմեց, հետո գնաց «Բրիկս»-ի գագաթնաժողով։ Իսկ վերջինը բազմաբևեռ աշխարհակարգի կարևոր մասերից է, մի բլոկ, որն իր էությամբ հակաարևմտյան է։ Այսինքն՝ նշմարվել էր տենդենց, որ ՀՀ-ն վերադառնալու էր ի շրջանս յուր՝ դեպի ռուսական շրջանակներ։
Ամենայն հավանականությամբ, դրանից հետո Արևմուտքի կողմից եղել է կոշտ վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ գուցե ինչ-որ թղթապանակներ, դոսյեներ են առաջ քաշվել»,- պարզաբանեց Վիգեն Հակոբյանը։
Վերլուծաբանն Աարևմուտքի կողմից քայլերի համատեքստում ուշադրություն հրավիրեց հատկապես վերջին շրջանում հաճախակի դարձած արևմտյան պաշտոնյաների այցերի վրա, ինչպես, օրինակ, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի պաշտոնական այցը, Լեհաստանի նախագահի եռօրյա այցը, ապա նաև՝ հենց Փաշինյան-Հակոբյան զույգի ընդունելությունը Վատիկանում։
Ըստ նրա՝ այս այցերը հաճախ նույնիսկ առանց հստակ օրակարգերի էին։
«Այսինքն` վերջին մեկ ամսում Արևմուտքն ինտենսիվ աշխատանք է վարում անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ․ կարծում եմ՝ Արևմուտքն ամեն ինչ անում է, որպեսզի մինչև Թրամփի պաշտոնավարման սկիզբը Հարավային Կովկասում գոնե Հայաստանը մնա հակառուսականության բաստիոն։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ուղղված էին նախ և առաջ ՌԴ-ին, բայցև, բնականաբար, հասցեատերն ու շահառուն գլոբալիստական ինտերնացիոնալն է՝ եվրոբյուրոկրատիան և ԱՄՆ՝ դեռևս գործող դեմոկրատական վարչախումբը»,- հավելեց նա։
Արդյո՞ք արևմտյան ազդակներով էին նաև պայմանավորված վերջին կադրային փոփոխությունները, թե՞ դրանք բացառապես ներքաղաքական պրոցեսի մաս են՝ մեր հաջորդ հարցադրմանն արձագանքելով՝ Վիգեն Հակոբյանը նկատեց, որ դա ներքին խնդիր էր՝ նախընտրական տրամաբանության շրջանակներում։
«Նա պատրաստվում է ընտրությունների՝ առնվազն հերթական, և պետք է ներքին լսարանին ցույց տա, (որի մի մասը, մինչև 15 տոկոս, ըստ հարցումների, իր ընտրազանգվածը կարող է լինել), որ ինքը մեղավոր չէ տված խոստումները չկատարելու համար, որ՝ թեև ասել եմ, որ դա եմ անելու, բայց դատաիրավական համակարգը, քննչականը չեն անում։ Այսինքն՝ ես լավն եմ․ արքունիքն է մեղավոր։
Ու հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է՝ նորից եմ սկսում․ նույն պլաստինկան նորից է պտտում, այս անգամ՝ նոր կատարողներով, որոնք կկարողանան խոստումները կատարել։ Այս կերպ նա հույս ունի, որ ապագան ընտրություններում կարող է նորից ուղեղ լվանալ։
Իսկ մենք շատ լավ գիտենք՝ այսօր պետական համակարգն ինչ է իրականում․ դա մեկ մարդու, միակ սոլիստի կառավարչական համակարգ է, և ինչ կատարվում է, կատարվում է կա՛մ իր ցուցումով, կա՛մ իր լռակյաց համաձայնությամբ։
Այլ հարց է՝ ինչո՞ւ ինքը չի անում, ինչ խոսք էր տվել»,- մանրամասնեց վերլուծաբանը՝ կադրային փոփոխությունները համարելով միայն ֆասադի փոփոխություն։
Վիգեն Հակոբյանը չբացառեց նաև, որ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանն ինչ-ինչ նշանակումներ վաճառի Արևմուտքի վրա, ինչպես, օրինակ, «սորոսական» կենսագրություն ունեցող ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նշանակումն է։
Պաշտոնաթող թիմակիցների շարքը չհամալրած Հովիկ Աղազարյանին քավության նոխազ դարձնելը թիմակիցներին վախեցնելու համա՞ր է արվում՝ մեր զրույցի վերջում հստակեցրինք Վիգեն Հակոբյանից։
Քաղտեխնոլոգն այս հարցին էլ պատասխանեց՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի համար Հովիկ Աղազարյանի դիմադրությունն անսպասելի է եղել։
«Նիկոլ Փաշինյանը սովորել է, որ իր քաղաքական թիմում ստրկատիրական հարաբերություններ են, և իր ցանկացած ասված՝ սմս-ով կլինի, թե անձեռոցիկի վրա գրված հրամանի տեսքով, միանգամից բոլորը կատարում են։ Տվյալ դեպքում իր համար անսպասելի է եղել, որ մեկը, որ իր թիմակիցն է եղել ու ժամանակին իրեն կրծքով է պաշտպանել և այսօր էլ խոստովանում է, որ պատերազմից հետո դիմակայել է Նիկոլ Փաշինյանին լքելու տարբեր գայթակղիչ առաջարկներին, վայր չի դրել մանդատը։
Նիկոլ Փաշինյանը հասկացել է՝ այդ հարցը չլուծելու դեպքում, հսկայական հարված է լինելու իր հեղինակությանը․ նա շատ լավ հասկանում է, որ առանց այդ էլ մեծ ճիգերով է իշխանության ներսում լուծում ներկլանային հարցերը։ Նա այժմ ուզում է ցույց տալ՝ ով է տանը տերը, որպեսզի սա դաս դառնա մնացածների համար, և ՔՊ-ում հանկարծ իսկապես ստրուկների ապստամբություն չսկսվի»,- ամփոփեց քաղտեխնոլոգը։
Զարուհի Դիլանյան