Իրավիճակը պայթյունավտանգ է. Հալեպի գրավումով շատ բաներ կարող են փոխվել, Թուրքիան ու Իրանը ձգտում են միջին ելք գտնել. Նուբար Չալըմյան

Երեկ Հալեպի բերդի վրա ծածանվեց Թուրքիայի դրոշը՝ զինյալները գրավել են Հալեպ քաղաքը։

Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական զինված խմբավորումները լայնածավալ հարձակում էին սկսել  Հալեպի ուղղությամբ նախորդ շաբաթվա սկզբին։ Այս հարձակումների ընթացքում սպանվել են Սիրիայի կառավարության մի քանի տասնյակ զինվորներ։ Երեկ հաղորդվեց, որ Հալեպում զոհվել է մեկ հայ։ Սիրիայում լայնածավալ ընդհարում վերջին անգամ տեղի էր ունեցել 2020 թվականի մարտին։

Այս ամենին զուգահեռ, Anadolu-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, Սիրիայում ռազմական գործողությունների սրման ֆոնին, Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Թուրքիա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահի հետ։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանի խոսքով՝ տարիներ շարունակ Թուրքիան Հալեպ քաղաքն իրենով անելու ախորժակ է ունեցել։

Կարդացեք նաև

«Անցյալ դարից սկսած Թուրքիան նպատակ է հետապնդել գրավելու Հալեպ քաղաքը և այսօր պատեհ առիթը բաց չի թողել իր զորամիավորումներով մասնակից լինելու քաղաքի գրավմանը։ Հալեպը Սիրիայի ամենակարևոր քաղաքն է, ավելի կարևոր, քան մայրաքաղաք Դամասկոսը։ Հալեպի գրավումով շատ բաներ կարող են փոխվել»,- 168.amի հետ զրույցում նշեց Նուբար Չալըմյանը։

Միջազգայնագետի դիտարկմամբ՝ Սիրիայի շուրջ տեղի ունեցող այս իրադարձությունները վաղուց էին հասունացել։ 2000-ականների սկզբից «Արաբական գարունը» շեղվեց Սիրիայից, արաբական շատ երկրներում ռեժիմները փոխվեցին, սակայն հերթը Սիրիային չհասավ։ Այն ժամանակ, երբ շատերն էին շահագրգռված Սիրիայի վարչակարգի փոփոխությամբ։

«Այսօր արաբական տարբեր երկրներ բարձր մակարդակով խուսափում են որևէ գնահատական տալ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, միայն տեղեկատվություն են տալիս՝ լրատվություն ապահովում։

Սիրիայի նախագահ Ասադը, որն այժմ գտնվում է Մոսկվայում, ցանկանում է կոորդինացնել Մոսկվայի հետ իր աշխատանքները, որպեսզի կարողանա փրկել այս ծանր ու բավականին լուրջ իրավիճակը Սիրիայի շուրջ, որը վերջին տարիներին չէր եղել»,- շեշտեց Նուբար Չալըմյանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Իրանի արտգործնախարարի հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ կարող է շատ բաներ ճշգրտել։ Իրանը պաշտպանում է Ասադի ռեժիմը։

Ըստ իս, Թուրքիան ու Իրանը ձգտում են միջին ելք գտնել՝ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, քանի որ սա շատ պայթյունավտանգ է։ Ամենայն հավանականությամբ, այստեղ օգտվող պետությունը լինելու է Իսրայելը։ Նա երկու ճակատներում կռիվ տալով՝ Գազայի հատվածում և Լիբանանում, կարծես թե ինչ-որ բաներ կարգավորում է և այնպես արեց, որպեսզի շատերի ուշադրությունը շեղի դեպի Սիրիա»,- շեշտեց նա՝ հավելելով, որ այս իրավիճակում Ռուսաստանը շատ բաներ կուզեր անել, բայց այսօրվա Ռուսաստանն այն չէ, ինչ տարիներ առաջ էր, երբ Ասադի ռեժիմին թև ու թիկունք էր, նաև մեծ դեր խաղաց, որպեսզի «Արաբական գարունը» շրջանցի Սիրիային։

«Գաղտնի չէ, որ Ռուսաստանը Միջերկրական ծովում նույնիսկ ռազմական բազաներ ունի։ Բայց այս իրավիճակում Ռուսաստանի դրությունը բավականին ծանրանում է, որովհետև ուկրաինական ճակատից պետք է անցում կատարի սիրիական ճակատ՝ զենք-զինամթերքով, սակայն չեմ կարծում, որ նա այդ հնարավորություններն այսօր ունի։ Այս ամենը հաշվի առնելով, չեմ բացառում, որ վիճակի սրման դեպքում համոզեն Ասադին թողնել պաշտոնը»,- ընդգծեց Ն. Չալըմյանը։

Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությանը Հարավային Կովկասի վրա, քանի որ Սիրիայում գլխավոր դերակատարներից մեկը Թուրքիան է, Նուբար Չալըմյանն ասաց՝ լուրջ անդրադարձ, մասնավորապես՝ Հայաստանի վրա, չի ունենա, քանի որ Թուրքիայի ուշադրությունը մեծամասամբ սևեռված է Սիրիայի վրա։

«Թուրքիան շահագրգռված է Սիրիայի հարցին ավելի շատ ուշադրություն հատկացնել, քանի որ մեծ նշանակություն է տալիս քրդական գործոնին, քրդերը ևս սկսում են ակտիվանալ Սիրիայի հյուսիսից։ Այնպես որ, Թուրքիայի ամբողջ ուշադրությունն այնտեղ է սևեռված»,- եզրափակեց Նուբար Չալըմյանը։

Հիշեցնենք, որ Սիրիայում պատերազմը սկսվել է 2011 թվականի մարտից և շարունակվում է մինչև օրս։\\

Տեսանյութեր

Լրահոս