
Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ նոյեմբերի 29-ին կավարտի աշխատանքը ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնում. նա գործերը կփոխանցի Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասին, որը կփոխարինի իրեն։
Այս մասին նա հայտնել է Բրյուսելում մերձավորարևելյան կարգավորմանը նվիրված խորհրդաժողովի մեկնարկից առաջ։
«Ես չէի ցանկանա ավարտել իմ աշխատանքը Բրյուսելում՝ առանց այս հանդիպումն անցկացնելու: Սա կլինի գործնականում իմ վերջին միջոցառումը Բրյուսելում. վաղը ես ավարտում եմ իմ առաքելությունը», – Բորելի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նոյեմբերի 27-ին Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ։ ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում հաստատվել է Կայա Կալլասը։ Կալլասն այս պաշտոնում իր առաջնահերթությունները համարել է աջակցությունն Ուկրաինային և դիմակայությունը Ռուսաստանին ու Չինաստանին։