«Ամիսը մեկ անգամ խոսում ենք՝ օրը 5 անգամ դեղեր է խմում, բայց մեզ հույս է տալիս, ասում է՝ լավ կլինի». Վագիֆ Խաչատրյանի դուստր
2022 թվականի դեկտեմբերից, երբ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից գտնվում էր տոտալ շրջափակման մեջ, և արցախահայերը Հայաստան էին գալիս միայն Կարմիր խաչի մեքենաներով և նրանց ներկայացուցիչների ուղեկցությամբ, Հակարիի կամրջից ադրբեջանցի զինվորները մի քանի անգամ հայերի էին առևանգել, ընդ որում՝ մի անգամ առևանգել էին անչափահաս հայ տղաների։
2023 թվականի հուլիսին Հակարիի կամրջից ադրբեջանական կողմն առևանգել էր նաև Արցախի Հանրապետության քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Նա Կարմիր խաչի միջոցով Երևան էր գալիս սրտի վիրահատության նպատակով՝ աղջկա ուղեկցությամբ։ Առևանգելուց հետո Վագիֆ Խաչատրյանին տարել էին անհայտ ուղղությամբ, այնուհետև ադրբեջանական կողմը հայտարարեց, որ նրան Բաքվում մեղադրանք է առաջադրվել, իբրև թե «ցեղասպանություն» իրականացնելու համար։ Ամիսներ տևած կեղծ դատավարական նիստերից հետո Բաքվի դատարանը որոշում կայացրեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման, որից 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Վագիֆ Խաչատրյանի ընտանիքը հնարավորություն ունի ամիսը մեկ անգամ զրուցելու նրա հետ, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելում են նրան։
168.am–ի հետ զրույցում Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, ասաց՝ հոր վերադարձի հետ կապված հույսը չեն կորցնում։
«COP29-ից առաջ էլ, հետո էլ սպասելու ենք հորս վերադարձին։ Ամիսը մեկ անգամ խոսում ենք նրա հետ, մեզ հույս է տալիս, ասում է՝ լավ կլինի։ Առողջական մեծ խնդիրներ ունի, օրը 5 անգամ դեղեր է խմում, ասում է նաև, որ հետազոտության են ենթարկում։ Հայրս էությամբ լավատես է, դրա համար էլ մեզ հույս է տալիս, որ լավ կլինի»,- նշեց Վերա Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ COP29-ից առաջ շրջանառվող խոսակցությունները, թե հնարավոր է՝ Բաքուն 2-3 հայ գերիների փոխանցի, իրենք հույս ունեին, որ նրանցից մեկն իր հայրը կլինի։ Սակայն նոյեմբերի 22-ին համաժողովն ավարտվեց, և որևէ գերի այդպես էլ հայրենիք չվերադարձավ։
«Մենք մեր հույսը չենք կորցնում, որ հայրս կվերադառնա»,- եզրափակեց Վերա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայացավ Կլիմայի փոփոխության` COP29 համաժողովը, Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ համաժողովին չի մասնակցել։ Ավելի վաղ Հայաստանը հանել էր իր թեկնածությունը՝ հօգուտ Ադրբեջանի, որպեսզի համաժողովն անցկացվի այնտեղ։ Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, անհատներ հույս էին հայտնում, որ Բաքուն համաժողովից առաջ կվերադարձնի գոնե հայ գերիների մի մասին։
Նշենք, որ Բաքվի բանտերում այս պահին ապօրինի պահվում են ոչ միայն գերիներ ու ռազմագերիներ, նաև Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնց առաջադրել են շինծու տարբեր ծանր մեղադրանքներ։