«Զավեշտալի է, որ Փաշինյանի տիկինը «տգիտության դեմ ագրեսիվ արշավ է սկսում»՝ հաշվի չառնելով, որ գլխավոր տգետն իր հետ նույն տանն է ապրում». Արմինե Ադիբեկյան

Բաքվում նոյեմբերի 22-ին ավարտվեց կլիմայի փոփոխության՝ COP29 համաժողովը։ Մինչև համաժողովի մեկնարկը՝ նոյեմբերի 11-ը, տարբեր միջազգային կառույցներ, իրավապաշտպաներ կոչ էին անում օգտագործել այդ համաժողովը՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ու պատանդների հարցը բարձրաձայնելու և քայլեր ձեռնարկելու՝ նրանց հայրենիք վերադարձնելու համար։ Չնայած ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ քայլեր ձեռնարկում են, սակայն հասարակությունն այդ քայլերի արդյունքը չի տեսնում՝ Բաքվում ապօրինի շարունակում է պատանդի կարգավիճակում պահվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և նրանց հետ՝ նաև հայ այլ գերիներ։

COP29 համաժողովից առաջ նույնիսկ ՀՀ իշխանությունը չէր թաքցնում, որ համաժողովից հետո հնարավոր է՝ Ադրբեջանը գնա ռազմական ագրեսիայի, և պատահական չէ, որ COP29-ի ավարտից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի անձնակազմին հանձնարարել է բարձր պահել զգոնությունն ու զորքի մարտունակությունը։

Նա հանձնարարել է «ավելի բարձրացնել զորքի մարտունակությունը, ինչպես նաև ճիշտ կազմակերպել զինվորական հերթապահությունը»։

Նաև «վերլուծվել են ընթացիկ օպերատիվ պայմանները և հայ-ադրբեջանական պայմանական սահմանին զինվորական ծառայության կազմակերպումը»։

Կարդացեք նաև

Չնայած ՀՀ իշխանությունը չէր մասնակցում COP29-ին, բայց արդյո՞ք օգտագործեց իր դիվանագիտական ու քաղաքական կապերը, այլ երկրների միջոցով հենց Բաքվում բարձրացնելու պատանդների, գերիների հարցը։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ ՀՀ իշխանություններին առհասարակ չի հետաքրքրում Բաքվում պահվող պատանդների ճակատագիրը։

«Իհարկե, այս իշխանությունը որևէ աշխատանք չի տարել ու չի տանում, որովհետև այս թեման իշխանության համար փակ է։ Եթե ցանկություն ունենային գերիների հարցը բարձրացնել, ապա պետք է ամեն ինչ անեին, որպեսզի համաժողովին մասնակցեին և հարցը բարձրաձայնեին Բաքվում՝ ինքնուրույն»,- 168.am հետ զրույցում նշեց Արմինե Ադիբեկյանը։

Նա վստահ է՝ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիա կարող է լինել ցանկացած պահի։

«Ադրբեջանն ունի ծրագիր և նախատեսում է ագրեսիվ ռազմական գործողություններ Հայաստանի դեմ։ Թե ինչ է անում ՀՀ իշխանությունը՝ չեմ կարող ասել, զանգահարեք իրենց, թող պատասխանեն հարցին՝ Ադրբեջանն ագրեսիայի է պատրաստվում, իսկ իրենք ի՞նչ են անում»,- հավելեց փորձագետը։

Արմինե Ադիբեկյանից նաև հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում Արևմտյան Հայաստանը և «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի համեմատությունն ի՞նչ արձագանք է ստացել Ադրբեջանում։

Ըստ մեր զրուցակցի՝ Ադրբեջանում վաղուց են Նիկոլ Փաշինյանի նշած թեզն օգտագործում։

«Հանրայինի եթերում Նիկոլ Փաշինյանն օգտագործեց ադրբեջանական հերթական թեզը։ Արևմտյան Հայաստան անվանումը նյարդայնացնում է՝ ինչպես Թուրքիային, այնպես էլ՝ Ադրբեջանին։ Թուրքիային նաև նյարդայնացնում է, երբ ասում են՝ Ստամբուլը հունական քաղաք է և Կոնստանդնուպոլիս է, սակայն պատմական փաստը դրանից չի փոխվում։

Գիտեք՝ զավեշտալին որն է, որ Նիկոլ Փաշինյանի տիկինը «տգիտության դեմ ագրեսիվ արշավ է սկսում»՝ հաշվի չառնելով, որ գլխավոր տգետն իր հետ նույն տանն է ապրում, որովհետև Նիկոլ Փաշինյանի արած համեմատությունը կատաստրոֆիկ տգիտության նշան է։

Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է, գոյություն ունի 386 թվականից, երբ Հայաստանը բաժանվեց Պարսկաստանի և Հռոմի կայսրության միջև՝ Հայաստանի Արևմտյան հատվածը գտնվում էր Հռոմի կայսրության տիրապետության տակ։ Ադրբեջանը նման պատմական «բեքգրաունդ» չունի, «Արևմտյան Ադրբեջան» եզրույթն արհեստածին հորինած առասպել է»,- շեշտեց Ա. Ադիբեկյանը։

Տեսանյութեր

Լրահոս