Հակառետրովիրուսային բուժում ստացող մարդու մոտ որոշ ժամանակ անց ՄԻԱՎ այլևս չի հայտնաբերվում և չի փոխանցվում
Ամբողջ աշխարհում 1988 թվականից ի վեր դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Օրվա շրջանակում բազմաթիվ երկրներում պետական, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների, հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրվում է խնդրին։ Տարբեր մակարդակներում տարվող աշխատանքների նպատակն է իրազեկել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին, առաջ քաշել հիմնահարցերը և դրանց վերաբերյալ հասարակությանը տալ հստակ և սպառիչ պատասխաններ:
«Արմենպրես»-ը «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ, վարակաբան Ռիմա Այվազյանի հետ: Թեման Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) տարածվածությունն է, ռիսկի խմբերն ու առաջարկվող լուծումները:
Մասնագետն ընդգծեց՝ ՄԻԱՎ -ի խնդիրն արդիական է ամբողջ աշխարհում, ինչպես նաև՝ Հայաստանում:
«ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկական վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է: Վիրուսն անցնելով օրգանիզմ՝ աստիճանաբար սկսում է քայքայել մարդու իմուն համակարգի բջիջները և ձևավորում է օրգանիզմում ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ, այսինքն՝ ՁԻԱՀ: Այն հանդիսանում է ՄԻԱՎ վարակի վերջին փուլը, երբ օրգանիզմի իմուն պաշտպանիչ մեխանիզմները ամբողջությամբ հյուծվում են և օրգանիզմը դառնում է ընկալունակ տարբեր վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ»,- ասաց բժիշկը:
Նրա խոսքով՝ աշխարհում շուրջ 40 միլիոն մարդ վարակված է այս վիրուսով, մոտ 40 միլիոն մարդ էլ արդեն մահացել է ՄԻԱՎ-ից:Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թ-ից, կա գրանցված մոտավորապես 6000 դեպք: Հայաստանում հիվանդությունն առավել շատ տարածված է Շիրակի և Լոռիի մարզերում:
Վարակաբան Ռիմա Այվազյանը նկատեց՝ ցավոք, ՄԻԱՎ-ը դեռ լիարժեք վերջնական բուժելի հիվանդություն չի համարվում, բայց ժամանակին սկսված հակառետրովիրուսային թերապիան հնարավորություն է տալիս կանխել բոլոր այն բարդությունները, որոնք կարող են զարգանալ վիրուսի ազդեցության հետևանքով: Ժամանակին բուժումը սկսելու դեպքում ՄԻԱՎ ունեցող մարդու կյանքի տևողությունը և որակը ոչնչով չի տարբերվի ՄԻԱՎ չունեցող մարդուց:
«ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ամենակարևորը պետք է սկսեն ժամանակին և հետևողական ընդունել հակառետրովիրուսային բուժումը, ինչն օրը ընդամենը մեկ դեղահաբի ընդունումն է. Եթե վարակակիրները հետևողական լինեն իրենց բուժմանը, ապա առաջինը՝ իրենց կյանքի որակը և տևողությունը չի տարբերվի առողջ մարդուց, և, երկրորդ՝ հակառետրովիրուսային բուժում ստացող մարդու մոտ որոշ ժամանակ անց վիրուսը այլևս չի հայտնաբերվի:
Նշեմ, որ գոյություն ունի վիրուսի չհայտնաբերվող մակարդակ հասկացողություն, որի դեպքում վարակակիր քաղաքացին այլևս վարակի աղբյուր չի հանդիսանում և չի կարող վարակը հետագայում տարածել: Այսինքն, չհայտնաբերվող՝ նշանակում է չփոխանցվող: Շատ կարևոր է, որ մենք հասնենք այդ մակարդակին»,- ասաց Ռիմա Այվազյանը:
Նա ընդգծեց՝ ժամանակին ՄԻԱՎ-ի բուժումը սկսելն առողջապահական կարևոր խնդիր է, ինչպես նաև՝ վարակի տարածումը կանխելու կարևոր քայլ: