ՀՀ-ն աղերսողի դերում է հայտնվել, քանի որ հույսեր կապեց ԵՄ հեքիաթների հետ․ Արթուր Խաչիկյան
«Գլոբալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը փոխանցեց Ֆրանսիայի ներկայացուցչի խոսքը, քանի որ նա օբյեկտիվ պատճառներով չի ցանկացել ներկայանալ և հրապարակայնացնել իր ելույթը:
«Նա ասաց, որ հիմա Ֆրանսիան ռազմական որևէ գործողություն միայնակ չի կարող անել, իր ռազմական ուժերը շատ փոքր են, առավելևս՝ գերտերության դեմ: Եվ նա ասաց, որ կարող են օգնել թրեյնինգի, դիտորդների հարցերում, բայց ռազմական դաշինք, ինչպես մենք կնքել ենք Հունաստանի հետ, իր կարծիքով, հավանական չէ: Նա ռազմական մարդ է, չի ներկայացնում Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը, և ասաց, որ Ֆրանսիան միայնակ ոչինչ չի կարող անել, երկրորդ՝ այս տարածաշրջանից Ֆրանսիան շատ հեռու է, ուստի լավ կլինի, որ Հայաստանն իր հարևանների հետ լեզու գտնի։ Այսինքն, ստեղծի հավասարակշիռ հարաբերություններ»,- Ֆրանսիայի ներկայացուցչի խոսքը փոխանցեց Արթուր Խաչիկյանը։
Այս համատեքստում Արթուր Խաչիկյանը նշեց, որ, եթե Հայաստանն առհասարակ հավասարակշիռ քաղաքականություն ունենար, ավելին կկարողանար ստանալ և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից:
«Բայց քանի որ մենք չկարողացանք ճիշտ հաշվարկել, մեր դիվանագիտությունը ճիշտ տանել, մնացինք մեկուսացման մեջ: Մենք հիմա խնդրողի, աղերսողի դերում ենք, Հայաստանը չպետք է փչացներ իր հարաբերությունները ՌԴ-ի հետ, և առանց հեքիաթների, ռեալ ձևով հարաբերություններ հաստատեր Եվրոպայի և Իրանի հետ: Մինչդեռ Հայաստանը լիովին իր հույսերը կապեց եվրոպական հեքիաթների հետ, և մնացինք այս վիճակում»:
Մանրամասները՝ տեսանյութում