Ֆրանսիայում շուրջ 250 000 մարդ խնդրագիր է ստորագրել ի պաշտպանություն Մարին Լը Պենի
Ֆրանսիայի խորհրդարանի «Ազգային միավորում» աջ կուսակցության խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտնել է, որ Եվրախորհրդարանի միջոցների լվացման մեջ մեղադրանքների ֆոնին իր աջակցության համար արդեն հավաքվել է 250 000 ստորագրություն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Խնդրագիրը, որը ձեռնարկվել է ինձ աջակցելու համար և մի քանի օրում 250 000 ստորագրություն է հավաքել, խաղաղ գործողություն է, որը բոլոր ցանկացողներին թույլ է տալիս արտահայտել իրենց վրդովմունքը։ Այս վրդովմունքն այժմ արտահայտվում է մեր քաղաքական ճամբարից դուրս», – գրել է նա X սոցիալական հարթակում։
Կուսակցությունը խնդրագիրը նախաձեռնել է անցյալ շաբաթ։ Փաստաթղթում ասվում է, որ առաջադրված մեղադրանքներն ուղիղ հարված են քաղաքական շարժման գործի և խոսքի ազատությանը, ինչպես նաև բացահայտ միջամտություն խորհրդարանական կյանքի կազմակերպմանը։
Սեպտեմբերի 30-ին Փարիզում սկսվել է Ֆրանսիայի խորհրդարանի «Ազգային միավորում» խմբակցությունը գլխավորող Լը Պենի, ինչպես նաև կուսակցության ևս 26 անդամի՝ Եվրախորհրդարանի միջոցների լվացման գործով դատական գործընթացը: Քաղաքական գործիչներին մեղադրել են 2004-2016 թթ. հանրային միջոցների ոչ նպատակային օգտագործման մեջ։ Պնդում են, որ նրանք Եվրախորհրդարանի փողերն օգտագործել են խորհրդարանական օգնականների աշխատանքի դիմաց վճարելու համար, որոնք իրականում աշխատել են միայն «Ազգային միավորման» համար։
Լը Պենին, մասնավորապես, մեղադրում են Եվրախորհրդարանի փողերի լվացման կենտրոնացված համակարգ ստեղծելու մեջ։ Ընդհանուր վնասը գնահատվում է 6,8 մլն եվրո։ Մեղադրող կողմը պահանջել է քաղաքական գործչին հինգ տարով արգելել պետական պաշտոններում ընտրվելու իրավունքից։ Եթե դատարանը բավարարի այս պահանջը, ապա նա չի կարողանա մասնակցել 2027 թ. նախագահական մրցարշավին։
Դատախազությունը նաև պահանջել է հինգ տարվա բանտարկություն, որից երեքը՝ պայմանական, իսկ երկուսը` էլեկտրոնային ապարանջանով: «Ազգային միավորում» կուսակցությանը ցանկանում են պարտավորեցնել երկու միլիոն եվրոյի չափով տուգանք վճարել։ Լը Պենից պահանջել են բռնագանձել 300 000 եվրո։Լսումները կտևեն մինչև նոյեմբերի 27-ը, դատավճիռը պետք է հրապարակվի 2025 թվականի սկզբին։