Փաշինյանը թող սարսափի իր արածից՝ մորուքով, թե անմորուք. Աղվան Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց, որ գերիների վերադարձի խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են:
Նրա խոսքով՝ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներից շատերին Փաշինյանը գործընկեր է համարել, հաց կիսել հետները. «Իր բնույթի համաձայն՝ ուրացել ու դավաճանել է: Նիկոլի կամակատար, արժանապատվությունից զուրկ ՔՊ-ականները՝ նույնը: Մեր գերիների վերադարձի խոչընդոտը սրանք են»:
Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ, և ընդգծեց. «Մի քանի տասնյակ երկրներ անկախության հռչակագիր ունեն, այսինքն՝ անկախ պետություն, ինքնիշխանություն: Հիմա պատկերացրեք, որ այս նախադասությունն ասում է ԱՄՆ-ի, Չինաստանի, ՌԴ-ի, Գերմանիայի, Թուրքիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Իսրայելի ղեկավարը: Բայց ինչո՞ւ է սա ասում սա՝ պարզ պատճառով՝ մեր Անկախության հռչակագիրը խանգարում է Ադրբեջանին ու Թուրքիային: Իսկ սրա իշխանության մնալն այսօր ձեռնտու է նույն Թուրքիային և Ադրբեջանին: Ինքնիշխանություն բառի ՔՊ-ական ստուգանաբանություն՝ ինքնիշխանությունն այն է, երբ մենք ենք իշխում: Նաև կամավոր բառի նիկոլական ստուգաբանություն. Ասում է՝ այսօր կամավորը շոշափելի վարձատրություն է ստանում բյուջեից: Բյուջեից վարձատրություն ստացողը կամավոր չէ՝ վարձու աշխատող է, ինչպես Պետրոս Ղազարյանը»:
Աղվան Վարդանյանը հիշեցրեց 2020 թվականի պատերազմի օրերին Փաշինյանի արած հայտարարությունը, թե՝ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու հայերի ցեղասպանությունը. «Հիմա Նիկոլի ասածը դրեք Էրդողանի գիրքը կրծքին սեղմած, լայն ժպտացող լուսանկարի կողքին: Մարդ ինչքան պետք է իշխանության մեռած լինի, որ նման տրանսֆորմացիա ապրի և ամոթից գետինը չմտնի: Հիմա մտածեք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը նման բան կանեի՞ն: Մարդ ինչքա՞ն չպետք է հարգի ինքն իրեն, որ քամելեոն դառնա: Այո, հարգանքի արժանի չեք, ինչ կաք՝ կաք, բայց երբ երկրի ղեկավարներն են այդպիսին, ոչ ոք չի հարգում այդ պետությանը, այստեղ է ողբերգությունը»:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա սարսափում է Վազգեն Սարգսյանի ստվերից և ԱԺ ամբիոնից խոսում մահապարտների մասին. «Փոխանցեք՝ թող ինձնից չվախենա, թող սարսափի իր արածից, մորուքով թե սափրված իր կերպարից: Բնականաբար, սափրվելը հետևանքներ էր ունենալու. Պատկերացնո՞ւմ եք՝ թախանձագին խնդրել է թողնե՞լ պաշտոնները, թե՞ Քաջ Նազարի պես՝ գյադեք, ռադ եղեք, սրանք էլ ռադ են եղել: Նախորդ քառօրյային հայտարարություն էի պատրաստել իրար ուտելու մասին, բայց որոշեցի չասել, չխանգարել: Այսօր պետական ռեպրեսիվ ամբողջ ապարատը, ՔՊ-ականների կեղտոտ քարոզչությունն ուղղված է ընդդիմության դեմ, արդյունքներից դժգոհ է, փորձում է զրո կետից սկսել՝ նույն կանխատեսելի հետևանքներով»:
Մանրամասները՝ տեսանյութում