«Դպրոցը քոքից քանդում են». Բյուրականի Հովհ. Թումանյանի անվան դպրոցում կրքերը չեն հանդարտվում, գործադուլը շարունակվում է
Արդեն չորրորդ օրն է՝ Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում դասապրոցեսը մասնակի է կատարվում, քանի որ դպրոցի ուսուցչական անձնակազմի մեծ մասը գործադուլ է իրականացնում՝ կապված տնօրենի հեռացման հետ։
Այս տարվա մայիսին դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանն աշխատանքից հեռացվել է, փոխարենը նշանակվել է պաշտոնակատար։
Դատարան դիմած Լուսինե Մկրտչյանի՝ պաշտոնին վերականգնելու համար հայցը բավարարվել է, սակայն նրան պաշտոնին չեն վերականգնել, ինչն էլ առաջացրել է կոլեկտիվի զայրույթը։
Բյուրական գյուղի բնակիչ Ղազար Մահտեսյանի երկու երեխաները սովորում են Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, ասում է՝ գարնանից երեխաները նորմալ կրթվելու իրավունքից զրկված են, իսկ վերջին օրերին էլ առհասարակ են զրկվել։
«Այս ամենի նախաբանը սկսվել է մայիս ամսին, երբ տնօրենին մարզպետարանն ապօրինի զգուշացումներ տալով՝ հեռացրեց աշխատանքից, ինչո՞ւ եմ ասում՝ ապօրինի, որովհետև Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ այդպես է արձանագրել։
Տնօրենին հեռացնելու պատճառն այնքան շրիշամակարդակ է եղել, որ պատկերացնելու չէ։ Մազպետարանից այդ օրը եկել են դպրոց, տնօրենը տեղում չի եղել, թուղթ է ներկայացրել, որ բացակայության պատճառը վատառողջ երեխայի մոտ մնալն ու նրան խնամելն է եղել։ Հետո զգուշացում տվեցին, որ ֆրանսերենի դասատուի մրցույթի համար մրցույթ չի հայտարարել։ Այդ մարդիկ զգուշացում են տվել ու հեռացրել աշխատանքից։ Դրանից հետո դպրոցի կոլեկտիվն ասել է, որ իր միջից կընտրի մեկին, ով կպաշտոնավարի այնքան ժամանակ, մինչև տնօրենի վերադարձի համար լինի դատարանի որոշում, քանի որ տնօրենը դիմել էր դատարան։
Ես սուբյեկտիվ կարծիք չեմ հայտնում, այլ խոսում եմ՝ որպես ծնող, ով ուզում է իր երեխան նորմալ դպրոց գնա, սովորի մի միջավայրում, որտեղ մթնոլորտն առողջ է։ Մայիսին մարզպետի հետ եկել են որոշակի համաձայնության, որ դպրոցում իրավիճակը չվատթարացնելու համար տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ընտրեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ղազար Մահտեսյանը։
Նրա խոսքով՝ կոլեկտիվի որոշման արդյունքում դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում դպրոցի ֆինանսական գծով փոխտնօրենը, նա էլ իր հերթին՝ աշխատանքից ազատել է դպրոցի հաշվապահին։
«Մարդիկ եկել, դպրոցը քոքից քանդում են՝ բոլոր առումներով։ Այս պահին 40 անդամից բաղկացած կոլեկտիվից 30-ը դասավանդում չի անում։ Ստացվում է, որ ես՝ որպես ծնող, իմ երեխային ուղարկում եմ դպրոց, առաջին ժամին դաս կա, երկրորդ ժամին չկա, մեկ ժամ պետք է պտտվի կամ գա տուն, հետո երրորդ ժամին նորից գնա դպրոց, ու այսպես շարունակ։ Ես իմ բանուգործը թողած՝ ամեն օր երեխաներին եմ տանում դպրոց ու բերում, ազատ մեկ ժամվա համար ո՞վ է պատասխանատուն, եթե երեխային այդ ընթացքում մի բան լինի, ո՞վ է պատասխան տալու։ Այսինքն՝ երեխան օրը 6-7 անգամ կարող է գնա դպրոց, հետ գա տուն»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ըստ մեր զրուցակցի, այս ամենի պատասխանատուն վերադաս մարմինն է՝ մարզպետարանը, որն Առաջին ատյանի դատարանի որոշումը չի ընդունում։ Պետական ատյանը չի ընդունում դատարանի որոշումը, ինչը, ծնողի խոսքով՝ աբսուրդ է։
«Ամփոփելով ասեմ՝ ապօրինի հեռացվել է տնօրենը, հաշվապահը, հաշվապահը հեռացվել է, որպեսզի չբացահայտի՝ ինչ է այս պահին կատարվում դպրոցում։ Ֆրանսերենի դասատուն ստանում էր 5-6 հազար դրամ, թող գնան բոլոր «սապյորների» մեջ ման գան, 5-6 հազար դրամով դասավանդողի չեն գտնի։ Ես չգիտեմ՝ ինչու են այս մարդիկ «ձվի մեջ մազ» փնտրում, որի արդյունքում խաթարել են մեր երեխաների կրթվելու հիմնարար իրավունքը»,- եզափակեց Ղազար Մահտեսյանը։
168.am-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանն անդրադառնալով Բյուրականի դպրոցում ստեղծված իրավիճակին՝ ասաց՝ այս խնդիրն իրավական է, ո՛չ իրենց, ո՛չ էլ ծնողների դաշտում չէ։
«Դպրոցի տնօրենը ստացել է նկատողություններ, բողոքարկել է՝ դատի է տվել մարզպետի որոշումը երեք հայտով. մեկը կարճվել է միանգամից, մեկը մերժվել է։ Այսինքն՝ մեր նկատողությունը եղել է արդար և ազնիվ, սակայն երրորդ վճռով դատարանը որոշել է, որ դպրոցի տնօրենը պետք է ազատվեր ոչ թե մայիսի 17-ին, այլ 18-ին։ Այսինքն՝ ճիշտ է, որ մեղավոր է, սակայն տեխնիկական մասի պատճառով դատարանը վճիռ է կայացրել, որը կարող է մեկ ամսվա ընթացքում բողոքարկվել, ինչն անում է տնօրենը։
Այս իրավունքից օգտվում է նաև մեր իրավաբանը, այսինքն՝ տվել է բողոքարկման։ Այստեղ զարմանալու որևէ բան չկա, իսկ դպրոցի պահանջն անօրինական է, իրենք ասում են, որ պետք է տնօրենը վերադառնա, եթե դատական պրոցես կա, թող դատարանը որոշի, վճիռ կայացնի՝ կվերադառնա՞, թե՞ ոչ։
Իսկ այն ուսուցիչները, որոնք գրում են, թե իրենք պատասխանատու չեն, ու երեխաներին ուղարկում են տուն՝ պատասխանատվությունը գցելով մարզպետարանի վրա, այդ ուսուցիչները պետք է հասկանան, որ ծառայում են աշակերտներին, այլ ոչ թե որոշ անձանց շահերին։ Այս ամենն իր ավարտը կունենա օրենքի սահմաններում»,- շեշտեց նա։
Ըստ նրա, հենց առաջին օրն են այցելել դպրոց, խոսել են, բայց «որոշ անձինք» փորձում են արհեստական խնդիրներ ստեղծել, մոլորեցնել նրանց, որոնք տեղյակ չեն, թե ինչ է կատարվում։