
Հին վառարանը

Ջեռուցման նոր մարտկոցը հին վառարանին պատմեց, թե մարդիկ ինչ հեշտ են այժմ իր շնորհիվ ապրում:
– Ո՛չ փայտ կոտրելու կարիք կա, ո՛չ վառարան, այսինքն՝ ներիր, քեզ վառելու կարիք: Եվ դա ոչ միայն շնորհիվ ինձ: Տներում այժմ բնական գազ կա, էլեկտրականություն, խոհանոցային կոմբայններ, լվացքի մեքենաներ: Եթե առաջ տնային տնտեսուհին ստիպված էր մի ամբողջ, կամ էլ երկու-երեք օր վատնել այդ գործերի վրա, ապա այժմ մի ժամում անում է:
– Ի՜նչ լավ է,- ուրախացավ վառարանը:- Իսկ մնացած ազատ ժամանակը մարդիկ ինչի՞ վրա են ծախսում:
– Դե՜, շատ բաներ են անում,- սկսեց թվել մարտկոցը,- ավելի երկար են քնում, հյուր են գնում, զվարճանքի կենտրոններ, իսկ գլխավորը՝ հեռուստացույց են նայում:
– Ափսո՜ս,- տխրեց հին վառարանը:- Իսկ մեր ժամանակ, եթե ազատ ժամանակ էր լինում, մարդիկ աղոթում էին, բարիք գործում ու եկեղեցի գնում:
Եվ այլևս չցանկացավ մարտկոցից լսել ժամանակակից կյանքի նորությունները:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի