ԱՆ-ն Արփի Դավոյանի հաղորդման հիման վրա պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին
ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի դեմ հաղորդումը ներկայացրել է՝ 2021թ․ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բողոքի ակցիայի, այսպես կոչված՝ «ողջունելու» գործով դատական նիստերի ձգձգման և վաղեմության հիմքով կարճման համար, գրում է «Փաստինֆոն»:
Ընդ որում, որպես ձգձգում որակել են ընդհուպ ամբաստանյալի՝ սեփական հարսանիքին մասնակցելու համար նիստի հետաձգումը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ ԱԺ «ՔՊ»-ական պատգամավոր Արփի Դավոյանի հաղորդման հիման վրա։ ԲԴԽ-ում այսօր կայացել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը, որի ընթացքում ՀՀ արդարադատության ներկայացուցիչը, ներկայացնելով մանրամասները, հայտնեց, որ 2021 թ․ օգոստոսի 18-ին վարույթ ընդունված քրեական գործը դատավորի կողմից քննվել է շուրջ 2 տարի 6 ամիս և գործով նշանակված 30 դատական նիստերից 16-ը հետաձգվել են՝ այդպիսով գործով դատական նիստերի կայացման նպատակով անհրաժեշտ ջանասիրություն չի ցուցաբերվել, գործը ողջամիտ ժամկետներում չի քննվել, ինչի արդյունքում քրեական վարույթը կարճվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Ըստ ԱՆ-ի՝ դատավորի կողմից մի շարք դատական նիստերի հետաձգումը հիմնավոր չի եղել, ամբաստանյալների և նրանց պաշտպանների՝ նիստերին չներկայանալը չէր կարող համարվել որպես հարգելի, քանի որ չէին ներկայացվել նրանց բացակայությունը հարգելի համարելու համար անհրաժեշտ և բավարար ապացույցներ։ Դատական նիստերը հետաձգվել են նաև ամբաստանյալներից մեկի առողջական խնդիրների վերաբերյալ միջնորդությունների հիման վրա, որոնցից 2-ով նշվել է, որ համապատասխան բժշկական փաստաթղթերը կներկայացվեն լրացուցիչ՝ բժշկական օգնության դիմելուց հետո, սակայն դատավորի կողմից ներկայացված, որպես դատական նիստերի հետաձգման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի համաձայն՝ տվյալ նիստի համար այդպես էլ չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ մյուս դեպքում փաստաթուղթը ներկայացվել է միայն 8 օր անց։
Նախարարության ներկայացուցիչը նաև որպես դատական նիստի հետաձգման պատճառ վկայակոչեց ամբաստանյալ Հրանտ Մարությանի դիմումը՝ այդ օրն իր հարսանեկան միջոցառումը նշանակված լինելու վերաբերյալ, սակայն, լիազոր մարմնի գնահատմամբ՝ սեփական հարսանեկան միջոցառման վերաբերյալ հանգամանքի վկայակոչումը միայն՝ առանց այդ փաստերի առնվազն անուղղակի ապացույցներ ներկայացնելու, չէր կարող հիմք լինել դատական նիստի հետաձգման համար։ ԱՆ-ն նաև հիշեցրեց դատավորներ Աննա Դանիբեկյանի և Վահե Միասկյանի լիազորությունների դադարեցման մասին ԲԴԽ որոշումները։
Դատավորի ներկայացուցիչ Արսեն Սարդարյանի հարցադրումներին, թե դատարանն ինչ պետք է աներ՝ արդյոք բերման ենթարկելու որոշում կայացներ առողջական խնդիրներ ունեցող մարդուն, թե Մեղրիից, Երևանից բոլորին հավաքեր, առանց մեղադրյալի նիստը բացեր, հետաձգեր՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը պատասխան չուներ, նշում է՝ իրականացներ անհրաժեշտ գործողությունները, թե որն է դա՝ չի հստակեցնում։
Իսկ թե արդյո՞ք ճիշտ կլիներ՝ անձին իր իսկ սեփական հարսանիքի օրը բերման ենթարկել դատարան, կալանավորել՝ նախարարությունը կրկին պատասխան չուներ։ ԲԴԽ անդամների հարցադրումներին նախարարության ներկայացուցիչը ևս հստակ պատասխան չտվեց։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն էլ վրդովվեց, նշեց, որ պետք է պատրաստված ներկայացնել, եթե պատրաստ չեն, կարող են նիստ հետաձգել՝ պատրաստվեն։
Դատավոր Նապոլեոն Օհանյանը պատասխանում նշեց, որ վաղեմության ժամկետներն անցել են՝ պայմանավորված գործի քննության կոնկրետ հանգամանքներից ելնելով։
«Ինձ ընդամենը 1 տարի գրեթե 8 ամիս ժամանակ է եղել գործը ավարտելու, և, ինչպես նշվում է, որ գործն ավարտել եմ 2 տարի 6 ամսում, կարելի է դիտել, որ գործը ես ավարտել եմ 1 տարի 8 ամսում, որովհետև 23 հոգու նկատմամբ արդեն որոշում էր կայացվել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, իսկ այն 10 ամիսը վերաբերել է 4 ամբաստանյալի, որոնց կատարած հանցանքը դիտվել է որպես միջին ծանրության հանցագործություն, ու դրան վաղեմության ժամկետները պետք է լրանային 2026 թ․ ապրիլի 22-ին»,- նշեց դատավորը։
Նրա խոսքով՝ գործի սկզբնական փուլում մոտ 7 դատական նիստին մասնակից են եղել 15 պաշտպան, բոլոր եղել են Երևանից, իսկ բուն դատաքննությանը մասնակցել է 3 պաշտպան՝ հետագայում 2-ը, 3 պաշտպաններից 3-ը ներգրավվել են դատաքննության ընթացքում, այսինքն՝ վերջիններիս գործի նյութերի ծանոթանալու համար պետք է տրվեր ողջամիտ ժամկետ։
Թեև նախարարության ներկայացուցիչները պնդում էին, որ գործը բարդ չէ, դատավորը նշեց, որ գործը համարվում է առանձնակի բարդություն ունեցող, ենթակա էր քննության՝ 24 ամսվա ընթացքում։
Ըստ դատավորի և նրա ներկայացուցչի՝ եթե դատարանը ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող անձին բերման ենթարկեր, փաստաբանի բացակայության պայմաններում Երևանից, Մեղրիից անձինք հասնեին Կապան՝ դատական նիստի մասնակցության, որի ընթացքում նախագահողը պետք է ասեր, որ եթե հաջորդ նիստին փաստաբանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթուղթ չներկայացվի, կարգապահական վարույթ կհարուցվի, ապա՝ հետաձգեր դատական նիստը, անձին թույլ չտար մասնակցեր սեփական հարսանիքին, ապա հենց դա կհանգեցներ դատարանի հեղինակազրկմանը։ Դատավորի ներկայացուցիչ Արսեն Սարդարյանը նշեց՝ չի կարծում, որ անձինք ամուսնանան՝ իրավունք չարաշահելու համար։
ԲԴԽ-ն, լսելով կողմերին, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի նոյեմբերի 5-ին, ժամը՝ 10։10-ին։