Դատավոր Նապոլեոն Օհանյանին կարգապահական պատասխանատվության չեն ենթարկի. ԲԴԽ-ն մերժել է

Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։ Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը։
ԶՊՄԿ անվտանգության աշխատակցին սպանած ադրբեջանցին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Անդրեասյանն ընդգծեց, որ որոշումը հրապարակման պահից ուժի մեջ է մտնում ու վերջնական է։

«Ըստ վարույթ հարուցող մարմնի` դատավորն օրենքով սահմանված կարգավորումների շրջանակում պարտավորություն է ունեցել գործը քննել ողջամիտ ժամկետում և ավարտին հասցնել։ Մինչդեռ անհարկի ձգձգումների և նիստերի հետաձգումների բավարար չափով հիմնավորված չլինելու պայմաններում չի կատարել այն ու գործը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճվել է։ ԲԴԽ-ն, դիտարկելով և համադրելով վերաբերելի իրավակարգավորումներն ու դատավորի գործողություններն ու բացատրությունը`եկել է այն եզրահանգման, որ կարգապահական խախտում տեղի չի ունեցել։ Դատավորն իրականացրել է իր լիազորություններից բխող բոլոր անհրաժեշտ դատավարական գործողությունները՝ գործի քննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելու և դատավճիռ կայացնելու համար»,- որպես պարզաբանում նշեց ԲԴԽ նախագահը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով գործի բարդությունը, մասնակիցների քանակը, նրանց դատավարական վարքագիծը, դատավորը հնարավորություն չի ունեցել կայացնել վերջնական դատավճիռ։

Նշենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն է Նապոլեոն Օհանյանի դեմ հաղորդում ներկայացրել՝ 2021 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բողոքի ակցիայի հետ կապված գործի դատական նիստերի ձգձգման և վաղեմության հիմքով կարճման համար։

Լրատվամիջոցները հայտնում էին, որ 2021 թվականի օգոստոսի 18-ին վարույթ ընդունված քրեական գործը դատավորը քննել է շուրջ 2 տարի 6 ամիս և գործով նշանակված 30 դատական նիստից 16-ը հետաձգվել է։

Տեսանյութեր

Լրահոս