Ինչպե՞ս կազդի Ռուսաստանի բանկի որոշումը ՀՀ-ից արտագնա աշխատանքի մեկնածների վրա
Ռուսաստանի բանկի կողմից հիմնական տոկոսադրույքի բարձրացումը կազդի ինչպես Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնածների, այնպես էլ արտահանողների վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 25-ին Ռուսաստանի բանկը հիմնական տոկոսադրույքը տարեկան 19%-ից դարձրեց 21%։ Բանկի հաղորդագրության մեջ նշվում էր, որ գնաճը ՌԴ-ում տեղի է ունենում շատ ավելի արագ, քան ենթադրվում էր հուլիսին, իսկ ապագայի համար նրա սպասումները մնում են բարձր, իսկ գնաճը պայմանավորված է բյուջեի լրացուցիչ ծախսերով:
«Սա խնդիր կարող է բերել հայ արտահանողների համար` նրանք կկարողանա՞ն արդյոք ճշտգրտել իրենց ապրանքների գներն ու բարձրացնել դրանք։ Այստեղ փոխարժեքի հարց է առաջանում։ Արտահանման դեպքում գնաճը մեր օգտին է աշխատում` որոշակիորեն ճշտգրտման դրական պոտենցիալով»,- ընդգծեց Գալստյանը։
ՀՀ ԿԲ նախագահի կարծիքով` աշխատաշուկայում այդ իրավիճակն ավելի կնպաստի աշխատավարձերի բարձրացմանը։ Դա նպաստավոր կլինի նաև մեր հայրենակիցների համար, որոնք հիմնականում աշխատում են շինարարության և ծառայությունների ոլորտներում, որպեսզի որոշակի փոխհատուցում ստանան։
Մարտին Գալստյանը վստահ է, որ ՌԴ աշխատաշուկայում կա հսկայական պահանջարկ աշխատանքային ռեսուրսների նկատմամբ, որը համալրվում է ոչ թե խելամիտ առաջարկով, այլ հիմնականում արտացոլվում է աշխատավարձերի բարձրացմամբ։
«Դրանով պայմանավորված` ՌԴ ԿԲ–ն ստիպված փորձում է տոկոսադրույքը բարձրացնելու միջոցով որոշակիորեն զսպել այդ պահանջարկը։ Տոկոսադրույքի բարձրացումը դեռ կարող է շարունակվել, ու անհրաժեշտություն լինի գնաճային սպասումները խարսխելու նոր քայլեր ձեռնարկել»,– նշեց Գալստյանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ-ում 2024 թ. 9 ամսում գնաճը շարունակում է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակի վրա` սեպտեմբերին կազմելով 0.6 տոկոս։