«Շողակաթ» հ/ը-ն միայն միտինգներ է լուսաբանում. ՔՊ-ականները դժգոհ են, առաջարկում են՝ գումարները կրճատել
«Շողակաթ» հեռուստաընկերության, ինչպես նաև Հանրային ռադիոյի ֆինանսավորմամբ գործող անսամբլների լինել-չլինելու հարցը ԱԺ-ում 2025 թ. պետբյուջեի քննարկմանը բուռն բանավեճի առիթ հանդիսացավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի միջև։
Նախ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հայտարարեց, որ Հանրային ռադիոյի բովանդակությունն իր համար անհետաքրքիր է։
«Նույնը վերաբերում է «Շողակաթ» հեռուստաալիքին, որը պետք է հոգևոր-մշակութային հաղորդումներ անի, սակայն բավական միատարր հեռուստաընկերություն է, որ ներկայացնում է միայն Հայ առաքելական եկեղեցուն»,- ասաց նա։
Վարդանյանն առաջարկում է «Շողակաթը» փակել ու գումարներն ուղղել Հանրային ռադիոյի արդիականացմանը։
Արա Շիրինյանը նախ հիշեցրեց, որ հանրային ռադիոյի բյուջեի ֆինանսավորմամբ 4 անսամբլ է իր գործունեությունն իրականացնում` հնագույն երաժշտության, «Սայաթ–Նովա» ժողգործիքների` Թովմաս Պողոսյանի և Ռուբեն Մաթևոսյանի ղեկավարությամբ, սիմֆոնիկ–էստրադային` Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ, «Արևիկ» մանկական անսամբլ Վահե Հայրապետյանի ղեկավարությամբ։
«Եթե հայկական նվագարաններ որևէ մեկը չնվագի, անսամբլ չլինի, չձայնագրվի այդ երաժշտությունը, այդ գործիքները կդադարեն կենդանի լինել, մանավանդ պարբերաբար լսում ենք, որ այս կամ այն կրթօջախում այս կամ այն գործիքի խումբ չի բացվել։ Օրինակ` Կոնսերվատորիայում քանոնի ոչ մի դիմորդ չի եղել»,- ընդգծեց Շիրինյանը։
Անդրադառնալով ««Շողակաթը» փակել, գումարներն ուղղել Հանրային ռադիոյին» մտքին, Շիրինյանն այդ մոտեցումը որակեց որպես «պանիկայի մեջ ինչ-որ գործողություններ»։
«Ես չեմ կարծում, որ Հանրային ռադիոն և «Շողակաթն» աշխատում են անարդյունավետ. նրանք աշխատում են իրենց կարողությունների չափով, երբեմն` ավելին։ Եթե մշակութային հեռուստաալիք չլինի, ապա մեր հասարակությունը կդառնա քաղաքական կուսակցությունների հասարակություն»,- ընդգծեց Շիրինյանը։
Նրան հակադարձեց ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը` ասելով. «Տեղ տալ մի կրոնական կազմակերպության (Հայ առաքելական եկեղեցի–խմբ.), որն ամենևին բոլոր քաղաքացիներին չի ներկայացնում ու Հայաստանի բազմազանությունը չի ներկայացնում, խտրականացնում է փոքրամասնություններին, որոնց հետ կապված մենք խնդիր ունենք։
«Շողակաթը» միտինգներ է լուսաբանում ու Հայ դատի գրասենյակի հայտարարություններն է տարածում` Սրբազան պայքարին աջակցող։ Ու սա եղավ մշակութային ալի՞ք»։
Միջամտեց նաև ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը. «Եկեղեցական ո՞ր Կտակարանում է` Հի՞ն, թե՞ Նոր, որտե՞ղ է ասված, թե ցույցերը մշակութային միջոցառումներ են… Ու ռեպորտաժ են անում, որ սահմանազատման գործընթացը դավաճանական է»։
Շիրինյանը ևս մեկ անգամ շեշտեց` «Շողակաթը» մշակութային ալիք է, այլ ոչ թե կրոնական։
«Եթե խոսքը գնում է «Եկեղեցական կյանք» հաղորդման մասին, որտեղ հնարավոր է ռեպորտաժ մի իրադարձության մասին, որը կրոնական բնույթ ունի, դա դեռ չի նշանակում, որ այն կրոնական ալիք է։ Ես չեմ տեսել «Շողակաթով» քաղաքական ցույցի լուսաբանում, դա չի համապատասխանում իրականությանը»,- փոքր-ինչ բարկացած ասաց Շիրինյանը։
Նշենք, որ Արա Շիրինյանը 2004–2018 թթ. եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության ռեժիսոր։ 2019 թ. ապրիլի 4–ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ: