Եթե պետական բյուջեն բոլորի ընտանեկան բյուջեն է, ինչո՞ւ են ընտանիքի որոշ անդամներ՝ հանձինս քպ-ականների, հարստանում, մյուսները՝ աղքատանում

Այլևս պարզ է, որ այս տարվա պետական բյուջեն կառավարությունը տապալել է։ Կթերակատարվեն՝ ինչպես եկամուտները, այնպես էլ՝ ծախսերը։

Աննախադեպ է հատկապես եկամուտների թերակատարումը։ Միլիարդավոր դրամների պլանավորված եկամուտներ չեն ստացվելու. 9 ամսում բյուջեում 150 մլրդ դրամի պակասուրդ է ձևավորվել։

Այսպիսի հսկայական  թերակատարման բեռով է կառավարությունը մոտեցել հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումներին։ Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկումների մեկնարկի իր բացման խոսում, փոխարենը պատասխան տալու, խոսելու այս տարվա բյուջեն ձախողելու, հարկերը հավաքագրել չկարողանալու, տնտեսությունը կոլապսի հասցնելու, ու ըստ այդմ՝ հաջորդ տարվա բյուջեի համար խնդիրներ ստեղծելու մասին, Նիկոլ Փաշինյանը որոշել էր խոհափիլիսոփայական դատողություններ անել բյուջեի ու դրա ձևավորման վերաբերյալ։ Ասում է՝ պետական բյուջեն բոլորիս, յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան մեծ բյուջեն է, որ ձևավորվում է բոլորիս վճարած հարկերից։ Որքան շատ հարկեր վճարենք, այնքան շատ ծախս կարող ենք անել։

Քաղաքացուց պահանջում են շատ վճարել, որպեսզի էլ ավելի շատ կարողանան բավարարել իրենց քմահաճույքները։ Իսկ քաղաքացին, ինչպես սովորաբար լինում է, կշարունակի մնալ ձեռնունայն։ Դրա համար էլ բուն բյուջեին Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չանդրադարձավ։ Մեկ այլ պարագայում պոպուլիզմը «խոդ» էր տվել։ Այս անգամ ոչինչ չասաց։ Հայտարարեց, որ ոչինչ չի ասելու բյուջեի մասին, ոչ մի թիվ չի հնչեցնելու։ Թե ինչո՞ւ, պարզ է՝ ասելիք չկա, սպասելիք՝ ևս։ Այս տարվա բյուջեն ձախողել են՝ խնդիրներ ստեղծելով հաջորդ տարվա բյուջեի համար։

Կարդացեք նաև

Զարմանալի չէ, որ հաջորդ տարվա բյուջեի սպասումներն ուղղակիորեն կրում են այս տարվա ձախողումների ազդեցությունը։ Դա նկատելի է հատկապես եկամուտների ու հարկային եկամուտների պարագայում։ Այս տարվա համար հաստատված բյուջեի նկատմամբ կառավարությունը չափազանց համեստ եկամտային աճ է նախատեսել։ Բյուջեի եկամուտները հաջորդ տարի նախատեսում են ավելացնել ընդամենը 5,5 տոկոսով։

Ընդամենը 5,6 տոկոսի աճ է ակնկալվում նաև հարկային եկամուտների մասով, չնայած մի շարք ոլորտներում կատարած օրենսդրական փոփոխությունների արդյունքում հաջորդ տարվա սկզբից հարկային բեռի կտրուկ ծանրացում է նախատեսվում։

Կավելանա ոչ միայն ենթաակցիզային ապրանքների հարկային բեռը, այլև կկրկնապատկվի շրջանառության հարկը։ Բազմաթիվ ոլորտներ դուրս կգան միկրոձեռնարկատիրության ու շրջանառության հարկի դաշտից և կմտնեն անհամեմատ ավելի ծանր՝ ընդհանուր հարկային համակարգ։

Դրանով հանդերձ, կառավարությունն այս տարվա համար հաստատված բյուջեի նկատմամբ եկամուտների համեստ աճ է ակնկալում։

Եկամուտների համեստ աճի պարագայում կառավարությունը կտրուկ ավելացրել է բյուջեի դեֆիցիտը, որպեսզի կարողանա պարտքերի հաշվին կատարել ծախսերը։ Պատրաստվում է աննախադեպ 609 մլրդ դրամի հասնող պարտքեր վերցնել՝ բյուջեի ճեղքը փակելու ու ծախսերը ֆինանսավորելու համար։

Նախկինում երբևէ բյուջեի այսպիսի հսկայական դեֆիցիտ չի եղել։ Այս տարվա համեմատ՝ բյուջեի դեֆիցիտը կավելանա ավելի քան 26 տոկոսով կամ 126,5 մլրդ դրամով։

Բյուջեի եկամուտների ու ծախսերի տարբերությունը փակելու համար ներգրավվող պարտքերը, սակայն, ոչնչով չեն ծառայելու սովորական քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը։ Նրանց կյանքում այս բյուջեի նախագծով որևէ դրական տեղաշարժ կամ բարելավում չի սպասվում։

Չի նախատեսվում աշխատավարձերի, նաև նվազագույն աշխատավարձի որևէ բարձրացում։ Նվազագույն աշխատավարձն ինչպես եղել է վերջին երկու տարիներին՝ կշարունակի մնալ 75 հազար դրամ։

Հաջորդ տարի չի նախատեսվում նաև կենսաթոշակների ու նպաստների բարձրացում։ Այնպես, ինչպես եղավ այս տարի։ Ավելին՝ նպաստների նշանակման համակարգում կներդրվեն նոր չափանիշներ, որոնց պարագայում շատերը կզրկվեն նպաստ ստանալու հնարավորությունից։

Նվազագույն աշխատավարձի, կեսնաթոշակի, նպաստի չափերը չեն ավելանա, կմնան նույնը, իսկ կյանքը կշարունակի թանկանալ։ Պաշտոնական գնաճը կանխատեսվում է 3,5 տոկոս։ Եթե այս տարվա գրեթե զրոյական գնաճի ազդեցությունն է գների ու քաղաքացիների վրա այսպիսին, դժվար չէ պատկերացնել, թե այն ինչպիսին կլինի ակնկալվող 3,5 տոկոսի պարագայում։

Քաղաքացիների, հատկապես հարյուր-հազարավոր սոցիալական խոցելի խմբերի ու անապահովների վրա ֆինանսական ճնշումը կմեծանա ոչ միայն՝ գնաճի ու թանկացումների, այլև՝ ուղղակի հարկադիր ծախսերի ու հարկային բեռի ավելացման հետևանքով։ Հաջորդ տարի էլ կառավարությունը նրանց համար եկամուտների որևէ ավելացում չի նախատեսում, փոխարենը՝ տարբեր եղանակներով կավելացնի ֆինանսական բեռը։

Այնպես որ, շատերը ստիպված կլինեն ավելի վատ ապրել, քան ապրում էին այս տարի։

Այսպիսին է Նիկոլ Փաշինյանի կառավարության բյուջետային քաղաքականությունն այս մարդկանց նկատմամբ։ Քաղաքացիներից պահանջում են վճարել հարկերը, պետական բյուջեն համարում են քաղաքացու ընտանեկան բյուջեն, բայց ծախսում են իրենց հայեցողությամբ, քաղաքացուն հաշիվ չեն էլ տալիս։ Եթե պետական բյուջեն բոլորի ընտանեկան բյուջեն է, ինչո՞ւ են ընտանիքի որոշ անդամներ՝ հանձինս քպ-ականների, հարստանում այդ բյուջեի հաշվին, իսկ մյուսները՝ աղքատանում։

Ինչպես միշտ, երբ հարցը հասնում է քաղաքացուն, բյուջեում փող չկա, իսկ իրենց աշխատավարձերի, պարգևավճարների, թանկարժեք ավտոմեքենաների, աշխատասենյակների վերանորոգում-կահավորումների, շրջագայությունների, տասնյակ մեքենաների շարասյուներով պետության հաշվին քարոզչական այցերի մեկնելու, քեֆ-ուրախությունների, ճոխ ընդունելությունների, անիմաստ միջոցառումների ու արշավների կազմակերպման համար բյուջեում միշտ փող գտնվում է։

Սա է կառավարության ու այս իշխանությունների վերաբերմունքը քաղաքացիների ու հատկապես սոցիալապես անապահով քաղաքացիների՝ կենսաթոշակառուների, նպաստառուների, ցածր աշխատավարձ ստացողների նկատմամբ։ Նրանք առանց այդ էլ մի կերպ են գոյատևում այս համատարած բարձր գների ու թանկացումների պայմաններում, հաջորդ տարի կրկին ստիպված են լինելու ձգել գոտիները։ Մինչդեռ իշխանությունները կշարունակեն ապրել վայելքների մեջ, հարստանալ պետական բյուջեի հաշվին, իրենց քմահաճույքների վրա շռայլել հարկատուների վճարած հարկերն ու բյուջեի գումարները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս