Ինչի՞ համար ենք Ակադեմիական քաղաք սարքում, ո՞րն է նպատակը, դրանով ինչի՞ ենք հասնելու․ Կարեն Քեռյան
Մարդիկ բաժանվում են երկու խմբի․ նրանք, ովքեր կարողանում են հաշվել, և նրանք, ովքեր չեն կարողանում։ Առաջին խմբին է պատկանում մեր այսօրվա զրուցակիցը՝ ԲՈԿ նախկին նախագահ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Կարեն Քեռյանը։
– Դպրոցական տարիներից սիրել և սովորել եք մաթեմատիկան։ Դժվարությունների չե՞ք հանդիպել։
– Դժվարությունները և դրանք հաղթահարելու փորձերն ինձ ոգևորել են։ Եթե դժվարություն չլիներ՝ այդ ամենով զբաղվելը հետաքրքիր չէր լինի։ Կյանքում էլ է այդպես։ Անկախ նրանից, թե որ ոլորտում ես, եթե դժվարությունների չես հանդիպում, նշանակում է՝ մի բան այն չէ։
– Մաթեմատիկան բարդ գիտություն է, ու, եթե կողքից քեզ հետևող հարևանի նման նայես՝ ոչինչ չես հասկանա։ Ինչպե՞ս կարող են առարկան հեշտ սովորել աշակերտները։
– Եթե երաժշտությունն էլ լսենք, չփորձենք նվագել կամ ստեղծագործել, ոչինչ չի ստացվի։ Կարևոր է, որ համապատասխան միջավայր լինի, որը կոգևորի։ Անհրաժեշտ է նաև ներքին մղում։ Եթե խոսենք դասավանդման մասին, ապա այն ինքնին արվեստ է։ Պետք է հասկանաս, թե ունկնդիրների ո՞ր մասն է հասցնում ընկալել քո խոսքը, ո՞ր մասը՝ ոչ։ Պետք է միշտ հարց տալու, սխալվելու հնարավորություն տաս։
– Երբ զրուցում ես ԽՍՀՄ տարիներին դպրոց հաճախած մարդկանց հետ, մեծ մասն ասում է, որ բոլորը կարողանում էին խնդիրներ լուծել, սակայն 90-ականներից սկսած այդպես չէ․ հասկացողը հասկանում է, չհասկացողն այդպես էլ մնում է։ Սա ինչի՞ հետ է կապված, ուսուցիչների՞ խնդիրն է։
– Կարևոր է, թե ում ենք բերում համակարգ։ Ինչքանո՞վ է իրենց համար այդ գործն արժևորված, ինքնակատարելագործվո՞ւմ են, թե՞ ոչ։
– Մարզերի դպրոցներում մաթեմատիկայի ուսուցչի թափուր հաստիքներ կան։ Ո՞ւր են գնում բաժինն ավարտած ուսանողները։
– Տարբեր տեղեր։ Այնպես չէ, որ բաժինն ավարտողների դեպքում մեր նպատակը բոլորին մաթեմատիկոս դարձնելն է։ Մի քանի տոկոսն է, որ պրոֆեսիոնալ մաթեմատիկոս է դառնում, զբաղվում գիտությամբ։ Կարող են մտնել բանկային համակարգ, ՏՏ ոլորտ։
– Մանկավարժությունը, կարծես թե, ուշադրություն չի գրավում։
– Այո, խնդրահարույց հարց է։ Որքան էլ հիմա փոփոխություններ են արվում, որ այն գրավիչ դառնա, կարծում եմ՝ այլ մեթոդներ ևս կարելի է կիրառել։ Բուհի հետ կապված օրինակ բերեմ․ եթե փորձենք մեկ դրույքով երիտասարդ դասախոսների ներառելու քայլեր կատարել՝ ամենայն հավանականությամբ կձախողենք, սակայն, եթե փորձենք արդյունաբերության ոլորտում աշխատողներին ներառել դասավանդման մեջ, այս պահին դա ավելի իրատեսական սցենար է։ Մարդիկ, տեսական գիտելիքից բացի, պրակտիկայում տեսնում են, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել։ ԵՊՀ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրում փորձել ենք, որ այդ կապն ուժեղ լինի։
– Նախորդ տարի ԵՊՀ «Մաթեմատիկայի» ֆակուլտետի առաջին կուրսում գերազանցիկ չէր եղել, ու սա կապել էին տարկետման հետ, քանի որ ընտրել են բաժինը՝ ծառայությունից խուսափելու կամ ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայելու համար։ Հետո պարզվեց, որ մաթեմատիկան բնագիտական առարկաների թվում չէ։ Կա՞ անհրաժեշտություն։
– ԲՏՃՄ-ի «Մ»-ն մաթեմատիկան է։ Տարկետման կարգ էր մշակվել, բայց հետաքրքիրն այն է, որ արդեն երկրորդ տարին է՝ մաթեմատիկայի դեպքում տարկետում չկա, ու այս պահի դրությամբ ոչ մի կարգ դեռևս չի շրջանառվում, որը կասի, որ հաջորդ տարի այդ տեղն ունենալու ենք։ Հուսով եմ, այս տարվա ընթացքում այդ հարցերը կլուծվեն։ Կան մարդիկ, ովքեր մաթեմատիկայի օլիմպիադայում հաջողությունների են հասել, ու տարկետում ստանալու նրանց հնարավորությունը կամ այլ մասնագիտություն ընտրելն է, կամ արտերկիր մեկնելը։ Զավեշտալի իրավիճակ է։ «Քիմիայի» ֆակուլտետում կարող են շատ ցածր, 17 միավոր ստանալով՝ անվճար նստել ու տարկետում ստանալ։ Սա այն է, ինչ տեղի է ունեցել 2023թ․։ Տարկետման կարգը լավագույններին պետք է հնարավորություն տար ընդունվել բուհ կամ ապահովել ուսուցման շարունակականությունը, բայց հիմա այդ կարգը ծառայում է նրան, որ գալիս են մարդիկ, ովքեր այլ ուղղությամբ գնալով՝ կարող էին հաջողության հասնել։ Ոնց որ փորձենք՝ տեսնելու, թե կրիան ո՞ր ծառը լավ կբարձրանա։
Մեզ պետք է ունեցած պոտենցիալն այնպես օգտագործել, որ ՀՀ-ի համար տնտեսությունից սկսած՝ վերջացրած գիտությամբ, օգտակար լինի, ոչ թե՝ ովքեր մաթեմատիկայից են ուժեղ՝ գնան ֆիզիկայով զբաղվեն, քիմիայի ֆակուլտետում էլ սովորեն մարդիկ, ովքեր մի կերպ դրական միավոր են ստանում։ Ինչի՞ է պետք նման մարդկանց տարկետում տրամադրելը, հարկատուների հաշվին նրանց ուսման վարձը փակելը։ Հիմա, եթե մեր ռեսուրսներն այդպես վատնում ենք, ո՞նց ենք ակնկալում, որ ասպիրանտների, գիտնականների թվի շատացում պետք է լինի։ Գիտությամբ զբաղվելու գրավչությունը միայն ֆինանսավորումը չէ։
Վերջերս Ագրարային համալսարանում 70.000 դրամի կրթաթոշակ էին տալիս, ու պարզվեց՝ ինչ-որ հետաքրքիր ուսանողներ են այնտեղ հայտնվել։ Պատճառն այն է, որ պարզ լուծումը, որ փող տանք՝ կգան, կարճաժամկետ է ու գրավչություն չի ապահովում։ Այլ է, որ բովանդակություն լինի, իմանանք, որ այս տիպի մասնագետներ ենք ունենալու այս բնագավառներում՝ այսքան աշխատավարձով, մեկ այլ բան է, որ՝ եկեք փող տանք, դրա համար կգան։ Սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է։
– Շուրջ երկու տարի ղեկավարեցիք Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ), սակայն պաշտոնից հեռացանք նրա համար, որ այն միացվեց Գիտության կոմիտեին, ու որոշումն իրագործվեց՝ առանց Ձեզ հետ քննարկման։ Ճի՞շտ էր այս երկու տարբեր կառույցի միավորումը։
– Միավորեցին երեք կառույց՝ ԲՈԿ-ը, Գիտության կոմիտեն և Բարձրագույն կրթության վարչությունը։ ԲՈԿ-ն ու Գիտության կոմիտեն իրար հակակշռող պետք է լինեին ու չպետք է լինեին նույն կառույցում։ Մեկը ոստիկանական կառույց է, մյուսը՝ ոլորտը զարգացնող, ու այս ամենը մեկտեղել ԿԳՄՍ նախարարությունում ներառված կոմիտեում, հազար ու մեկ խնդիր է առաջացնում։ Պարզապես ներքին հակակշիռներ արդեն չկան։ Տասնյակ երկրներում Բարձրագույն կրթության և գիտության նախարարություններ են գործում, ոչ թե նախարարության ներքո նման մարմիններ։
Ըստ էության, շատ ստորադասված վիճակում է հիմա տվյալ ոլորտը, իսկ մյուս կողմից, կարծես, այդ ամենը տնտեսության հետ կապելու, առարկայացնելու և ՀՀ կարիքների համար ծառայեցնելու խնդիր կա։ Այս պահին կոմիտեն այդ հարցերով չի զբաղվում և չի էլ կարող։ Եթե նույնիսկ հրապարակումների քանակը տասնապատկվի, որակն էլ լավանա, միևնույն է՝ դրանք կլինեն տեսական բնույթի, և դրա հաջորդող քայլերն ապահովող օղակներ չկան, ինչը կարևոր հարց է։ Հիմա ֆինանսավորվում են այն ուղղությունները, որոնց մասնագետները կան։ Գումարի մի մասն էլ տրվում է նրան, որ տեսնում ենք՝ կարող է այս մի հարցը լուծել, տնտեսական օգուտ բերել։
– Դե, կասեն՝ այս կամ այն ուղղությամբ զբաղվող մասնագետներ չկան, դրա համար էլ գումար չենք հատկացնում։
– Շատ լավ։ Դրա համար հարկավոր է մասնագետներ բերել, ինչը դժվար է, որովհետև մարդիկ ուզում են, որ իրենց կողքին գտնվեն այնպիսիները, որոնց հետ կարող են քննարկումներ վարել, հետազոտություններ կատարել ու դժվարություններ հաղթահարել։ Ամեն ուղղությամբ մասնագետ պետք չի բերել․ դա կարող է լինել ռազմարդյունաբերությունը, սննդային անվտանգությունը, գյուղատնտեսության, Սևանա լճի հետ կապված հարցը և այլն։
– Այո, երբեմն անհրաժեշտ է դրսում բնակվող մեր հայրենակիցներին խնդրել, որ վերադառնան, այստեղ աշխատեն, բայց տպավորություն է, որ խնդրելու դեպքում էլ չեն գա, որովհետև արտերկրում բարձր աշխատավարձ են ստանում։ Սա ինչպե՞ս կարելի է կարգավորել։
– Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն (FAST) էր նման ծրագիր սկսել։ Կարևոր է, որ ցածր կուրսերից սկսած՝ կարողանան շփվել դրսի գիտնականների հետ։ Կազմակերպչական հարցերի համար մեզ մոտ շատ ռեսուրս չի դրվում։ Օրինակ, հեռավար լաբորատորիայի գրանտը 5 տարվա համար 100 մլն-ից ավելի է։ Մի կողմից՝ շատ լավ է, բայց մյուս կողմից՝ կարող են նմանատիպ գումարներով այլ հարցեր ևս լուծել, որոնց անհրաժեշտությունը կա և էֆեկտիվությունը կարող է էլ ավելի բարձր լինել։
– Փորձում էիք պայքարել գրագողության դեմ, անգամ «գողերին» բռնող ծրագիր էր ստեղծվել։ Քանի՞ «գողի» ձեռքից բռնեց ծրագիրը։
– Գրագողության մի քանի դեպք գտել էինք, տարօրինակ գրագողության դեպքեր էլ էին եղել։ Իհարկե, գրագողության դեմ պայքարելը շատ կարևոր է, սակայն առավել կարևոր է ունենալ այնպիսի մասնագետներ, ովքեր որակյալ արտադրանք են ստեղծում։ Եթե գրագողություն չանեն, բայց միևնույն է՝ շրիշակից մի քիչ բարձր որակի թեկնածուականներ ունենանք, դա մեզ ոչ մի տեղ չի տանում։ Հարցը միայն գրագողության մեջ չէ։ Ցավոք, գրագողության դեպքեր եղել են ու էլի կլինեն, բայց շատ ավելի կարևոր է, թե ի՞նչ որակի թեկնածուականներ ենք ունենում։
– Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման էր ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Քննարկումներ կային, բայց քչերն են այդ հարթակում կարծիք հայտնել։ Որո՞նք են դրական ու բացասական կետերը։
– Բնականաբար, դրականն էլ կա, բացասականն էլ։ Եթե ոչ բովանդակային կողմին ուշադրություն դարձնենք, ապա 3000 հոգի կողմ է քվեարկել նախագծին, ինչը, կարծում եմ, որ լցոնում է։ Հարթակում, ըստ էության, քննարկումներ չեն լինում, այնինչ դրա համար է նախատեսված։ Ընդամենը տեղեկանում ես, որ այսպիսի նախագիծ կա, որը, հնարավոր է, որ ընդունվի։ Այս օրենքի նախագծի վերաբերյալ ավելի շատ քննարկումներ պետք է լինեին գիտական, կրթական միավորների հետ, քան արվում է։
Նշված է, որ բուհը պետք է ունենա 4000 ուսանող։ Հեչ հասկանալի չէ, թե այդ թիվը որտեղի՞ց է առաջացել։ Միանալու են գիտական ու կրթական հաստատությունները, որ դրամաշնորհներից օգտվեն, ու այն թողել են կազմակերպության որոշմանը, թե գումարի քանի՞ տոկոսը կտրամադրի։ Օրենքում գրված է, որ տվյալ բուհը ոնց որոշի, այդպես էլ կլինի։ Բուհը կարող է որոշել ու վերցնել 50 տոկոսը, և վերջ։ Դա լուրջ խնդիր կարող է առաջացնել։ Օրենքի նախագծում գրված է, որ տնօրենները պետք է քաղաքականապես զսպված լինեն։ Աբսուրդ է։ Մտավորականության բացը հենց այդտեղ է․ մարդիկ, ովքեր հասել են տարբեր հաջողությունների՝ պարզապես զուսպ են։ Ոչ մեկն իրենց չի զսպում, բայց զուսպ են։ Հիմա դա օրենքով ամրագրելը հասկանալի չէ։
– Ստորադասվում է ԳԱԱ-ն։ Դերը զրոյացվելու է ինստիտուտների և բուհերի միացման դեպքում, ինչպես նաև՝ մասնավոր բուհերն են փակվելու, քանի որ 4000 ուսանող անգամ պետական բուհերում չկա։ Եվ շատ երիտասարդներ, ովքեր ուսման բարձր վարձերի պատճառով պետական բուհերում չեն սովորում, մասնավորից էլ կզրկվեն, ու գուցե վաղվա մաթեմատիկոսների կորցնենք։
– ԳԱԱ-ն շատ ավելի լայն գործառույթներ կարող է իրականացնել, և այդ գործիքից հրաժարվելն իրոք աղետալի հետևանքների կարող է բերել։ Այս պահին էլ բուհերն իրար շատ մոտ են։ Բերեմ մեր մագիստրոսական ծրագրի օրինակը. այն գործում է մեր ֆակուլտետում, բայց ֆակուլտետի և այլ ծրագրերի դասախոսների միջև կապն այնպես չէ, որ ուժեղ է, որովհետև համագործակցության կարիք երբ լինում է՝ կապը լինում է, չի լինում՝ կապը չկա։ Այնպես չէ, որ բոլորը մեկտեղենք՝ գիշեր-ցերեկ իրար հետ համագործակցելու են։ Այդ ամենը կարելի է լավ ձևով անել՝ մի քանի բուհերի համագործակցության, հետազոտություն անելու դեպքում տալ դրամաշնորհներ, մոտիվացնել մարդկանց, մոտեցնել իրար, ոչ թե նստեցնել մի սենյակում ու ասել, որ՝ դե, մի սենյակում են՝ կհամագործակցեն։
ԳԱԱ-ն կարող էր դա անել՝ կամրջեր տարբեր ինստիտուտներ, ու այս կամ այն խնդրով զբաղվելու պետական պատվեր իջեցվեր ԳԱԱ, որը փորձեր ապահովել, կամ հետազոտությունները ԳԱԱ-ի միջոցով արվեին։ Գիտության ֆինանսավորումը մինչև 2018թ. ցածր է եղել․ ի՞նչ է, պետք է որոշեինք փակե՞լ Գիտության կոմիտեն։ Հիմա ԳԱԱ-ն են փակում՝ ասելով, որ էֆեկտիվությունը ցածր է։ Դրա համար պետք է կարողանալ բուժել։
– «Բժիշկը» կարծես «Ակադեմիական քաղաքն» է։ Իսկապե՞ս կրթությունն ու գիտությունը կզարգանան, երբ այն կառուցվի։
– Ինչի՞ համար ենք Ակադեմիական քաղաք սարքում, ո՞րն է մեր նպատակը։ Դրանով ինչի՞ ենք հասնելու։ Այդ հարցերի պատասխանները չունենք։ Նույն ձևով ո՞նց ենք աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում 4 բուհ ունենալու։ Լավ, ունեցանք, չնայած չեմ հավատում, որ նման բան կլինի, բայց դա մեզ ի՞նչ է տալու, եթե ոչ կարճաժամկետ, ոչ երկարաժամկետ օգուտները չենք ասում։ Ի՞նչ է լինելու մեր ՀՆԱ-ն, ինչպե՞ս է աճելու ռազմարդյունաբերությունը։ Ոչ մի ցուցանիշ չենք դնում, թե ռեալ ի՞նչ օգուտներ ենք քաղելու։
Այս պահին այն քաղաքաշինական նախագիծ է, ու բովանդակային իմաստով դրան պատրաստվելը շատ ծանր գործ է ու դա ամենաքիչը մեկ տասնամյակի գործ է։ Ոչ հասկանում ենք՝ մեգանախագիծն ի՞նչ հարցեր է լուծելու, ոչ՝ ո՞վ է այս ամենն իրականացնելու, ինչպե՞ս է ազդելու մեր ապրելակերպի վրա։ Աստված չանի՝ ձախողվի․ նախագծի օգտագործման երկրորդ ձևը գիտե՞նք։ Ի՞նչ է լինելու տարածքի հետ։ Սարքեցինք 60.000-ի համար, 30.000-ը ունեցանք, ի՞նչ ենք անելու։ Ռիսկերը չգնահատելը ու ամենը մեկտեղելը հազար ու մի վտանգներով է լի։ Ի վերջո, համակարգերը կարևոր են, բայց եթե համապատասխան անհատները չկան, այն կարող է մեկ անհատի ձեռքում վատ օգտագործվել, և հակառակը՝ կարող է այդքան էլ համակարգված չլինել, բայց ինչ-որ անհատներ լավ համակարգեն։
– Մեր զրույցը դրական նոտայով ավարտենք։ Նայում ենք նկարին՝ հասկանում ենք, տեսնում ենք գեղեցկությունը, լսում ենք երաժշտություն՝ հավանում ենք, նույնը՝ պոեզիայի դեպքում։ Ո՞րն է մաթեմատիկայի գեղեցկությունը։
– Մտքի թռիչքը, երբ տեսնում ես, թե ինչպե՞ս է մարդը հասկանում, թե ինչպե՞ս կարելի է այս կետից մյուսը հասնել։ Շատ ժամանակ այդ ճանապարհները չեն երևում, ուղիղ չեն, ու նման բան կարող է արած չլինեն։ Մյուս կողմից՝ կարող է ինչ-որ ճանապարհներ ստեղծված լինեն ու մարդիկ կարողանան գտնել այդ ճանապարհն օգտագործելու եղանակները, որոնք տասնամյակներով, հնարավոր է՝ մյուսները չկարողանային գտնել։