Կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելելու գործում կանայք ավելի իրազեկ են դարձել
Հանրապետությունում տարեցտարի նկատելի է դառնում այն, որ կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելելու համար կանայք ավելի հաճախ են գնում հետազոտությունների։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ տարիներ առաջ, երբ նոր էր իրենց կենտրոնը գործում, օրական ունենում էին 2-3 այցելու։ Այսօր այդ պատկերը զգալիորեն փոխվել է։ «Ժամանակի ընթացքում մեր քաղաքացիներն ավելի գրագետ ու տեղեկացված դարձան այս հարցի առնչությամբ։ Դա է պատճառը, որ շատերը գիտակցում են՝ որքան հաճախ այցելեն բժշկի, որքան հաճախ հետազոտվեն, այնքան բուժման արդյունավետությունն ավելի բարձր կլինի»,-ասաց Խաչանուշ Հակոբյանը։
Պաշտոնական տվյալներով Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի տարեկան մինչև 1400 նոր դեպք է հայտնաբերվում։ Կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ, «Breast Care» նախագծի ղեկավար Ներսես Բերբերյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում է կրծքագեղձի քաղցկեղի նոր դեպքերի թիվն ավելանում, Հայաստանն անմասն չի մնում այդ միտումներից։ Մասնագետն այստեղ կարևոր համարեց այն հանգամանքը, որ հիվանդությունը հայտնաբերվի վաղ փուլում։ «Այդ մասով մեր երկրում դրական դինամիկա կա։ Եթե 4-5 տարի առաջ հիվանդության 4-րդ փուլի հայտնաբերման դեպքերն ընդհանուր կառուցվածքում կազմում էին 30 տոկոս, ապա այսօր արդեն այդ ցուցանիշը հասնում է 10-12 տոկոսի։ Սա է մեր հաջողությունը։ Կանանց շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացել է, սկսել են ավելի հաճախ դիմել, որի շնորհիվ էլ հիվանդությունը հայտնաբերում ենք ավելի վաղ։ Դա նշանակում է, որ այն հաղթահարելու հավանականությունը բավական մեծ է լինում»,-ասաց Ներսես Բերբերյանը։
Նրա խոսքով՝ ավելացել են մամոգրաֆիայի կենտրոնները, որոնք ներկայանում են նորագույն սարքավորումներով և հնարավորություն են տալիս հիվանդությունը հայտնաբերել նախաքաղցկեղային վիճակում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, ներկայացնելով իրենց բուժհաստատության տվյալները, նշեց, որ բավականին շատ են դեպքերը, երբ կինը բուժվել, ամբողջապես առողջացել է և վերադարձել է իր առօրյա կյանքին։
«Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Այն առիթ է մեկ անգամ ևս հորդորով դիմելու մեր կանանց, հատկապես 20 և ավելի բարձր տարիք ունեցողներին։ Անպայման գտեք ժամանակ և գնացեք հետազոտվելու։ Հավատացեք՝ հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում բազմաթիվ խնդիրներից հնարավոր է խուսափել։ Մեզ մոտ հաջողված պատմությունները շատ են։ Մեր 27 տարիների գործունեության ընթացքում փրկվել է 16 հազարից ավելի կնոջ կյանք»,-ասաց Խաչանուշ Հակոբյանը։
Կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ, «Breast Care» նախագծի ղեկավար Ներսես Բերբերյանն էլ ընդգծեց այն հանգամանքը, թե ինչ է շահում կինը պարբերաբար հետազոտվելու, կրծքագեղձի քաղցկեղը վաղ հայտնաբերելու դեպքում։
«Հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու դեպքում, հատկապես, եթե այն ագրեսիվ տեսակի չէ, կինը կարող է խուսափել քիմիոթերապիայից, հնարավորություն ստանալ իրականացնել պահպանողական վիրահատություն, որին կհաջորդի ճառագայթային բուժումը։ Այսինքն՝ նա կարճ ժամանակում անցնում է այս փուլը, իսկ բուժման արդյունավետությունն էլ լինում է բավականին բարձր»,-ասաց Ներսես Բերբերյանը։