
Իսրայելը հայտնել է Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի մի շարք օբյեկտների հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Բեյրութի Դահիեի արվարձանում «Հեզբոլլահ» խմբավորման հետախուզության շտաբներին, զինապահեստներին և հակաօդային պաշտպանության կայանքներին հարվածներ հասցնելու մասին։ Այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել իր Telegram ալիքում:
«Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը, հիմնվելով հետախուզության տվյալների վրա, հարվածներ են հասցրել մի քանի զինապահեստների և «Հեզբոլլահ»-ի հետախուզության շտաբների հրամանատարական կենտրոնների և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների Դահիեի շրջանում, որը «Հեզբոլլահ»-ի ահաբեկիչների առանցքային հենակետն է», – ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
ԻՊԲ-ն հավաստիացրել է, որ հարվածներից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչությանը վնաս պատճառելու վտանգը նվազեցնելու համար, այդ թվում՝ շրջանի բնակչությանը նախազգուշացնելու միջոցով։
ԻՊԲ-ն նաև հայտնել է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 16։00-ի դրությամբ Լիբանանի կողմից արձակված շուրջ 45 արկ հատել է Իսրայելի սահմանը։