Արփինե Սարգսյանի նշանակումն Արդարադատության նախարարի պաշտոնում ՔՊ-ականները չհերքեցին
Հայաստանում այսօր «զանգովի» արդարադատություն չկա։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կոնֆլիկտին։
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ԱԺ դահլիճում հայտարարեց, որ իրեն դիմել են ՔՊ պատգամավորներից Հովիկ Աղազարյանի որդիների համար, որոնք կոռուպցիոն ինչ-որ սխեմայի հետ առնչություն ունեն։
«Ես բացառում եմ զանգովի արդարադատության առկայությունը մեր իշխանության օրոք։ Ինչ վերաբերում է լսումների ընթացքում տեղի ունեցած միջադեպին, վարչապետն էլ է անդրադարձել դրան կառավարության հարց ու պատասխանի ընթացքում։ Ինչ վերաբերում է մեր կուսակցական գործընկերներին, ապա նրանց հետ կապված ուսումնասիրությունը, քննությունը տեղի կունենան կուսակցության կանոնադրության համաձայն և վարչության տիրույթում»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ ոչ կուսակցականների հայտարարություններն էլ պետք է ուսումնասիրվեն համապատասխան կառույցների ընթացակարգերի համաձայն։
Ի դեպ, նա չհերքեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի հնարավոր նշանակումը Արդարադատության նախարարի պաշտոնում։