«Նախագահ Սարգսյանն ասել է՝ նման խզբզանք նույնիսկ իր թշնամու համար չէր պատրաստի». Հայկ Մամիջանյան
Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հերթական անգամ պատասխանեց հարցին, թե ինչո՞ւ 2018 թվականի մայիսին ՀՀԿ պատգամավորները քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի օգտին։
«Լավ է, որ այդ հարցը տվեցիք, որովհետև գործիչներ կան, որոնք 2018 թվականին Փաշինյանից ուրախ էին, որոնք նոր կոստյումներ էին առնում՝ նոր պաշտոնների համար, վիզիտկաններ էին սարքում։ Նման գործիչները հիմա ձեր տված հարցի նենգափոխված տարբերակն են տալիս, թե` «դուք եք բերել, եսիմինչ եք արել»։
Նախ՝ նախագահ Սարգսյանը մեկ անգամ ասաց, որ նման խզբզանք ինքը նույնիսկ իր թշնամու համար որպես պրոյեկտ չէր ենթադրի, էլ ուր մնաց՝ ինքն իր համար։
Եթե հիշում եք, 2018 թվականին ՀՀԿ-ն հայտարարեց, որ ինքը թեկնածու չի առաջադրելու և պատրաստ է քննարկել այլ թեկնածություններ, ինչպես հիշում եք՝ այն ժամանակվա խորհրդարանում կար 4 խմբակցություն՝ ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», Դաշնակցություն և «Ելք» դաշինք, վերջին երեք խմբակցություններն առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- հիշեցրեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում