«Ճնշումների են ենթարկել, թե իբր «թասիբի հարց է, Նիկոլը մեր իջևանցին է, այդպիսի բաներ մի արա, ուզում ես Երևանում իջևանցուն խայտառակ անե՞ս»». Սևադա Ղուկասյան

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո Տավուշի մարզի Իջևանի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանն իր հայրենակցին՝ Նիկոլ Փաշինյանին, տարբեր մեթոդներով հասկացրել է, որ սխալ քաղաքականություն է վարում, ուստի պետք է հեռանա, որպեսզի Հայաստանը մնա։ Այս առնչությամբ նա բազմաթիվ ակցիաներ է իրականացրել, ընդհուպ 2021 թվականին էշով Իջևանից եկել,  հասել էր Երևան, որպեսզի, ինչպես ինքն էր ասել՝ «Նիկոլ Փաշինյանին տուն տանի»։

Բոլոր այս ակցիաներից ու հայտարարություններից հետո իրավապահները սկսեցին հետապնդել Սևադա Ղուկասյանին, նրան բերման էին ենթարկել։

Նա մի քանի գործով ենթարկվել է տուգանքի ու մինչև հիմա շարունակում է տուգանքները վճարել։ Ասում է՝ չի փոշմանել իր ակցիաների համար, անհրաժեշտության դեպքում այլ ակցիաներ ևս կիրականացնի։

168.am հետ զրույցում Սևադա Ղուկասյանը պատմեց, որ իր քայլը՝ Իջևանից էշով Երևան գալը, որոշ առումով նաև դաստիարակչական բնույթ է կրել՝ թե՛ սերունդների, թե՛ հասակն  առած մարդկանց համար, այն առումով, որ «դավաճանի հետ այդպես պետք է վարվել, որպեսզի դավաճանությանը վերջ դրվի»։

Կարդացեք նաև

«Իհարկե, եթե այդ ամենը չասվի, դա կարող է շատ վատ անդրադարձ ունենալ մեր ժողովրդի ապագայի վրա, այդ դավաճանական շղթան կարող է շարունակվել, այսինքն՝ դավաճանությունն անեն ու մարսեն։

Այս պահին ինքս այդքան մեծ հետապնդումների մեջ չեմ, երկրից բացակայելու արգելքի տակ եմ։ Արդեն մի քանի դատական վճիռներ են կայացվել, հիմնականում՝ տուգանքների տեսքով, դրանց մի մասը կարողացել եմ վճարել, մի մասը՝ չէ, դե, այդքան մեծ հնարավորություններ չունեմ։ Ինձ կալանավորեցին, հետո բաց թողեցին ու որոշեցին 2 միլիոնով տուգանել, ակցիաներից մեկի ժամանակ, երբ ճանապարհ էին փակել, ոստիկանների հետ հայտնվել էի քաշքշուկի մեջ, ինչից հետո ինձ մեղադրեցին, իբրև սուտ մատնության մեջ, որ ասել եմ, թե ոստիկաններն ինձ ծեծել են, անհամաչափ ուժ են կիրառել։ 2 միլիոնի մի մասը վճարել եմ, մի մասը՝ ոչ, վճարման ժամկետը երկարացրել են»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ էշով Երևան գալու համար նույնպես տուգանվել է, ըստ իրավապահների՝ կենդանու ուղեկցությամբ չի թույլատրվում հասնել Երևանի այդ հատված, մասնավորապես՝ Բաղրամյան պողոտա։ Մի գործով էլ տուգանվել է՝ իբրև թե թմրանյութ պահելու համար։ Այս տուգանքն առհասարակ չի վճարել։

«Մի գործ էլ կա՝ կապված իմ բիզնեսի հետ, ժամանակին շինանյութի ներմուծմամբ էի զբաղվում, սակայն քաղաքական դրդապատճառներով իմ բիզնեսը սկսեցին հետապնդել, ինչից հետո իմ բիզնեսը կանգնեցրի, դրանից հետո հարկեր են կուտակվել։

Իմ ակցիաները նպաստեցին, որ այս ամենն իմ հետ տեղի ունենա, գուցե տուգանքներն ավելի քիչ լինեին, ավելի մեղմ վերաբերվեին, եթե ես իմ քաղաքացիական դիրքորոշումը չարտահայտեի։ Միանշանակ այսպես են արել, որ ես այլևս ակցիաներ չանեմ, ինձ համար սա նորմալ է, ողբերգություն չէ։ Չկարճված քրեական գործերը պահում են, որպեսզի հանկարծ ապագայում էլ ինձ «խելոք» չպահեմ՝ օղակը կրկին սեղմեն։ Կրկնում եմ՝ այս ամենը ինձ չի կաշկանդում իմ քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու համար, կկաշկանդվեմ միայն մեկ դեպքում, երբ հայտնվեմ ադրբեջանական բանտում»,- նշեց Ս. Ղուկասյանը։

Սևադա Ղուկասյանը վտանգներ է տեսնում, որ այն մարդկանց, որոնք հակաադրբեջանական հայտարարություններ կամ քայլ են արել, ՀՀ իշխանությունը կարող է հանձնել ադրբեջանական կողմին՝ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո։ Վստահ է՝ այդ ցուցակում հաստատ իր անունը կլինի, քանի որ իր ավանակի անունն «Իլհամիկ» է դրել։

«Քանի դեռ հայրենիք են կորցնում, ես որևէ բանի առաջ չեմ կարող կաշկանդված լինել, կկաշկանդվեմ այն ժամանակ, երբ հասկանամ, որ իմ քայլերով նպաստում եմ հայրենիքը կորցնելու քաղաքականությանը։

Նիկոլ Փաշինյանի և իմ միջև միջնորդավորված խոսակցություն եղել է, փոխանցել եմ իրեն, որ սխալ քաղաքականություն է վարում։ Դե, իր «կալիբրը» հիմա բարձրացել է, մեր նման փոքր «կալիբրի» մարդ չէ այլևս։ Նիկոլ Փաշինյանը իմ և մեր գաղափարակից ընկերների հորդորները հաշվի չի առել։

Հակառակ կողմից էլ է եղել միջնորդավորված խոսակցություն, իր շրջապատից։

Ինձ բազմիցս ճնշումների են ենթարկել, թե իբր «թասիբի հարց է, Նիկոլը մեր իջևանցին է, այդպիսի բաներ մի ասա ու մի արա, գնացել, ուզում ես Երևանում իջևանցուն խայտառակ անե՞ս», և այլն։ Երկար ժամանակ նաև դրա համար եմ կտտանքների ենթարկվել, որ իմ արարքի համար ներողություն չեմ խնդրել»,- շեշտեց նա։

Սևադա Ղուկասյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Տավուշը սահմանագծումից հետո ավելի անվտանգ է դարձել, մասնավորապես՝ Կիրանցը։

«Սուտ լուրերը հիմնականում տարածվում են այն մարդկանց կողմից, որոնք լավ գիտեն, որ իրենք կեղծում են։ Իշխանությունը «ղալաթ» է անում, իրենք բոլորից լավ գիտեն, որ այսօր Տավուշին ավելի մեծ վտանգ է սպառնում, այդ թվում՝ Հայաստանին։

Պետք չէ ռազմական մեծ գիտելիքներ ունենալ, որպեսզի հասկանաս, որ թշնամին ամեն կողմից մխրճվել է Հայաստանի խորքերը, հսկողության տակ է պահում սահմանային շրջանները։ Սա անվտանգության մասին չի խոսում, այլ հակառակը»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է «Իլհամիկ» անունով էշին, մեր զրուցակիցը կատարկեց՝ այս պահին որոշ չափով նրան խնայում է, քանի որ միասին դեռ չավարտված գործ ունեն անելու։

«Մեր էշն էլ է համառ, չհանձնվող տեսակ է, մի քիչ «դիլխոր» է, ասում է՝ ինչ պետք է անենք, անեմ՝ գնամ, դեռևս չի ստացվում, տեսնենք»,- եզրափակեց Սևադա Ղուկասյանը։

Տեսանյութեր

Լրահոս