«Այստեղ տեղի է ունենում աշխարհաքաղաքական բախում, և Հայաստանը գործիք է». Արմեն Ռուստամյան

«Մենք միշտ ասել ենք, որ այս երկկողմ բանակցությունները, որոնց ՀՀ իշխանությունն անընդհատ ձգտում է, և այս հարաբերությունների մեջ որևէ միջնորդ չեն ուզում տեսնել՝ մեզ համար փակուղի է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Ստամբուլում Լավրովի հնչեցրած հայտարարությանը, թե «3+3»  ձևաչափը կարող է դառնալ բանակցությունների համար հարթակ, և դրան հաջորդած Արարատ Միրզոյանի արձագանքին, որ Հայաստանը նման հարթակ չի դիտարկում։

Նրա դիտարկմամբ՝ այս ամենը հայկական կողմի համար թակարդ է, քանի որ երաշխավորող երրորդ կողմ չկա, վեճերի լուծման մեխանիզմ գոյություն չունի։

«Հայաստանն այս հարցում էլ է խճճվել, այսինքն՝ իրենք մեկ ասում են, որ երկկողմը պետք է մնա միայն երկկողմ, բայց մեկ էլ պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը գնում, խնդրում է Թուրքիային, որպեսզի միջամտի հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Այսինքն՝ ստացվում է, որ իր համար Թուրքիայի միջամտությունը եռակողմ հարաբերություն, միջնորդություն չէ, ամբողջ խնդիրը հենց սա է։ Թուրքիայի միջնորդությունն ընդունում է, բայց «3+3» հարթակը՝ ոչ, որտեղ մեզ համար շատ ավելի բարենպաստ կարող է լինել»,- նշեց Արմեն Ռուստամյանը։

Ըստ պատգամավորի, եթե հայկական կողմն Ադրբեջանին ու Թուրքիային է տեսնում միջնորդ՝ ինչպես ՀՀ իշխանություններն են անում, նշանակում է, որ Հայաստանը դնում են ծայրահեղ ծանր ճնշումների տակ՝ նվազեցնելով շահերի պաշտպանության հնարավորությունները։

Կարդացեք նաև

Խոսելով ԱՄՆ-ի կողմից հնչած հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հայտարարություններից, Արմեն Ռուստամյանն ասաց.

«Պարզ է, թե ինչու է տեղի ունենում միջնորդների ակտիվությունը, որովհետև այստեղ լուծվում է աշխարհաքաղաքական հարց։ Այս իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի մեր աշխարհաքաղաքական նշանակությունը պակասի։

Այո, եթե Սյունիքը կորցրեցինք, այստեղ տեղի է ունենալու աշխարհաքաղաքական շահերի բախում, և այս առումով բոլորն ուզում են մասնակցություն ունենալ իրենց շահերից ելնելով՝ Հայաստանին օգտագործելով։ Այս պարագայում Հայաստանը դառնում է ոչ թե գործոն, այլ գործիք, սա է խնդիրը»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս