Արտագաղթի ու ծնելիության կրճատման պատճառով ժողովրդագրական պատկերը գնալով վատանում է. Բացը մտադիր են լրացնել այլազգիների հաշվին

Անցած շաբաթվա վերջին կառավարությունը հաստատեց «Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040թթ. ռազմավարությունը»։ Մի կողմ թողնենք այն, որ փաստաթղթից քաղաքականացվածության հոտ է գալիս՝ միտումնավոր վերջին տարիները բաց են թողել։ Դեռ նոր ընդունված, փաստաթուղթն արդեն հնացած է. 2024թ. ավարտվում է, մինչդեռ՝ շատ դեպքերում վերցրել են երկու-երեք տարի առաջվա տվյալները։

Բացի այդ՝ հավանաբար շատ «պատահաբար» մի շարք անճշտություններ են սպրդել այդքան կարևոր ռազմավարական փաստաթղթում։

Ասենք՝ արձանագրել են, որ անցած տարվա տնտեսական աճը կազմել է 8,7 տոկոս, երբ վաղուց այն վերանայվել է ու նվազեցվել։ Ոչ թե 8,7 է, այլ 8,3 տոկոս։

Կասկած չկա, որ այս ռազմավարությունն էլ լինելու է հերթական փաստաթուղթը, որը քնելու է կառավարության պաշտոնյաների դարակներում։

Կարդացեք նաև

Այսքան ժամանակ թղթի վրա գրված ո՞ր ռազմավարությունն են իրականացրել, որ այս մեկն էլ իրականացնեն։

Ռազմավարական փաստաթղթերով ամրագրված՝ Արցախի՞, թե՞ Հայաստանի անվտանգությունն են ապահովել, երկրի պաշտպանությունն են ամրապնդե՞լ, թե՞ բանակն են հզորացրել, տնտեսության կախվածությունն են թուլացրե՞լ, թե՞ պարենային ապահովության խնդիրներն են լուծել։ Ո՞ր գրված ռազմավարությունն են իրականացրել։

Իսկ որ ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում կատաստրոֆիկ վատ է, այդպես էլ կա։ Դրա պատճառները գուցե բազմազան են, խորքային, բայց մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ խնդիրները կապված են գերազանցապես երկու-երեք հիմնական գործոնների հետ՝ ծնելիության ցածր մակարդակ, մահացություն ու արտագաղթ։

Ի՞նչ են արել իշխանության գալուց հետո, վերջին 6 տարիներին, որ այս խնդիրները, չասենք՝ վերացնեն, գոնե մեղմացնեն։

Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հայտարարում էր, որ արտագաղթը փոխարինելու է մեծ հայրենադարձությամբ։  Մեծ հայրենադարձություն տեղի չունեցավ, իսկ արտագաղթը նոր տեմպ ստացավ։

Միայն վերջին չորս տարիներին Հայաստանից գնացել ու չի վերադարձել գրեթե 162 հազար մարդ. 2021թ.՝ 73,5 հազար, 2022թ.՝ 27,9 հազար, 2023թ.՝ 36,5 հազար։

2024թ. ութ ամսում էլ արդեն գնացել ու չի վերադարձել 24,1 հազար քաղաքացի։

Սրա հետևանք է այն տխուր պատկերը, որն ունենք ժողովրդագրական իրավիճակի առումով։

Հատուկ ունակություններ ու տաղանդ պետք չէ հասկանալու համար, թե ինչո՞ւ են այս մարդիկ գնացել և չեն վերադարձել։ Գնացել են, որովհետև Հայաստանում ապագա չեն տեսել։ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի այն կարգախոսը, որ Հայաստանում «ապագա կա», միֆ է։ Ապագան ու դրա նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքն այս թվերի մեջ է երևում։ Դրա պատճառն ամենևին էլ «սանրվածքը» կամ «ականջօղը» չէ, ինչպես փորձում է այս երևույթը կենցաղային մակարդակի իջեցնել Նիկոլ Փաշինյանը։ Պատճառն այն անվտանգային միջավայրն է, որի մեջ երկիրը ներքաշել են։ Խնդիրը նույնիսկ նրանում չէ, որ գնում են, որպեսզի իրենց երեխաներին ազատեն բանակում ծառայելուց. իրենք էլ իրենց պաշտպանված ու անվտանգ չեն զգում այն Հայաստանում, որը բերել են այս մարդիկ։

Գնալու պատճառները նաև սոցիալական են, քաղաքական։ Մարդիկ խեղդվում են այն քաղաքական մթնոլորտից, որում ներքաշել են հասարակությանը՝ բաժան-բաժան են արել, թշնամանք ու ատելություն են սերմանել։

Սարսափելի ծանր է ապրել այսպիսի Հայաստանում, դրա համար էլ մարդիկ արտագաղթում են։ Խնդիրները կենցաղային մակարդակի իջեցնելու՝ Նիկոլ Փաշինյանի փորձերն անտեղի են։ Պատճառները շատ պարզ են ու հստակ։ Դրանք են, որ ստիպում են մարդկանց հեռանալ երկրից, ինչի հետևանքը տեսնում ենք ժողովրդագրական իրավիճակի վրա։

Ժողովրդագրական վատթարացող իրավիճակը գալիս է առաջին հերթին այստեղից, ինչն անուղղակիորեն ազդում է նաև ծնելիության վրա։

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի խեղաթյուրել իրականությունը, ծնելիության վերաբերյալ երբեմն կեղծ ազդակներ հաղորդել, փաստն այն է, որ ծնելիության իրավիճակը Հայաստանում վատացել է։ Այս տարվա ութ ամսում 1110-ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան անցած տարի, 1721-ով ավելի քիչ, քան 2022թ., 1602-ով ավելի քիչ, քան 2021թ.։ Այս տարի գրեթե 1000-ով ավելի քիչ երեխա է ծնվել Հայաստանում, քան նույնիսկ 2020թ.։

Երբ մի կողմից՝ մարդիկ գնում են երկրից, մյուս կողմից՝ ծնելիությունն է կրճատվում, պարզ չէ՞, որ ժողովրդագրական վիճակը երկրում պիտի վատանա։

Ի՞նչ են արել իշխանությունները, որ այդպես չլինի։ Մի բան էլ պայմաններ են ստեղծել, որ ակտիվանա արտագաղթը։ Ոչնչացրել են այն, ինչը պիտի նպաստեր ծնելիության ավելացմանը՝ զոհաբերել են մի ամբողջ երիտասարդ սերունդ։ Ու դրա հետևանքը ծնելիության վրա դեռ առաջիկայում տեսնելու ենք։

Սա է այս իշխանության ներդրումը երկրում ժողովրդագրական իրավիճակի «բարելավման» մեջ։

Քանի դեռ այսպես են պայքարում ժողովրդագրությունը բարելավելու համար, տասը ռազմավարություն էլ գրեն ու ընդունեն, դրանից բան չի փոխվի։

Զարմանալի չէ, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040թթ. ռազմավարական փաստաթուղթում մի այսպիսի տխուր արձանագրում կա. Անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ամենալավատեսական սցենարով, որը ներառում է նաև Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներին, 2050թ. Հայաստանի բնակչության թիվը կկազմի 2,6 մլն մարդ, վատատեսականով՝ մոտ կլինի 2 միլիոնին։

Մինչդեռ՝ հավանաբար շատերը չեն մոռացել, թե Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 2019թ. ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը։ Հայտարարում էր, որ մինչև 2050թ. Հայաստանի բնակչության թիվը կհասնի 5 միլիոնի։

Ի հեճուկս այս հայտարարության, կանխատեսվում է, որ 2050թ. Հայաստանի բնակչության թիվը ոչ միայն չի հասնի 5 միլիոնի, այլև ավելի քիչ կլինի, քան հիմա է։ Արտագաղթի ու ծնելիության կրճատման պատճառով ժողովրդագրական պատկերը գնալով վատանում է։ Այդ բացն էլ մտադիր են լրացնել այլազգիների հաշվին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս