«Որևէ սյունեցի չի ցանկանում, որ այդ գործընթացը հասնի Սյունիք՝ աչքի առաջ ունենալով Կիրանցի օրինակը». Արգամ Հովսեփյան
Այսօր խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը հարց ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ հետաքրքրվելով, թե Ադրբեջանի հետ քննարկե՞լ են ՀՀ տարածքներից զորքի դուրսբերման հարց՝ Ներքին Հանդից, Ջերմուկից։ Իսկ այս հարցից առաջ իշխանական պատգամավորն ասաց.
«Ձեր կատարած աշխատանքին հետևում են տասնյակ-հազարավոր սյունեցիներ, այն, ինչ տեղի է ունենում, կարելի է ասել, որ 2020 թվականից հետո մեզ համար երազանք է, որ հասնի Սյունիք»։
Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը հերքեց իշխանական պատգամավորի այս հայտարարությունը՝ ասելով, որ որևէ սյունեցի չի ցանկանում, որ այդ գործընթացը հասնի Սյունիք՝ աչքի առաջ ունենալով Կիրանցի օրինակը, հատկապես, եթե սահմանագծումն անում են 1976 թվականի քարտեզներով։
«Ի՞նչ քարտեզով են ուզում գալ Սյունիք, 1976 թվականի՞, եթե սահմանագծում են անում, թող վերցնեն 1920-1929 թվականների քարտեզները, այս մասին ես խոսել եմ դեռևս 2020 թվականին։ Ես այդ ժամանակ հանդիպել եմ կոչումով գնդապետ քարտեզագրողի հետ, երբ եկել էին մեզ մոտ, այն ժամանակ վարչական ղեկավար էի, ես էի իրենց հետ խոսում։ Ասել եմ՝ փոխեք այդ քարտեզը, բերել նոր գծած քարտեզով սահմանազատում ու սահմանագծո՞ւմ եք ուզում անել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արգամ Հովսեփյանը։
Ըստ նրա, այս պահին Արվուս փոքր գյուղից 68 հեկտար հող գտնվում է թշնամու օկուպացիայի տակ, նույնը՝ Տեղ համայնքում, մինչև այդ տարածքները չազատեն, ո՞վ կուզի՝ սահմանագծում լինի։
«Այդ նույն իշխանավորներն ինչո՞ւ չեն խոսում մեր Արցախից, Նախիջևանից, մեր սուվերեն տարածքները թշնամու հսկողության տակ են, սրա մասին թող խոսեն։ Թող վերցնեն 1920-1929 թվականների քարտեզները և ուսումնասիրեն։
Սա պետք է ժողովուրդը պահանջի, վաղը-մյուս օրը մենք մեր սերունդներին ի՞նչ ենք տալու, ի՞նչ ենք թողնելու։ Եկեք՝ տալով գնանք, մի 100 տարի հետո էլ Սյունիքը կմոռանան, կասեն՝ դե, սահմանազատում ու սահմանագծում էին անում։ Կրկնում եմ՝ ժողովուրդը պետք է պահանջի այդ գործընթացն այլ քարտեզներով իրականացնել»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։