Ի՞նչ է առաջարկում ԱՄՆ-ն Ալիևին և ի՞նչ է ակնկալում Հայաստանից. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ «խաղաղության պայմանագիրը» երբեք չեն կապել Կլիմայի գագաթնաժողովի հետ:

Այսօր ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Կարպենտերը Ջո Բայդենի նամակն է փոխանցում Ալիեւին, որում նշվում է, որ Քարպենտերը կներկայացնի անելիքների վերաբերյալ ԱՄՆ առաջարկ: Բայդենը Ալիեւին հայտնում է, որ Կլիմայի գագաթնաժողովին ընդառաջ լավ հնարավորություն է ցույց տալ հավատարմություն խաղաղությանը:

Այսինքն, ակնառու է, որ այդուհանդերձ Կլիմայի գագաթնաժողովի հաշվարկը կա, չնայած պետքարտուղարության ներկայացուցչի՝ օրեր առաջ արած հայտարարությանը:
Բայց, էականն իհարկե դա չէ, այլ այն, որ Վաշինգտոնն ըստ ամենայնի Ադրբեջանին անում է ինչ-որ առաջարկ, որը, ենթադրաբար, պետք է որ Բաքվին բավարարի այնքան, որ Ադրբեջանը հրաժարվի իր ներկայիս կարծր դիրքորոշումից եւ գնա ստորագրության:

Մտածել, թե Բայդենի նամակը ճնշման մասին է, թերեւս կլինի ցանկալին ընդունել իրականության տեղ, ինչպես 2023-ի հունվարին Բլինքենի արած՝ «Լաչինի միջանցքը բացելու անհապաղ հորդորը»:

Ըստ այդմ, ուշադրության առարկան այն է, թե ի՞նչ է առաջարկում ԱՄՆ-ն Ալիեւին, որը նրան կբավարարի այնքան, որ հատկապես վերջին օրերին առավել կարծրացրած մոտեցումը կփոխարինի ստորագրությամբ: Այստեղ առավել էական է եւ այն, թե Հայաստանի՞ց ինչ է ակնկալում ԱՄՆ այդ համատեքստում:

Այն, որ ակնկալիքի տրամաբանությունը լինելու է «նշաձողի իջեցման» շարքից, ես արտահայտվում եմ դեռեւս նախորդ սեպտեմբերից: Հարցն այն է, թե հատկապես որ հարցում եւ ինչքան»:

Տեսանյութեր

Լրահոս