«Հայաստանը Թուրքիային միջնորդ դարձնելու ճանապարհով է գնում, և Թուրքիան դառնում է ոչ թե միջնորդներից մեկը, այլ գխավոր միջնորդը». Մհեր Աբրահամյան
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում մասնակցել է«3+3» հարթակի նիստին, որին մասնակցել են Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանն առաջարկել են Հայաստանին և Ադրբեջանին օգտագործել «3+3» հարթակը` խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու համար։ Այնուհետև Թուրքիայի նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, հայտարարելով, որ «Հարավային Կովկասի դեմքը փոխվում է դեպի կայուն խաղաղություն»։ Այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ունեցել են երկկողմ առանձին հանդիպում։
«3+3» հարթակից Ադրբեջանի արտգործնախարարը կրկին հիշել է ՀՀ Սահմանադրության մասին՝ հայտարարելով. «Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը»։
Թուրքագետ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել «3+3» ձևաչափով հանդիպման ժամանակահատվածին, որն Ադրբեջանի համար խորհրդանշական էր, քանի որ այն տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ադրբեջանի անկախության տոնն էր։
«Այդ հանդիպմանը խոսվեց Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին, այսինքն՝ այդ օրով Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են ոչնչացնել Հայաստանի անկախության հիմնասյունը։
Առհասարակ այս հանդիպումները, որոնք տեղի ունեցան Ստամբուլում, լի էին տարատեսակ անակնկալներով։
ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը ձեռնպահ է մնում կամ չեզոք դիրք է գրավում հայ-ադրբեջանական հարաբերություններում, մինչ այդ եղել էր առաջնային դիրքերում, նույն 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների կազմման կազմակերպիչներից մեկն էր։
Այս առումով կարող եմ ասել, որ մեր դիվանագիտությունը գնում է ողբերգական արկածախնդրության՝ Թուրքիայի հետ մնալով միայնակ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետը։
Ըստ Մհեր Աբրահամյանի, Արևմուտքը ևս այդքան չի խառնվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, քանի որ նրա խնդիրն է, որ Ռուսաստանին դուրս մղի Հարավային Կովկասից և այստեղ հարմար տեղավորի իր դաշնակից Թուրքիային։
«Հայ-ադրբեջանական հարաբերությունները Թուրքայում կարգավորելը դիվանագիտական ողբերգություն է։ Բնականաբար, այստեղ Թուրքիան առաջ է տանելու բոլոր այն նախապայմաններն ու պայմանները, որոնք, կարելի է ասել՝ դարեր շարունակ փորձում են Հայաստանին ներկայացնել։ Եվ այսօր մեր «դիվանագիտությունը» կատարում է թուրքական բոլոր պահանջները։ «3+3» ձևաչափն ավելի շատ վերաբերում էր նրան, որ տարածաշրջանի երկու գլխավոր խաղացողներին համոզեն, թե Հայաստանում կարելի է նաև Թուրքիայի գերիշխանությամբ հասնել խաղաղության։
Լիարժեք կերպով Թուրքիան աշխատեցնում է իր «փափուկ ուժը», որը կիրառում է Հայաստանի նկատմամբ, իսկ ՀՀ իշխանությունը կարծես այդքան էլ դժգոհ չէ այդ ուժից։ Անգամ նրան չի էլ մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե հաջորդիվ այդ «փափուկ ուժը» վերածվի «կոշտ ուժի», որը կարող է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ»,- շեշտեց թուրքագետը։
Շարունակելով միտքը՝ Մհեր Աբրահամյանն ասաց, եթե այժմ խաղաղության պայմանագրից հանվել է «միջանցքը», ինչպես նշում են Հայաստանի իշխանությունները և ադրբեջանական կողմը, հաջորդ պահին կարող են «կոշտ ուժով» այն բացել, որի մասին, ի թիվս այլ հայտարարությունների, խոսք եղավ, «պատրաստ են Կասպից ծովը կապել Մարմարա ծովի կամ Կարսի հետ։
«Կարող ենք ասել, որ Հայաստանը Թուրքիային միջնորդ դարձնելու ճանապարհով է գնում, և Թուրքիան դառնում է ոչ թե միջնորդներից մեկը, այլ գլխավոր միջնորդը։ Թուրքիան կարծես թե Ադրբեջանին էլ է հասկացնում, որ ինքն է հանդես գալու գլխավոր միջնորդի դիրքում և, օգտվելով հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումից, Թուրքիան կդառնա գլխավոր միջնորդը։ Հայաստանն ապրում է դիվանագիտական մեծագույն ողբերգություն, եթե այսպես շարունակվի, ապա կապրի խորը ողբերգություն»,- եզրափակեց Մհեր Աբրահամյանը։