Հայ ժողովրդի ու Հայաստանի դեմ գործողություններ են, իսկ գիտնականները, ուսանողները, դասախոսները լուռ են. մասնագետները՝ «Ակադեմիական քաղաքի» մասին

Կառավարությունն իր հեղափոխական տենդոտ գործունեության մեջ հասել է բուհական շենքերին՝ ուղիղ իմաստով։ Բացի այն, որ Փաշինյանն ու իր թիմակիցներն աննահանջ են «Ակադեմիական քաղաք» կոչվածը կյանքի կոչելու հարցում, որոշել են նաև վարձով տալ, ինչո՞ւ ոչ՝ «բանալին՝ բանալու դիմաց» սկզբունքով նաև օտարել Երևանում գտնվող բուհերի շենքերը՝ «Ակադեմիական քաղաքի» համար։

Հետաքրքրական է՝ դեռ տարիներ առաջ ինչպես տելեգրամյան ալիքներում, այնպես էլ՝ այլ հարթակներում հայտնվել էր տեղեկությունը, ըստ որի՝ կոնկրետ գործարար ուզում էր հյուրանոց գործարկել, ոչ ավել, ոչ պակաս՝ ԵՊՀ-ի գլխավոր շենքի տարածքում։ Իսկ զուգադիպությամբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծով իջեցվել է Մայր բուհի կարգավիճակը․ ասել է թե՝ այդ բուհից դիպլոմ ստացած ու չստացածները ԵՊՀ-ն ևս ճանապարհելու են ակադեմիական քաղաք։

«Այդ շենքերի կառավարումը պետք է եկամուտ բերի հենց գիտակրթական համակարգին։ Ֆինանսական հոսքերը պետք է ուղղվեն Ակադեմիական քաղաքի գիտական, կրթական, մշակութային կյանքի կազմակերպմանը»,- այսօր՝ կառավարության հերթական նիստում, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

ԲՈԿ նախկին նախագահ, գրականագետ Լիլիթ Արզումանյանն այս որոշումները համարում է երկիրն ավերելուն, կրթությունը վերացնելուն ուղղված քայլեր։

Կարդացեք նաև

«Հայ ժողովրդի ու Հայաստանի դեմ գործողություններ են, իսկ ժողովուրդը, գիտնականները, ուսանողները, դասախոսները լուռ են։ Մեծ ողբերգություն է»,- 168am-ի հետ զրույցում հակիրճ արձագանքեց Լիլիթ Արզումանյանը։

Չլռող եզակի դասախոսներից է պատմաբան Մենուա Սողոմոնյանը, որին այս ուսումնական տարում հեռացրին ԵՊՀ-ից․ նրա բոլոր դասընթացները «շատ պատահական» հանվել էին ուսումնական պլաններից, քաղաքագիտության ամբիոնի բալանսից։

168am-ի հետ զրույցում ԵՊՀ նախկին դասախոսը, անդրադառնալով թեմային և մանրամասն ներկայացնելով այս ծրագրի բոլոր խութերը, շեշտեց՝ «Ակադեմիական քաղաքի» ստեղծումը վտանգավոր է նախևառաջ դեմոգրաֆիկ խնդիրների տեսանկյունից։

«Սա խորացնում է մարզերի և Երևանի միջև անհամաչափ զարգացումը․ մարզերում փակման առջև են կանգնում 10 բուհեր և Երևանի բուհերի մարզային 12 մասնաճյուղեր, որտեղ սովորում է 9000 ուսանող, դասավանդում է 1400 դասախոս։ Նշենք, որ այդ ուսանողներն ու դասախոսներն ինչ-ինչ պատճառներով՝ նախընտրում են կրթությունը կազմակերպել հենց մարզերում, և կառավարությունն «Ակադեմիական քաղաք»-ի հայեցակարգի կյանքի կոչմամբ՝ զրկելու է նրանց այդ հնարավորությունից, իսկ ուսանողներին կանգնեցնելու է երկընտրանքի առջև՝ կա՛մ բարձրագույն կրթություն չստանալ, կա՛մ բարձրագույն կրթություն ստանալ մարզից դուրս։ Երկու պարագայում էլ դա հանգեցնելու է նրան, որ մարզերում տեղի է ունենալու ինտելեկտուալ միջավայրի անկում։ Հատկապես Շիրակի, Լոռու, Տավուշի ու Սյունիքի մարզերն ենք ուզում ընդգծել, քանի որ այս մարզերն են մայրաքաղաքից ու մայրաքաղաքամերձ տարածքից շատ հեռու։ Երիտասարդության արտահոսք է տեղի ունենալու, ինչն ազգային անվտանգության ու դեմոգրաֆիական խնդիր է»,- նշեց Մենուա Սողոմոնյանը։

Նկատենք՝ Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը հենց այսօր քննարկում էին Հայաստանի ժողովրդագրական ծրագիրը, խոսում խնդիրների մասին՝ այդպես էլ չանդրադառնալով «հեղափոխական նախագծի»՝ ԵՊՀ դասախոսի բարձրաձայնած այս աղետաբար հետևանքներին։

Մեկ այլ խնդիր, որի վրա ուշադրություն հրավիրեց մասնագետը, բուհերի կենտրոնացման հետևանքով բուհական համակարգի ինքնավարության նվազման ու տոտալ վերահսկողության հաստատման հարցն է։

Իսկ ամեն ինչ սկսվեց 2018 թվականին, երբ դեռ ապրիլի 13-ին «թավշյա հեղափոխականները» «կոտրեցին» Մայր բուհի դիմադրությունը և մտան ներս՝ ավելի ուշ տեղավորվելով նաև բուհական տարբեր խորհուրդներում։

Արդեն 2021 թվականի մարտի 28-ին Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանրայնացրեց բուհերի շուրջ իր մտորումները․

«Կա այսպիսի մի գաղափար, Երևան քաղաքի բուհերի շենքերը, եթե ոչ՝ ամբողջը, ապա գոնե մի մասը, հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք»:

2022 թ. հուլիսի 28-ին այս «գաղափարն» արդեն հավանության արժանացավ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծի» շրջանակներում:

2022թ. սեպտեմբերի 1-ին դրա մասին արդեն կառավարության նիստում բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը. «Այս ոլորտում մենք մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ: Այդ բուհերը, ուշադրություն դարձրեք, լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին՝ սկսած ֆիզիկական, այդ թվում՝ կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից՝ մինչև միջազգային կրթական ծրագրերը և որակավորված ու պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմը:

Մենք արդեն կողմնորոշվել ենք ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, և միավորվող, նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ»:

Տեսանյութեր

Լրահոս