Իշխանությունների նավը սուզվում է. իրենք հասկանում են՝ պետք է փախչել սուզվող նավից. Գագիկ Մինասյան
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն այն կարծիքին է, որ վերջին տարիներին դաժան ձևով ընթացել է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու քաղաքականություն Արևմուտքի կողմից:
«Դա սկսվեց Լեռնային Ղարաբաղում, և տեսանք, թե ինչ եղավ, երբ ռուսական զորքերը դուրս եկան ԼՂ-ից կամ պասիվացրեցին իրենց մասնակցությունն այնտեղ: Երբ մի ուժ դուրս է գալիս այնպիսի երկրից, ինչպիսին Հայաստանն է, այդ տեղը դատարկ չի կարող մնալ: Հետևաբար՝ պետք է հասկանանք, թե ով է աջակցում, որպեսզի ռուսական ուժերը դուրս գան Հարավային Կովկասից, և ով պետք է այնտեղ հայտնվի: Ակնհայտ է, որ դա Արևմուտքի ցանկությունն է, և ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես Հարավային Կովկասում է Արևմուտք-Ռուսաստան ճակատամարտը շարունակվում: Թե ինչ ձևաչափով է Արևմուտքը փոխարինում, դա կարևոր չէ, կարող են լինել ԵՄ դիտորդները, բայց դա էականորեն կբարդացնի այն հարաբերությունները, որոնք այսօր ՀՀ-ն ունի Իրանի հետ, որովհետև արդեն իսկ այնտեղից հնչում են հայտարարություններ, որ իրենց համար անընդունելի է, որ որևէ ուժ կանգնի ՀՀ-ի և Իրանի միջև: Իրանի համար շատ կարևոր է մարդկանց, բեռների անխոչընդոտ շարժը Հայաստան-Վրաստան-Սև ծով: Եթե այդտեղ կանգնում է ուժ, որը բարյացակամ չէ Իրանի նկատմամբ, ապա Իրանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ կտրուկ կփոխվի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ Հայաստանի համար լուրջ մարտահրավերներ են առաջանալու:
Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ հունվարի 1-ից ռուս սահմանապահները կհեռանան հայ-իրանական սահմանի հսկիչ-սահմանային անցակետից: Կողմերը համաձայնել են նաև, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը:
Գագիկ Մինասյանի խոսքով՝ ռուսական սահմանապահների բացակայության պայմաններում Ադրբեջանի համար դյուրին կլինի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը լուծել ռազմական ճանապարհով. «Դրա մասին իրենք բազմիցս ասել են: Բավական է հնարեն մի սցենար, թե իբր այստեղից կրակում են, և իրենք ներս են մտնում և դուրս չեն գալիս: Այդպիսի բան Թուրքիան բազմիցս արել է իր հարևանների հետ, և բացառված չէ, որ այստեղ էլ անի՝ հաշվի առնելով, թե ինչպիսի կարևորություն ունի «Զանգեզուրի միջանցքը» թուրքական աշխարհի համար»:
Գագիկ Մինասյանի խոսքով՝ Ադրբեջանին կարող է զսպել միայն իշխանափոխությունը Հայաստանում. «Եթե իշխանափոխություն լինի և իշխանության գան ազգային ուժեր, ապա մենք կվերադառնանք այն իրավիճակին, որում էինք 2018 թվականից առաջ՝ փայլուն հարաբերություններ ՌԴ-ի հետ, շատ լավ հարաբերություններ Իրանի հետ և շատ լավ հարաբերություններ Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի հետ»:
Դիտարկմանը՝ բայց հիմա իրավիճակն այլ է, ամեն դեպքում, Արցախն այն ժամանակ անկախ էր, նա արձագանքեց. «Այո, Արցախն անկախ էր, բայց դա չի նշանակում, որ հիմա ոչինչ վերականգնել հնարավոր չէ: Երբ ասում ենք՝ Արցախն անկախ էր, մի օրինակ բերեմ, որը վերաբերում է Վրաստանին: Վերջին զարգացումները հաշվի առնելով, կարծում եմ, որ կգտնեն լուծումներ, որոնք կբավարարեն և՛ Աբխազիային, և՛ Հարավային Օսիային, և՛ Վրաստանին: Եթե ազգային ուժեր գան Հայաստանում իշխանության, ճիշտ այնպես, ինչպես այսօր մեծ դժվարությամբ Վրաստանն է փորձում լուծել այն խնդիրները, որ իր համար ստեղծել է Սահակաշվիլին, Հայաստանում էլ այդ ազգային ուժերը կփորձեն լուծել այն խնդիրները, որոնք մեր ժողովրդի համար ստեղծել է Նիկոլ Փաշինյանը»:
Ըստ նրա՝ իր նշած ազգային ուժերը չեն կարողանում գալ իշխանության մի պարզ պատճառով. «Մենք պետք է պայքարենք ոչ միայն այս ազգակործանների իշխանության դեմ, այլև թուրքերի և ադրբեջանցիների և մնացած բոլոր թշնամիների դեմ, որոնք հովանավորում են այսօրվա իշխանությանը: Այդքան ուժ այսօրվա ընդդիմությունը չունի: Եթե իշխանությունը նույնը մնա, ապա ինչո՞ւ այս ընթացքը պետք է փոխվի: Իշխանափոխությունը բոլորի համար նոր իրավիճակ է ստեղծելու: Ուրիշ լուծում չկա, սրանք իրականացնում են Հայաստանի կործանումը և շարունակելու են իրականացնել»:
Անդրադառնակով վերջին օրերին հրաժարականներին՝ նա հետևյալն ասաց. «Իրենք հասկանում են, որ իրենց նավը սուզվում է, և այդպիսի իրավիճակում որոշակի կենդանիներ կան, որ փախչում են սուզվող նավից: Ամենակարևորն այն է, որ նավապետի հարթակում գտնվող 5-6 հոգին դա տեսնում են և հասկանում, որ այդ նավը շուտով այնքան կսուզվի, որ իրենք էլ պետք է փախչեն սուզվող նավից»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում