«ՀՀ-ն պատրաստ է երթուղի տրամադրել և՛ գազամուղների, և՛ նավթամուղների, և՛ էլեկտրագծերի համար». Նիկոլ Փաշինյան

«Եթե մենք ուզում ենք անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ուրեմն՝ պետք է գնանք ու սկսենք կարդալ վերնագրից՝ նախադասություն առ նախադասություն խոսենք դրա իրականացման ու իրագործման մասին»,- այս մասին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, կարևոր է արձանագրել, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը կետերից ամենավերջինն է։ Սակայն այդ ամենը բոլորովին չի նսեմացնում «Խաղաղության խաչմերուկի» և տարածաշրջանային կոմունիկացիաները հենց վաղվանից բացելը։

«Երբ ասում եմ՝ հենց վաղվանից, տարակուսած նայում են։ Այո, այդ հնարավորությունը կա, որովհետև այս հատվածներում մենք ունենք ավտոճանապարհներ, որոնք կարող ենք, ենթադրենք, վաղվանից աշխատանք սկսելու դեպքում, եղանակային սեզոնից կախված, մինչև Ադրբեջանի սահման ամբողջովին վերականգնել։ Մենք այս առաջարկը բազմիցս և պաշտոնապես արել ենք։ Շատ կարևոր են «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրները, որը ձեզ մոտ կան, ես անձամբ փոխանցել եմ և՛ Թուրքաիայի, և՛ Իրանի, և՛ Ադրբեջանի նախագահներին, Վրաստանի վարչապետին, ՌԴ նախագահին։ Նկատի ունեմ, որ, բացի անձամբ փոխանցելուց, մենք ծրարներով ուղարկել ենք մեր տասնյակ գործընկեր երկրներին։ Ըստ էության, միջազգային հանրությունը լիարժեք տեղեկացված է մեր նախագծի և պատրաստակամության մասին։

Ամփոփելով՝ ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է հենց այսօրվանից սկսել գործնական աշխատանքը՝ Արևելքից Արևմուտք, Արևմուտքից Արևելք երկաթուղիների, ավտոճանապարհների…

Կարդացեք նաև

Հայաստանի ու Ադրբեջանի հատուկ ներկայացուցիչների քննարկումների ընթացքում նաև այդպիսի գաղափար կա, որ գնահատենք երկաթուղային ենթակառուցվածքների վիճակը և հասկանանք, թե ինչ չափի ներդրումներ են պետք՝ այն ամբողջությամբ գործունակ վիճակի բերելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Այս համատեքստում նա նաև ընդգծեց՝ ճիշտ է, շեշտը դրել են ավտոճանապարհների և երկաթուղու վրա, բայց չպետք է մոռանալ, որ այդ նույն ճանապարհներով պատրաստ են երթուղի տրամադրել և՛ գազամուղների, և՛ նավթամուղների, և՛ էլեկտրագծերի համար, նաև ինտերնետ կաբելի ու հնարավոր այլ կոմունիկացիաների համար։

«Անդրադառնալով Ադրբեջան-Նախիջևան կապին, ասեմ, որ այն այսօր էլ ՀՀ տարածքով ապահովվում է, և խոսքն օդային տարածքի մասին է, որովհետև Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ պարբերաբար տեղի են ունենում ավիաչվերթներ։ Սա նշանակում է, որ «Խաղաղության խաչմերուկի» այն կոնցեպտը, որը մենք առաջարկում ենք, արդեն իսկ գործնականում աշխատում է, և դրանից կարծես ոչ մեկը չի բողոքում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս