«Մեր արևմտյան մի շարք գործընկերները չեն ուզում, որ տրանսպորտային հոսքերը հոսեն Իրանի տարածքով». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը»  համաժողովին հայտարարեց, որ ամենևին չեն կարող նեգատիվ արտահայտվել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով կապուղիները զարգացնելուն։

«Նախ՝ Իրանը մեզ համար բարեկամ և հարևան երկիր է, երկրորդը՝ դա երկու երկրների ինքիշխան հարաբերությունների հարց է, և այստեղ Հայաստանը որևէ դիտողություն ու նկատառում ունենալ չի կարող։ Միայն կարող է հաջողություն մաղթել տրանսպորտային հետագա ինֆրաստրուկտուրային զարգացման գործում։

Շատ կարևոր է իմանալ, թե այս նախագծի վերաբերյալ ինչ նկատառումներ ունեն այլ երկրները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և սկսեց դիտարկումներ անել Ռուսաստանից։

Նրա խոսքով՝ իր վերլուծությամբ ու ուսումնասիրությամբ այս ամենի վերաբերյալ  Ռուսաստանի համար շատ հասկանալիորեն տարանցիկ ուղիներն էականորեն տնտեսական ու քաղաքական նշանակություն ունեն, այդ թվում՝ արտաքին քաղաքական նշանակություն։

Կարդացեք նաև

«Այդ ամբողջ հոսքերն այս տարածքով անցնելը Ռուսաստանի համար կարող է լինել ընդունելի, եթե ինքը շարունակի որոշակի ազդեցություն ունենալ այս հոսքերի կառավարման վրա, ի՞նչ չափի՝ էական չէ։

Ի՞նչ են ուզում արևմտյան մեր մի շարք ընկերներ ու գործընկերներ։ Իմ տպավորությամբ նրանց հասկանալի է, որ այս ճանապարհն ըստ էության գոնե առայժմ լավատեսության հիմք չի տալիս, բայց նրանց համար խնդրահարույց է, և նրանք չեն ուզում, որ հիմնականում հոսքերն անցնեն Իրանի տարածքով՝ հարաբերությունների մի շարք հանգամանքների պատճառով։ Սա էլ է գործոն, որը պետք է մտքում ունենալ։

Իսկ ի՞նչ է ուզում Իրանը. Իրանն այն քիչ երկրներից է, որ հստակ աջակցություն է  ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, այն հոսքերը, որոնց մասին խոսում են, ոչ միայն բավարար են, այլև նույնիսկ շատ են տարածաշրջանի՝ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի կապուղիները ծանրաբեռնելով, քանի որ օբյեկտիվորեն դեռ շատ ժամանակ կպահանջվի, որպեսզի տարածաշրջանը կարողանա սպասարկել այն հոսքերը, որոնք գոյանում են։

«Այստեղ, իհարկե, կարևոր են Թուրքիայի ու Վրաստանի դիրքորոշումները։ Վրաստանը նույնպես «Խաղաղության խաչմերուկ» նախագծի աջակից է, այս նախագիծն առաջին անգամ ես ներկայացրել եմ Վրաստանում։ Իսկ Թուրքիայի դիրքորոշումները կարող են համադրվել Հայաստանի դիրքորոշումների հետ։ Ըստ էության «Խաղաղության խաչմերուկը» կարող է ռեալ ինտեգրվել միջին միջանցքի հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքականության կարևորագույն թեմաներից մեկն է, և ըստ էության սա շատ բնականոն ինտեգրում է։ Այսինքն՝ նկատի ունեմ, որ մենք նախագիծը ոչ թե ստեղծել ենք՝ նկատի ունենալով, որ այն պետք է ինտեգրել միջին միջանցքի նախագածի հետ, այլ այն հենց բնական ճանապարհով ինտեգրվում է դրա հետ։ Կարող է ինտեգրվել նաև Չինաստանի «ճանապարհ» և «գոտի» նախագծի հետ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս