«Փաշինյանի օձիքից կբռնեն, կասեն՝ ո՞ւմ նկատի ունես. դա շատ վատ հետևանքներ է ունենալու». Լևոն Նազարյան

«Խոռային ելույթներ և «զառանցանք». այսպես է որակում ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ՀՀԿ-ի և, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հասցեին վերջին օրերին հնչող գնահատականները, որ՝ նրանք են բերել Փաշինյանին, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից, և այլն:

«Երևանյան ֆոլկլորում կա արտահայտություն՝ գազը թողած ջերմուկներ, շատ բնութագրական է, որովհետև քաղաքական դաշտի այս խոսույթը շատ նման է հանքային ջրի խշխշոցին: Արքեպիսկոպոս Աջապահյանն ունի շատ սուր խոսք և հախուռն բնավորություն, որը շատ հաճախ ի վնաս իրեն է գործում. մի անգամ դա տեղի է ունեցել 2015թ., երբ Գյումրիի տխրահռչակ դեպքերից հետո, որը, ի դեպ, թուրքական հետախուզության ձեռքի գործն էր, զայրացած ամբոխի առջևից գնում էր արքեպիսկոպոսը, և նրանք շարժվում էին Գյումրիում 102-րդ ռազմաբազայի վրա: Դրա հետևանքները կարող էին մեզ համար կործանարար լինել, եթե այդ ժամանակ ամբոխին ճիշտ հունի վրա չվերադարձներ Մարտուն Գրիգորյանը, որը հիմա «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ որդիական հորդորով դիմելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որպեսզի վերջինս ընդդիմադիր շարժման ժամանակ լինի պայքարող քաղաքացիների կողքին:

«Անընդհատ մեր շարքերում տեսել եմ Տեր Շահեին, Տեր Պետրոսին, բայց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին քիչ եմ տեսել: Այն սրտացավությունը, որն ինքն ունի և արտահայտում է խոսքով, լավ կլիներ՝ արտահայտեր գործով»,- շեշտեց նա:

Անդրադառնալով Արցախի վերաբերյալ գործող իշխանությունների հայտարարություններին, Արցախի նախագահին ուղղված մեղադրանքներին, նա նշեց, որ Փաշինյանն իրենից ցանկանում է հեռացնել պատասխանատվությունը.

Կարդացեք նաև

«Եթե Աստված չանի՝ Փաշինյանին հաջողվի ՀՀ Սահմանադրության մեջ հասնել այն փոփոխություններին, որին ձգտում է, նա ուղղակի հայտարարելու է, որ հենց ինքն է այն մարդը, որն Արցախը հանձնել է Ադրբեջանին»:

Նիկոլ Փաշինյանն ասել է, թե Ղարաբաղի հարցն իր էությամբ թոկի ձևով Հայաստանի վզին գցած՝ պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ: Լևոն Նազարյանը նկատեց՝ Փաշինյանն անուններ չի տալիս, որովհետև այդ պարագայում խնդիրներ կունենա. «Կբռնեն օձիքից, կասեն՝ ո՞ւմ նկատի ունես, որովհետև այն երկրները, որոնք ներգրավված են եղել արցախյան հակամարտության գործընթացում, պատահական երկրներ չեն, դա ՔՊ-ական խմբակի անդամներն ու իր սրտի գործարարները չեն, դրանք ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երեք պետություններն են, երեքն էլ ատոմային գերտերություններ են:

Բայց տեսել ենք՝ ինքն ինչ գեղջկական ճարպկությամբ է փորձում այդ մանևրներն անել, ասելով, որ՝ ՌԴ-ին չէր ասում, գուցե այլ երկրի նկատի ուներ: Բայց այստեղ կա շատ ավելի վտանգավոր երևույթ. Այս թեզով նա փորձում է հիմնավորել և ավելի բովանդակային տեսք տալ Ադրբեջանի այն պնդումներին, որ Հայաստանն ագրեսոր երկիր է, որը ԽՍՀՄ փլուզումից հետո իրականացրել է ադրբեջանական տարածքի անեքսիա: Ամբողջովին փոխում է արցախյան հիմնախնդրի պատմությունը, ինչը շատ վատ հետևանքներ է ունենալու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս