9 անշարժ գույք, այդ թվում՝ Բուլղարիայում և Հունաստանում, և միլիոններ, միլիոններ. Գրիգոր Մինասյանի ու տիկնոջ հայտարարագրերը
Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Մինասյանը հրաժարական ներկայացրեց։
«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը: Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ,- իր ֆեյսբուքյան ծանուցման մեջ նշել էր Գրիգոր Մինասյանը՝ հավելելով, -Իհարկե, կարելի էր ավելի համբերատար լինել, մնալ և պայքարել այս ամենի համար և շարունակել հանգիստ ներկայացնել կատարված հսկայածավալ աշխատանքը, բայց ես որոշեցի վերադառնալ ինձ ավելի հարազատ միջավայր»։
Իսկ Գրիգոր Մինասյանն այս հարցում ճիշտ է․ նա առանց պաշտոնի էլ կարող է ապրել ու լավ ապրել, համենայն դեպս, այդ մասին վկայում են նրա հայտարարագրերը։
2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հրաժարականի դիմում գրած պաշտոնյայի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք՝ նա տարեվերջին ունեցել է 9 անշարժ գույք, տարվա ընթացքում օտարել 2-ը՝ բաժնային սեփականություն հանդիսացող ավտոտնակն ու հասարակական նշանակության շինությունը։
9 անշարժ գույքի ձեռքբերման հիմնական եղանակը «գնումն» է․ Գրիգոր Մինասյանը հայտարարագրել է 1994 թվականին ձեռքբերման «այլ» եղանակով համատեղ սեփականություն հանդիսացող բնակարան մայրաքաղաքում, դարձյալ Երևանում 2008 թվականին գնված և միանձնյա տնօրինվող ավտոտնակ, 2011 թվականին գնված ավտոտնակ և բնակարան, 2012 թվականին գնված ոչ բնակելի տարածք բազմաբնակարան շենքում։ Բուլղարիայում ևս մեկ բնակարան հայտարարատուն նշել է՝ իբրև նվիրատվություն, որը տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով։
2020 թվականին նա իր գործընկերոջ ու գաղափարակից ընկերոջ՝ Կարեն Անդրեասյանի նման նախընտրել է անշարժ գույք ունենալ Հունաստանում, և այնտեղ գնել է բնակարան, որը տնօրինում է միանձնյա։ 2022 թվականին Գրիգոր Մինասյանը մայրաքաղաքում գնել է հողամաս և անհատական բնակելի տուն։
Հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց է նշվել 2013 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի մեքենան։
Ի թիվս չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքերի՝ Արդարադատության նախարարը նշել է 2009 թվականին իբրև նվիրատվություն ստացած ձեռքի ժամացույցների և արվեստի գործերի մասին, որոնք արժեցել են 12 հազար դոլարից՝ մինչև 22 հազար դոլար և 15 միլիոն դրամ։
Պաշտոնաթողությունը դեռ չհաստատված նախարարը 6 բանկերում բանկային հաշիվների տպավորիչ մնացորդներ է հայտարարագրել, որոնք տարեվերջին ունեցել են հետևյալ տեսքը․ € 119,310, $ 108, € 396, ֏ 17,923,000, $ 480,000, € 58,980, իսկ ոչ պակաս տպավորիչ կանխիկ միջոցները, որոնք տարեվերջին աճեր են ունեցել, կազմել են 15,000,000 դրամ (տարեսկզբի 10,000,000 դրամի փոխարեն), € 4,000 (տարեսկզբի՝ 2000 եվրոյի փոխարեն) և 20 հազար ԱՄՆ դոլար։
Գրիգոր Մինասյանի՝ հաշվետու տարվա 280,115,732.17 դրամ եկամուտը գոյացել է․
ՏՀԶԿ-ից ստացած այլ եկամուտներից՝ € 1,869 , Մելլաթ Բանկ ՓԲԸ-ից ստացված փոխառությունից (վարկ)՝ ֏ 45,000,000, HSBC բանկ Հայաստանից ստացած այլ եկամուտներից՝ ֏ 478,877, վարձակալության դիմաց ստացված վճարից՝ € 19,800, ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտներից՝ ֏ 2,479,800, գույքը օտարելուց ստացված եկամտից՝ ֏ 127,875,000, իրեն պատկանող «ԷՅ ԷՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»-ից ստացած վարձակալության դիմաց վճարից կամ այլ հատուցումից՝ ֏ 21,450,000, և շահաբաժնից՝ ֏ 47,117,283, «ՇԱԲԱԹ ԷՅ ԷՄ»-ից (֏ 440,100), իր տիկնոջը պատկանող «ՓՐՈՖ ԹԱՔՍ»-ից (֏ 324,000) և «ԳՐԻՆՎՈՒԴ» ՍՊԸ-ից ստացած ֏ 4,876,650 վարձակալության դիմաց ստացած վճարներից, ինչպես նաև՝ Արդարադատության նախարարությունից ստացած ֏ 20,961,713 աշխատավարձից։
Հայտարարատուի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45,438,714 դրամ։ Վարկերից մեկի դիմաց հիփոթեքի առարկա է նշվել անհատական բնակելի տունը։
2023 թվականին նախարարը հանգստի համար ծախսել է 2 միլիոն 306 հազար դրամ, 80,000,000 դրամ՝ տան վերանորոգման համար, և ևս 2,479,800 դրամ միանվագ ծախս, որի բովանդակությունը չի գաղտնազերծել։
Գրիգոր Մինասյանը հայտարարագրել է նաև «Փրոֆ թաքս» ՍՊԸ-ում կնոջ՝ Մարիա Ստեփանյանի 100 տոկոս բաժնեմասը և «Էյ Էմ իրավաբանական ընկերությունում» իր՝ 60 տոկոս բաժնեմասը, որը հավատարմագրային կառավարման է հանձնել։
Արդարադատության նախարարը, պարզվում է՝ նաև Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է, իսկ այդ կազմակերպությունում, հետաքրքիր զուգադիպությամբ, մասնաճյուղի տնօրենը Կարեն Անդրեասյանի կինն է՝ Եվա Առաքելյանը, որը Գրիգոր Մինասյանի «Էյ էմ իրավաբանական ընկերության» 40 տոկոս բաժնեմասի տերն է:
Նախարարի տիկինը՝ Մարիա Ստեփանյանը, չի հայտարարագրել անշարժ գույք։ Հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց է նշվել 2016 թվականի արտադրության CADILLAC մակնիշի մեքենան։ 2015 թվականին Մարիա Ստեփանյանը Սուսաննա Մկրտչյանից գնել է բաժնեմաս, որի գինը տարեսկզբին կազմել է 6 միլիոն 300 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 8 միլիոն 600 հազար դրամ։
Հայտարարատուն թեև աչքի չի ընկել բանկային ավանդով (հայտարարագրելով ընդամենը 76 000 դրամ), բայց փոխարենն ունեցել է զգալի բանկային հաշիվների մնացորդներ 4 բանկերում․ տարեսկզբի 16,569 դոլարը տարեվերջին կազմել է 6,719 դոլար, 6,566 եվրոն՝ 5,459 եվրո, 2,197,000 դրամը՝ 2,990,325 դրամ, 182,189.25 եվրոն՝ 175,148 եվրո։ Գրիգոր Մինասյանի տիկնոջ կանխիկ միջոցներն էլ տարեվերջին աճել են ավելի քան 10 միլիոն դրամով՝ կազմելով 34 միլիոն 400 հազար դրամ և 40 հազար դոլար, իսկ հաշվետու տարվա՝ 48,408,949 դրամ եկամուտները գոյացել են ամուսնուն և ամուսնու ընկերոջ կնոջը պատկանող «Էյ Էմ իրավաբանական ընկերությունից» ստացած աշխատավարձից, իրեն պատկանող «Փրոֆ թաքս» ընկերությունից ստացած շահաբաժնից (44,650,000 դրամ) և աշխատավարձից։
Ի դեպ, նա թեև որևէ անշարժ գույք չի հայտարարագրել, բայց հայտարարագրել է անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսեր 30,628,104 դրամի չափով, ինչպես նաև՝ 14,300,000 դրամի չափով այլ միանվագ ծախսեր, որոնց բովանդակությունը չի գաղտնազերծել։