Ուկրաինայում հայտնել են ռուսական հարվածների մասին. կան զոհեր
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են ռուսական ուժերի կողմից երկրի մի քանի շրջաններին հասցված հարվածների մասին, որոնց հետևանքով կան զոհեր։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ Զապորոժիեի մարզի իշխանությունները հայտնել են, որ ռուսական հարվածների հետևանքով հոկտեմբերի 1-ին Զապորոժիեում մեկ մարդ է զոհվել, 7 մարդ՝ վիրավորվել։ Մասնակիորեն փլուզվել է 15-հարկանի շենք, վնասվել է 25 մեքենա, ինչպես նաև մասնավոր տներ։ Բռնկվել են հրդեհներ։
Սումիի մարզում ռուսական հարվածներից մեկ կին է զոհվել, երկու մարդ՝ վիրավորվել։ Ըստ Սումիի մարզային դատախազության՝ ռուսական ուժերը քաղաքացիական ենթակառուցվածքի վրա են նետել 4 կառավարվող ավիառումբեր։ Իսկ Խերսոնի կենտրոնին հասցված հարվածի հետևանքով, ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազության, զոհվել է 6 մարդ։ Եվս վեց մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Իսկ Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ Ուգլեդար քաղաքի մոտ մարտեր են ընթանում. քաղաքում դեռ մնում է 107 բնակիչ, մյուսներին տարհանել են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ Խարկովի և Դոնեցկի մարզերում երկու բնակավայր վերցրել է իր վերահսկողության տակ։ Բացի այդ, նշվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերը խոցել են երեք ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռ և ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք։
ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ով հարվածել են քաղաքացիական մեքենայի Բոգդանովկա գյուղում՝ Խարկովի մարզի՝ ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող հատվածում։ Վիրավորվել է մեկ կին։ Գնդակոծվել են նաև Լիման Վտորոյ և Նիկոլաևկա բնակավայրերը։ Գործակալությունը նշում է, որ գնդակոծություններից Զապորոժիեի մարզի Կամենկա-Դնեպրովսկայա քաղաքում վնասվել է պոլիկլինիկա և խանութ։
Ըստ ՌԴ արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկի՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից Ռուսաստանի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 10 բնակիչ է զոհվել, 125 մարդ՝ վիրավորվել: