«Հայտարարություններն իրարամերժ են, իրանական կողմում լիարժեք ըմբռնում չկա հայկական կողմի քաղաքականության վերաբերյալ». Գարիկ Միսակյան

Իրանագետ Գարիկ Միսակյանի խոսքով՝ իրանական կողմը սկզբունքորեն դեմ չէ, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև լինի խաղաղության որևէ պայմանագիր, բայց այս պայմանագրում այնտեղ չպետք է լինի «Զանգեզուրի միջանցք»։

«Այդ պայմանագիրը չպետք է լինի ի վնաս Հայաստանի, նաև Իրանի աշխարհաքաղաքական շահերին, հատկապես որ, այս փուլում դրանք համընկնում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը՝ խոսելով Իրանի դիրքորոշման մասին, կապված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրից, «Զանգեզուրի միջանցքից», ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիայի հնարավոր միջնորդ դառնալուց։

Ըստ իրանագետի, հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիայի միջնորդ դառնալն անընդունելի է նաև հայկական շահերից, քանի որ Թուրքիան Ադրբեջանի բացահայտ դաշնակիցն է։

«Որքան էլ այդ բոլոր հանդիպումները տեղի ունենան ժպիտներով և այլն, Թուրքիան Հայաստանի համար թշնամական պետություն է և իր քաղաքականությունը կառուցելու է Հայաստանին առավելագույնը թուլացնելու վրա։

Կարդացեք նաև

Այս համատեքստում էլ իրանական կողմի դիրքորոշումը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, բացարձակապես չի փոխվել, սա վկայեցին նաև Իրանի արձագանքները ռուսական կողմին։ Իրանն այս փուլում իր դաշնակից համարվող պետությանը բավականին քննադատեց, և այստեղ խոսքը վերաբերում էր «Զանգեզուրի միջանցքին»։

Եղավ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի այցն Իրան Իսլամական Հանրապետություն, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև «միջանցքի» հարցը։

Ըստ իրանական լրատվամիջոցների, ռուսական կողմը՝ ի դեմս Շոյգուի, հայտարարել է, որ Ռուսաստանը կողմնակից է և հարգում է Իրանի քաղաքականությունը՝ կապված «միջանցքների» տրամաբանության հետ։ Այսինքն՝ այստեղ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ որևէ դիրքորոշում չի փոխվել։ Նաև Իրանի նախագահի հայտարարությունները, Փաշինյանի հետ զրույցում էլ՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, խոսում է Իրանի անփոփոխ դիրքորոշման մասին»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ Գարիկ Միսակյանի՝ այլ խնդիր է այն, որ իրավիճակը սրվում է Իրանի շուրջ, և հնարավոր է՝ Իրանն այս փուլում ուշադրությունը շեղի այս տարածաշրջանից։

Խոսելով «միջանցքի» վերահսկողությունը մասնավոր պահնորդական կազմակերպության տալու ՀՀ իշխանության հայտարարությունների և այս համատեքստում՝ Իրանի դիրքորոշման մասին, Գարիկ Միսակյանը նկատեց՝ իրանական կողմը միանշանակ բացասական վերաբերվեց այս հայտարարությանը։

«Իրանը մշտապես պնդել է, որ ցանկացած ճանապարհի, հաղորդակցության ուղիների վերահսկողությունը պետք է գտնվի ՀՀ ձեռքերում, քանի որ դրանք անցնելու են ՀՀ սուվերեն տարածքով։ Հայաստանի կողմից էլ են հայտարարությունները բավականին իրարամերժ, նույն այդ հայտարարությունների ֆոնին եղավ մեկ այլ հայտարարություն, երբ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ Հայաստանը հետևում է Իրանի տրամաբանությանը՝ «միջանցքային» ծրագրերի հետ կապված։ Իրանի կողմից սա գնահատվեց, որ Հայաստանն ի վերջո համաձայնել է Իրանի հետ՝ «միջանցք» չտրամադրելու հարցում։ Բայց կրկնում եմ՝ այս հայտարարություններն այնքան իրարամերժ են, որ իրանական կողմում լիարժեք ըմբռնում չկա հայկական կողմի քաղաքականության ու դիրքորոշման վերաբերյալ»,- եզրափակեց Գարիկ Միսակյանը։

Տեսանյութեր

Լրահոս