Մոսադն արթնացնում է դերվիշների «քնած բջիջները» Թուրքիայում. Ստանիսլավ Տարասով
Թուրք գրող և վերլուծաբան Քեմալ Օզթյուրքը, Al Jazeera գործակալությանը պատմելով այն մասին, թե ինչպես է թուրքական հետախուզությունը հարվածել «Մոսադ» գործակալական ցանցին Ստամբուլում և երկրի այլ շրջաններում (այս տարվա հունվարին.- խմբ.), հանգել է ապշեցնող փաստի։ Նրա խոսքով՝ «ձերբակալվածների թվում քիչ չեն եղել չալմայով, մորուքով և կրոնական տեսքով մարդիկ։ Նրանք բոլորը գտնվում էին, այսպես կոչված, «քնած բջիջների» մեջ, ինչը «մեծ զարմանք է առաջացրել Թուրքիայում»։
«Ես ուշադիր հետևել եմ այս իրադարձություններին և զրուցել անվտանգության շատ աշխատակիցների հետ»,- գրում է Օզթյուրքը,-«Եթե Թուրքիայում Իսրայելի քնած բջիջները շարժման մեջ են մտնում, դա նշանակում է՝ այլ երկրներում նույնպես բջիջներն արթնանում են»:
Խոսքը դերվիշների մասին է, որոնք «արթնանում են» շատ հազվադեպ և միայն հրամանով, և դա միշտ էլ «Մերձավոր Արևելքն ընդգրկող տարածաշրջանային և նույնիսկ գլոբալ խոշոր միտումների արդյունք է»։
Շատ փորձագետներ հաճախ ժամանակակից Թուրքիան համեմատում են ռուսական մատրյոշկայի հետ՝ փորձելով հասկանալ երկրի քաղաքական դասի ծագումնաբանությունը։ Երբ նրանք նկարագրում են ազգայնականներին, քեմալականներին, հանրապետականներին՝ ամեն ինչ կարծես թե պարզ է։ Բայց երբ փորձում են խորանալ գործընթացների մեջ, անընդհատ բախվում են տարբեր դերվիշական օրդենների՝ թարիքաթների (թուրքերեն՝ աղանդ.- խմբ․), որոնք հաճախ քաղաքական կուսակցությունների յուրօրինակ նախատիպեր են, որոնք ճիշտ ժամանակին և ճիշտ պահին «հանկարծ» վերափոխվում են աշխարհիկ ուղղվածության միավորումների և կուսակցությունների, արտաքինով գրեթե եվրոպական կերպար»։
Այս երևույթը մակերեսորեն ուսումնասիրվել է մասնագետների կողմից, սակայն նշված վերափոխման փաստը նկարագրել է թուրքական Yenicag թերթը։ Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայում «չգիտես, թե որտեղ է ավարտվում օրդենը և սկսվում կուսակցությունը և հակառակը»։ Միևնույն ժամանակ նկատվում է՝ երբ երկրում որևէ քաղաքական իրադարձություն կամ ցնցում է տեղի ունենում, մզկիթներում, փողոցներում և քաղաքների հրապարակներում հաճախ հայտնվում են իմամներ, ջամաաթների և թարիքաթների շեյխեր, որոնք տարբեր կարգախոսներ են հռչակում: Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար, Բրուքինգի ինստիտուտի փոխնախագահ Քեմալ Դերվիշը գրում է․ «պարադոքսն այն է, որ նման իրավիճակը վերահսկելու իշխանությունների հնարավորությունները շատ սահմանափակ են»։ Բայց այստեղ ամեն ինչ այնքան էլ ակնհայտ չէ, ինչպես պնդում է Դերվիշը։
Մենք կնշենք միայն Թուրքիայում ճանաչված փաստերը։ Առաջին. Ներկայումս կան դերվիշների ավելի քան 70 օրդեններ, որոնք տեղակայված են Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում (Թուրքիա, Եգիպտոս, Իրան, Իրաք և այլն): Դրանցից ամենահինը համարվում է Էլվանի օրդենը, որը հիմնադրել է շեյխ Էլվանը (մահացել է Ջիդդայում 766 թվականին)։ Մյուս ամենահին օրդեններն են Էդգեմիտները, Բեկթաշները և Սակաթիները։ Հաստատվել է՝ թարիքաթները փոխկապակցված են «հաղորդակցվող անոթների» համակարգով՝ ինչպես ֆինանսավորման աղբյուրների, այնպես էլ՝ մշակված գաղափարական համակարգերի արտահանման կամ ներմուծման տեսանկյունից։
Երկրորդ. Թուրքիայում ոչ բոլոր թարիքաթներն ունեն տեղական ծագում, ոմանք արմատավորված են Մերձավոր Արևելքի և նույնիսկ Կենտրոնական Ասիայի այլ շրջաններում, և, հետևաբար, չեն կրում որոշակի էթնիկ և պետական ինքնություն: Համարվում է՝ նրանց ավելի շատ միավորում է «խալիֆայության» գաղափարը, այլ ոչ թե ազգային տիպի պետականությունը։ Պատահական չէ՝ Հանրապետական Թուրքիայում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը վերացրեց թարիքաթները, իսկ նրանցից ոմանք ընդհատակ անցան, մյուսները տեղափոխվեցին երկրի սահմաններից դուրս։ Թուրքիայում նրանք «արթնացան» Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ բազմակուսակցական համակարգի ստեղծումից հետո։
Երրորդ. Դերվիշներին հաջողվում է իրենց ներկայացուցիչներին պատվիրակել իշխանության վերին օղակներ։ Աթաթուրքի մահից հետո երկրի նախագահ դարձած քուրդ Իսմեթ Ինենյուն չի թաքցրել, որ եղել է դերվիշ Օզբեկլերի մենաստանում և, այսպես կոչված, Պահակային հասարակությունում։
Նաքշիբենդիի սուֆիստական այս բնակավայրը մինչ օրս գործում է Թուրքիայում: Թուրքիայի կառավարության ղեկավար Ադնան Մենդերեսը, որը հիմնադրել է դեմոկրատական կուսակցությունը, եղել է թարիքաթ Նաքշիբենդիի անդամ։ Ըստ մի շարք թուրք հրապարակախոսների՝ Նեջմեթթին Էրբաքանին «Ազգային փրկություն» կուսակցության ստեղծման համար ոգեշնչել է շեյխ Նաքշիբենդի Կոտկան: Կուսակցության կազմը որոշել է նաև նա, կազմի մեջ են մտել «նուրջու» և «քադիրի» առանձին խմբավորումներ։ «Հայրենիք» կուսակցությունը (1983-1991թթ.) Թուրգուտ Օզալի գլխավորությամբ կամ ստեղծվել է, կամ ակտիվորեն աջակցվել է թարիքաթ Նաքշիբենդիի կողմից:
2002–ին «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո թուրք դերվիշները սկսեցին «արթնանալ», ակտիվորեն միանալ քաղաքականությանը։ Առկա նյութը ցույց է տալիս, որ Թուրքիայի գործող նախագահ Էրդողանն ակտիվ աջակցություն է ունեցել թուրք աստվածաբան Ֆաթուլլահ Գյուլենի և թարիքաթներ Սուլեյմանջիլարի, Մենզիլի և Իսմայիլագի կողմից, իսկ Էրդողանին համարում են կամ սուֆիստական միաբանության երկրպագու, կամ հետևորդ։ Բայց հետո սկսվեց ներքին պայքար դերվիշական սկզբունքով՝ «երկրում երկու փադիշահ չի կարող լինել», և Էրդողանը որոշեց՝ «ինքը միակ փադիշահը կլինի»։ Այժմ, բոլոր նախանշաններով, դերվիշները, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում սպասվող աշխարհաքաղաքական ցնցումները, սկսել են այլընտրանքային նարատիվներ փնտրել Թուրքիայում՝ նոր քաղաքական լանդշաֆտին ինտեգրվելու համար։
Նման տրամադրություններ է որսացել նաև Մոսադը, որին, կարծես, հաջողվել է օպերատիվ ներթափանցում ապահովել դերվիշական բարդ համակարգ՝ տեղեկատվություն ստանալու և ինչ-որ կոնկրետ գործողություններ իրականացնելու համար։ Դա արձանագրել է թուրքական հետախուզությունը։ Վերջին ամիսներին տարածաշրջանում ուժերի դասավորությունն արմատապես փոխվել է ոչ հօգուտ Թել Ավիվի. ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի սկսվելուց հետո կտրուկ վատացել են իսրայելա-թուրքական հարաբերությունները, ինչը պահանջում է Իսրայելի արագ և հստակ արձագանքն իրավիճակի փոփոխությանը:
Բացի այդ, սուֆիստական միստիկների գաղափարները, ոչ թե նեոօսմանիզմը կամ պանթուրքիզմը, այլ խալիֆայությունն են ընդլայնում ազդեցության ներթափանցման գոտիներ, տարածաշրջանի այլ երկրներ։ Իրանում, օրինակ, տարեսկզբին Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը հայտարարեց՝ դերվիշների «Գոնաբադի» աղանդի ճյուղավորումը կապված է Մոսադի և ԿՀՎ-ի հետ։ Ընդ որում, օրենսդիրը նշել է՝ դերվիշների երեք ճյուղ կա, հավելելով, որ դրանցից մեկը զինված ապստամբության է դիմել Իսլամական Հանրապետության դեմ:
Մի խոսքով, խնդիր է դրված Թուրքիային «խորքային մակարդակով» վերախաղարկել՝ «միստիկ իսլամի խաղաքարտով»։ Ուստի չի կարելի բացառել՝ «դերվիշներին շարժում են» և փորձում են որպես գործիք օգտագործել Անկարայի դեմ պայքարում։ Հետո ի՞նչ է սպասվում Թուրքիային, չէ՞ որ դերվիշները միշտ «արթնանում» են ոչ պատահականորեն։
Թարգմանությունը՝ Գ.Մ.-ի