«Գազպրոմն» Աֆրիկան դիտարկում է որպես գազի իրացման հեռանկարային շուկա
«Գազպրոմն» Աֆրիկան դիտարկում է որպես իր գազի իրացման հեռանկարային շուկա, ինչպես նաև ուսումնասիրում է գազաշարժիչ վառելիքի, փոքրատոննաժ հեղուկ բնական գազի և գազարտադրության նախագծեր: Այս մասին հայտնել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության պետ, «Գազպրոմ էքսպորտի» գլխավոր տնօրեն Դմիտրի Խանդոգան՝ «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովի «Ռուսաստան-Աֆրիկա. էներգետիկ համագործակցության ներուժի բացահայտում» նստաշրջանում:
««Գազպրոմը» գազի հսկայական պաշարներ ունի։ Ներկայում ամբողջ աշխարհում կան գազի առաքման արդյունավետ եղանակներ, առաջին հերթին՝ հեղուկ բնական գազը և ծովային փոխադրումը», – ասել է Խանդոգան:
Ընկերությունը դիտարկում է նաև գազաշարժիչային վառելիքի, փոքրատոննաժ հեղուկ բնական գազի և գազարտադրության նախագծերը, որոնց մասին կարող է հայտարարել Քեյփթաունի Աֆրիկյան էներգետիկ շաբաթվա ընթացքում:
«Գազպրոմը» պատրաստ է ակտիվորեն ներկայացնել իր փորձը Աֆրիկային, կարևոր է համարում առանձին երկրների գազի արդյունաբերության զարգացման գլխավոր սխեմաների մշակումն ու իրականացումը: Ընկերության թոփ-մենեջերը հավելել է, որ ռուսական ընկերությունը նման սխեմաների մշակման փորձ ունի Հայաստանում, Ղրղզստանում, Բանգլադեշում, Լատինական Ամերիկայի երկրներում:
Յոթերորդ անգամ անցկացվող «Ռուսական էներգետիկ շաբաթը» կազմակերպվել է ՌԴ կառավարության, Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության և Մոսկվայի կառավարության աջակցությամբ: Կազմակերպիչը «Ռոսկոնգրես» հիմնադրամն է: