ՀՀ ՏԿԵ նախարարության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Երևանի պետական համալսարանի միջև համագործակցության հուշագիր կնքվեց
Ծաղկաձորում ընթացող հանքարդյունաբերական միջազգային համաժողովի ընթացքում համագործակցության հուշագիր կնքվեց Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Երևանի պետական համալսարանի միջև:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` փաստաթուղթն իրենց ստորագրություններով վավերացրեցին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
«Ուրախ եմ, որ այս միջոցառումը տարեցտարի ընդլայնվում է, ընդգրկում է ավելի մեծ և կարևոր օրակարգեր։ Մեզ համար` որպես կառավարություն, չափազանց կարևոր է այն, ինչ քննարկելու ենք այստեղ։ Հասկանանք, թե ոլորտն ինչ վիճակում է, ինչ խնդիրներ, հարցեր, մարտահրավերներ կան, ինչ զարգացումներ են սպասվում, ինչ տեխնոլոգիական հնարավորություններ կան, որոնք անհրաժեշտ է օգտագործել ոլորտում, և այս ամենը ինչ ազդեցություն կունենա ոլորտի և ընդհանրապես՝ մեր տնտեսության վրա»,- ոլորտի զարգացման տեսանկյունից կարևորելով փաստաթուղթը՝ նշեց Գնել Սանոսյանը:
Նախարարն ընդգծեց, որ բոլոր երկրներում էլ հանքարդյունաբերության դերը հսկայական է` տնտեսության տվյալ ճյուղի, մյուս ճյուղերի հետ փոխկապակցության, արտահանման ծավալների և այլ առումներով։
«Ուրախ եմ նաև արձանագրել, որ համատեղ աշխատանքի արդյունքում նախորդ տարի վերջապես ունեցանք այս ոլորտի ռազմավարությունը։ Իհարկե, որևէ փաստաթուղթ իդեալական չէ, միգուցե ընթացքում զգացվի շտկումների կարիք։ Բայց, այնուամենայնիվ, առաջին անգամ ոլորտի ռազմավարություն ունենք, առաջիկա տասնամյակներին առաջ ընթանալու որոշակի տեսլականներ և պատկերացումներ ունենք։ Կխնդրեի, որ այս քննարկումները և շփումները նաև առիթ դառնան տեսնելու, թե մեր ռազմավարությունը ինչպիսին է և ինչ կարևոր չափանիշներ կան, որ ոլորտը պետք է ներգրավի և դրանցով առաջնորդվի»,- Գնել Սանոսյանը խիստ կարևորեց այս փաստաթուղթը` ոլորտի զարգացմանը նպաստելու տեսանկյունից։
Ծաղկաձորում սեպտեմբերի 27-ին մեկնարկել է երկօրյա համաժողով՝ «Ժամանակակից հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ.Հայաստանի ռեսուրսները՝ համաշխարհային տնտեսության համատեքստում» խորագրով