Ռուսաստանից ասել են՝ դո՛ւրս արի ՀԱՊԿ-ից, բայց հետևանքը կրելու ես ինքդ. Հայկ Խալաթյան

Սեպտեմբերի 18-ին Հայաստանում ընթացող Սփյուռքի համաժողովի ժամանակ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, և ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության համար։

Փաշինյանի այս հայտարարությանը շատ արագ արձագանքեցին Ռոսաստանից. մասնավորապես, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ի պատասխան Փաշինյանի կողմից հնչեցված մեղադրանքներին՝ շեշտել է՝ այդ հայտարարությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին հակասում են ողջախոհությանը։

«Ինձ թվում է, որ հայտարարությունները հակասում են ողջախոհությանը և իրականությանը։ Որովհետև եթե ձեզ ինչ-որ բան «սպառնում է», հատկապես՝ ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ Հայաստանը դեռ մնում է ՀԱՊԿ-ում»,- ասել  Զախարովան։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի վերլուծաբան Հայկ Խալաթյանը, խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ի վերաբերյալ արված հայտարարությունների և դրան ի պատասխան՝ Ռուսաստանից եկող արձագանքների մասին, նշեց, Փաշինյանի իրարամերժ հայտարարությունները Հայաստանն ու հայ ժողովրդին դարձրել են ծաղրուծանակի առարկա՝ միաժամանակ ստեղծելով աշխարհում այնպիսի ֆոն, որ Հայաստանի ղեկավարի խոսքը ոչ մի կենտրոնի համար չունի կշիռ և արժեք։

Կարդացեք նաև

«Աշխարհում բոլորը ծիծաղում են. հարցնում են՝ ՀԱՊԿ-ից դուրս չեք գալիս, բայց այնպես եք անում, որ ձեզ դուրս հանեն այդ կառույցից։ Մինչդեռ, եթե պետության ղեկավարն ինքն իրեն ու երկիրը հարգեր, սպառնալիքի պարագայում առաջինը դուրս կգար։ Արդյունքում՝ ստացվում է մի վիճակ, երբ ռուսական կողմն ասում է՝ ուզում ես դուրս գաս, ինքդ առաջին քայլն արա, որպեսզի հաջորդիվ տեղի ունեցածի պատասխանատվությունը կրես անձամբ»,- ասաց Խալաթյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ Փաշինյանը նույն հակասականությունն է ցուցաբերում նաև նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարության հետ կապված, ինչն Ալիևին լեգիտիմ առիթ է տալու՝ Սյունիքի հարցում էսկալացիայի միջոցով հասնել իր նպատակին։

«Ի՞նչ է նշանակում, եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունով ստանձնած պարտավորությունդ չես կատարում, այդ դեպքում ինչո՞ւ հետ չես կանչում այդ ստորագրությունը, չէ՞ որ Ադրբեջանին տալիս է լեգիտիմություն՝ Սյունիքով միջանցքի հարցում իր նպատակը լեգիտիմացնել։ Ադրբեջանը հենց սա է մեր դեմ օգտագործում։ Փաշինյանը նոյեմբերի 9-ի հայտարարության տակից իր ստորագրությունը հետ չկանչելով՝ լեգիտիմացնելու է Ալիևի գործողությունները Սյունիքում»,- ասաց Խալաթյանը՝ ընդգծելով՝ ինչպես Հայաստան-Ռուսաստան, այնպես էլ՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում Փաշինյանը հավատարիմ է մնում հակառուսականությանը, ինչն էլ հենց Հայաստանի համար շատ լուրջ սպառնալիք է հանդիսանում։

«Հայաստանի ներկայիս իշխանության քաղաքականությունն է սպառնալիք Հայաստանի համար… Այս իշխանության անտաղանդ արտաքին քաղաքականության հետևանքով Բաքվում և Ակարայում վստահ են, որ պատմական հնարավորություն ունեն հայկական հարցը լուծել, անել այնպես, որ Հայաստանը երբեք տարածարջանում գործոն չմնա։ Բաքվում ավելի են համոզվում, որ չեն բավարարվի զիջումներով, որովհետև Փաշինյանի իշխանությունը հենց այդ պատմական հնարավորությունն է և անում է այնպես, որ Հայաստանը կախված լինի ոչ թե Թուրքիայից, այլ Ադրբեջանից»,- խոսքը եզրափակեց Հայկ Խալաթյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս