Գլխավոր դատախազության հետ հաշտության եկած գեներալ Միրզաբեկյանի որդին Հունաստանում ՀՀ ռազմական կցո՞րդն է
Օրեր առաջ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը և նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն ՀՀ դրամ (շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար):
Նշենք, որ Ապրիլյան պատերազմից հետո 2016 թվականի ապրիլի 26-ին Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանն ազատվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։
Սեպտեմբերի 16-ին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շեշտել էր՝ Ալիկ Միրզաբեկյանը հայրենասեր գեներալ է, ծառայել է հայրենիքին տարբեր պաշտոններում:
«Օրինակ, այն ինժեներական աշխատանքները, որ այսօր իրականանում են, դրա հիմքերը դրվել են Ալիկ Միրզաբեկյանի ղեկավարության ժամանակ՝ ծրագրային պլանավորման և ռեալ աշխատանքի առումով»,- շարունակել էր նա՝ հավելելով, որ Միրզաբեկյանի օրոք բավականին բարելավվել էր նյութատեխնիկական ապահովման ոլորտը:
Հավելենք, որ 2020թ. դեկտեմբերին ՀՀ ԶՈՒ պահեստազորի և պաշտոնաթող գեներալները հայտարարություն էին տարածել, որտեղ, մասնավորապես, նշվում էր.
«Ցավոք, վերջին զարգացումներն ու սանձազերծված պատերազմը պատճառ դարձան մեր Հայրենիքի ու նրա անվտանգության կարևորագույն հատվածի կորստի համար: Մեր Ժողովուրդն ու Բանակը իրենց ուժերի լարումով կանգնեցին Հայրենիքի պաշտպանության ճակատում ու թիկունքին, սակայն անգրագետ, անփույթ և մեծամիտ իշխանությունները մեր երկիրը տարան կործանարար ճանապարհով:
Մենք կոչ ենք անում մեր հասարակությանը՝ սթափ նայել օրեցօր ահագնացող հիմնախնդիրներին ու տարածաշրջանում անվտանգային նոր սպառնալիքներին: Այդ նպատակով կարևոր ենք համարում երկրում ներքաղաքական կայունության հաստատումը, օր առաջ ապահովելով նոր՝ գրագետ, բանիմաց ու փորձառու իշխանությունների ձևավորումը, պետական բոլոր կառույցների ու հատկապես բանակի խնդիրների հստակ ձևակերպումը:
Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել Հայրենիքի առջև ստանձնած ծանր պատասխանատվության բեռը, և պետք է անհապաղ հրաժարական տան»:
Այս հայտարարության տակ ստորագրել էր նաև գեներալ Միրզաբեկյանը:
Ի դեպ, «հրթիռների գործով» Ալիկ Միրզաբեկյանը վկաների ցուցակում էր, սակայն առողջական խնդիրների պատճառով այդպես էլ դատարան որպես վկա չգնաց:
Մեր տեղեկություններով, Ալիկ Միրզաբեկյանի որդին Հունաստանում ՀՀ ռազմական կցորդն է: