Սիբիլն ու «Հրանտ Դինք» մանկական երգչախումբը համատեղ երգով հորդորում են բարությամբ հաղթել չարին
Պոլսահայ երգչուհի Սիբիլը, որը միշտ պահպանում է կապը Հայաստանի երկրպագուների հետ, «Հրանտ Դինք» մանկական երգչախմբի հետ համագործակցությամբ երաժշտասերների դատին է հանձնել «Բարի լույս» ստեղծագործությունը։ Երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է։
Սիբիլն ու «Հրանտ Դինք» մանկական երգչախումբը (կազմված է հայաստանցի աշակերտներից) հանդես են գալիս «Մաղթենք բարի լույս, թող բարին հաղթի» կարգախոսով։
«Մայր բնությունն այնքան գեղեցիկ գույներ ու բույրեր է պարգևել մարդուն՝ գետի շառաչը, երփներանգ ծաղիկների բուրմունքը, անտառի մեղմ խշշոցը, կապույտ երկինքը, սակայն մարդկությունը, տեղի տալով իր եսասիրությանը, կարծես նահանջել է իր կոչումից՝ տեսնել ու վայելել բնության հրաշքները, ձուլվել նրան, դառնալ նրա մի մասնիկը, ինչպես որ նախատեսել էր Արարիչը։ Ինքնասիրության պատճառով աշխարհի չորս կողմերում բռնկված բոլոր պատերազմները մերժում ենք «Բարի լույս»-ով, որովհետև ամեն մի բարի լույս օրհնանք ու լավատեսություն է, հույս է հաշտություն աղերսող մանուկների համար»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
Երգը գրվել է Համո Սահյանի բանաստեղծության հիման վրա։ Երաժշտությունը Հրանդ Ճիզմէճեանինն է, գործիքավորողը Մաժակ Թոշիկյանն է, ռեժիսորներն են Հարություն Գևորգյանն ու Սայաթ Դաղլըյանը։