«Ուժային կառույցները պետք է պատրաստ լինեն ամեն ինչի». Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ հարցին, թե Ադրբեջանը պարբերաբար տարածում է հին տեսանյութեր, ռազմական էսկալացիայի վտանգ արդյո՞ք տեսնում է։
Սեյրան Օհանյանը նկատեց, որ տեղեկատվական պատերազմը և հակապատերազմը մարտական գործողությունների մաս են կազմում։
«Համապատասխան մասնագետները պետք է ուսումնասիրություններ կատարեն՝ որքանով է դա ճիշտ և որքանով է ազդելու ապագա մարտական գործողությունների վրա։ Գտնում եմ, որ Պաշտպանության նախարարությունը, Անվտանգության խորհուրդը պետք է լուրջ ուսումնասիրություններ կատարեն։ Բայց անկախ այդ ուսումնասիրություններից, Պաշտպանության նախարարությունը, ուժային կառույցները, ընդ որում՝ բոլոր ուժային կառույցները պետք է պատրաստ լինեն ամեն ինչի»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ միջազգային գործընթացներ են նախապատրաստվում իրականացնել Ադրբեջանում, այդ համատեքստում էսկալացիայի վտանգը փոքր է։ Սակայն Հայաստանը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ մարտական գործողություններ, պատերազմ կարող է հրահրվել ցանկացած ժամանակ, նույնիսկ մարտական գործողություններ կարող են ծավալվել շատ փոքր պատճառով։
«Բազմիցս ասել եմ, որ այս երեք տարիները բավականին կորսված ժամանակահատված են ռեալ նախապատրաստվելու, բայց ՀՀ-ն, հատկապես ՊՆ-ն պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի պատրաստ լինեն մարտական գործողություններին»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում