«2500 ԱԹՍ գնելու պլան է թողել Սերժ Սարգսյանը. այդ գնման պլանը Փաշինյանն է փոխել». Հայկ Մամիջանյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ ու պարզաբանեց իշխանական պատգամավորների կողմից տարածվող ապատեղեկատվությունը, շեշտելով՝ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու ճշմարտությունը։

«Քիչ առաջ ճեպազրույցների ժամանակ Անդրանիկ Քոչարյանը մի քանի միտք հնչեցրեց՝ կապված 44-օրյա պատերազմի հետ, հնչեցնեմ տվյալներ, որոնք, իմ հիշելով, երբևէ չեն հնչել, թող դրանց իրենք պատասխանեն։

Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով՝ փոխեց ՀՀ սպառազինությունների գնման պլանը ու գնեց իր սելֆիի «Սու»-երը՝ մարդկության պատմության մեջ ամենաթանկ սելֆին՝ մի քանի տասնյակ դոլար։

Ըստ մեր թողած սպառազինությունների գնման պլանի, երբ ես խոսում եմ այս մասին, նկատի ունեմ, որ պայմանագրերն էլ էին պատրաստ, դրա համար գումարն էլ էր պատրաստ, նախատեսված էր գնել շուրջ 2500 ԱԹՍ, որոնցից զգալի հատվածը, եթե չեմ սխալվում՝ շուրջ կեսը, պիտի Հայաստան հասներ ու ընդունվեր Զինված ուժերի շարքեր մինչև 2020 թվականը։ Փաշինյանը դա փոխեց, փոխարենը՝ առավ իր սելֆիի  «Սու»-երը, որոնք պատերազմական գործողություններում որևէ կերպ չեն օգտագործվել»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Կարդացեք նաև

Նա շեշտեց՝ հիմա թող գնան, պատասխան տան, դրա համար էլ ներողություն խնդրեն, ներողություն խնդրեն, որ Հայաստանն ԱԹՍ չի ունեցել 44-օրյա պատերազմում։

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ՄՈԲ ռեսուրսից ու անձնակազմից, մինչդեռ նույն ՄՈԲ անձնակազմն էր 2016 թվականի քառօրյա պատերազմում հաղթել. «Բա ինչո՞ւ այն ժամանակ դասալքության մեկ դեպքի մասին անգամ խոսք չկար»։

«Թող գնա, պատասխան տա ու ներողություն խնդրի նրա համար, որ 2020 թվականին  հոկտեմբերին զինադադար չի կնքել։ Առնվազն հոկտեմբերի կեսերից սկսած բոլոր զոհերն իր անձնական պատասխանատվությունն են։ Թող ներողություն խնդրի, որ իրեն դավաճան չանվանելու և հաջորդ արտահերթում առաջադրվելու համար այդքան լույս տղերք զոհեց։

Ինչ-որ պահեստների լիուլի չլինելու մասին էին խոսում։ Ես թիվ չեմ հնչեցնում, բայց կասեմ, որ  կեսից պակասն է օգտագործվել առկա արկերի։ 44-օրյա պատերազմի ընթացքում զինված ուժերը որևէ սպառազինության խնդիր չեն ունեցել, և դա եղել է մեր ձեռք բերած ու մեր թողած սպառազինության հաշվին»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս