Ինչո՞ւ փոխպատվաստումից հետո մազերը չեն աճում, ե՞րբ են կրկնակի վիրահատում, ի՞նչ հակացուցումներ կան․ մասնագետի պարզաբանումը
Մազաթափությունը լուրջ խնդիր է հանդիսանում մարդկանց համար, դառնում սթրեսի պատճառ, բայց մասնագետները գտել են խնդրի լուծման տարբերակներ, ինչի մասին էլ զրուցել ենք մազերի փոխպատվաստման մասնագետ Վանանդ Գևորգյանի հետ։
– Ովքե՞ր, ո՞ր տարիքից և ո՞ր դեպքում կարող են դիմել մազերի փոխպատվաստման։
– Մազաթափության հարցով դիմում են ցանկացած տարիքի մարդիկ, իսկ մազերի փոխպատվաստման համար ցանկալի է, որ բուժառուն լինի 25-70 տարեկան։ Ասեմ, որ դիմողներից 10-ից մեկն է կին, և տոկոսային առումով 100-ից 10 տոկոս են կազմում կանայք, մնացած 90 տոկոսը տղամարդիկ են։
Մազերի փոխպատվաստում կատարելու համար թույլատրելի տարիքը 24-25-ից հետո է, որովհետև եթե 18 տարեկանում կատարենք, հատկապես տղամարդկանց դեպքում հնարավոր է՝ փոխպատվաստված մազերը մնան, իսկ սեփական մազերը շատ արագ թափվեն, ու անհրաժեշտություն լինի երկրորդ անգամ փոխպատվաստում կատարել։ Իսկ 25 տարեկանից հետո, տոկոսային հարաբերակցությամբ, մազաթափությունը հնարավորինս դադարում է, փոխպատվաստված և ընդհանուր մազերը գումարվում և ամբողջական տեսք են ստանում։
– Հիմնականում ճակատային հատվածի մազերն են թափվում, իսկ որտեղի՞ց են հավելյալ մազեր գտնում և փոխպատվաստում։
– Տղամարդկանց մոտ հիմնականում առաջնային, հետառաջնային, հետո գագաթային հատվածի մազերն են թափվում, իսկ կանանց մոտ՝ գենետիկական տրամադրվածություն ունեցող մազաթափության դեպքում, մեջտեղի հատվածի մազերն են թափվում, դրա համար երկու սեռերի փոխպատվաստման մեթոդները, ձևերը իրարից տարբերվում են։ Երկար տարիներ հետազոտություն կատարելուց հետո գիտնականների ստացած արդյունքը և բժիշկների պրակտիկան էլ ցույց է տվել, որ ծոծրակային և քունքային հատվածի մազերը գենետիկորեն նախատրամադրված են, որ պետք է թափվեն, և հորմոնկախյալ չեն, հետևաբար՝ այդ հատվածն ամենալավն ու որակովն է համարվում։ Ե՛վ մնայուն են, և՛ բնական արդյունք միայն այդ հատվածից է հնարավոր ստանալ։
– Տղամարդկանց այլ մեթոդով են փոխպատվաստում, կանանց՝ ա՞յլ։
– Կարելի է ասել՝ այո։ Կանանց մոտ մազերն ամբողջությամբ չենք կարճացնում, իսկ տղամարդկանց մոտ ցանկալի է, որ սկզբից մինչև վերջ կարճանա, քանի որ խիտ արդյունքի համար առաջից հետ պետք է գնանք։ Ավելին, կանայք չեն համաձայնի, որ իրենց մազերն ամբողջությամբ փոխպատվաստման ժամանակ կտրվեն։
– Մի մեթոդ կար, որ ծոծրակի շրջանից մազերը մաշկի բարակ շերտով վերցնում են, իմպլանտացնում ճաղատ շրջանում՝ մաշկի բացված անցքերի մեջ։ Հիմա դա կիրառվո՞ւմ է։
– Իհարկե։ Մազերի փոխպատվաստման երկու մեթոդ կա՝ FUE (Follicular Unit Extraction) և FUT։ Առաջինի դեպքում իրականացվում է տեղային անզգայացում, որից հետո հատ-հատ հանում ենք մազարմատները և տեղափոխում, իսկ երկրորդ տարբերակի դեպքում մաշկի մի հատված կտրում ենք, այդ կտրված հատվածն առանձնացնում ենք միկրոսկոպի տակ, հատիկ-հատիկ մազերը հանում ենք, մաշկի այդ վերցված հատվածը հետ ենք կարում, և արդեն առանձնացված մազերը փոխպատվաստում ենք։ Երկրորդ մեթոդի դեպքում, քանի որ կտրված է արվում, հետվիրահատական շրջանն ավելի ծանր է։ Այսօր այն օգտագործվում է ծայրահեղ դեպքում՝ ծանր ճաղատության ժամանակ, երբ չունեն անգամ մազեր՝ փոխպատվաստման համար։
– Հոնքերի փոխպատվաստում ևս իրականացվում է, այսինքն՝ այդքան տարածված տատուն, փոշեդրումը դառնում են երկրորդակա՞ն։
– Այո։ Ավելի բնական արդյունք ստանալու համար հենց փոխպատվաստում ենք իրականացնում։ Բայց հիմա մազերի փոխպատվաստման համար դիմողների թիվն ավելի շատ է, քան հոնքերի։
– Ի՞նչ պետք է իմանալ վիրահատությունից առաջ։
– Առաջինը պետք է դիմել բժշկի՝ հասկանալու համար՝ կարո՞ղ է փոխպատվաստում կատարել, թե՞ ոչ։ Մասնագետը հետազոտում է դոնոր հատվածի մազերը, գնահատում որակը, որից հետո ասում է, թե ինչ կստանա փոխպատվաստումից հետո, ցուցվա՞ծ, թե՞ հակացուցված է միջամտությունը։ Հակացուցման պատճառ կարող է հանդիսանալ բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, եթե հսկողության տակ չեն։ Հակացուցում են համարվում նաև ուռուցքները։
– Պետք է նաև հակաբորբոքային և հակամակարդիչ դեղորայք օգտագործած չլինեն վիրահատության ժամանակ։
– Այո, ինչպես նաև՝ ալկոհոլ և ծխախոտ։ Ի դեպ, կարող է փոխպատվաստումից հետո ծխախոտը նպաստել, որ արդյունք չլինի, չաճեն մազերը։ Պատկերացրեք՝ ծառ ու ծաղիկ ենք տնկում, ինչքան սնուցումը լավ է լինում, այնքան լավ արդյունք ենք ունենում։ Նույնը մազարմատի դեպքում է։ Ծխախոտը ոչ ցանկալի միջոց է հանդիսանում, չի թողնում, որ դեպի մազարմատ լավ սնուցում լինի։ Իսկ ալկոհոլն արյունն է ջրիկացնում, և դա նշանակում է, որ էլի սնուցման հետ կապված խնդիր է առաջանում։ Արյունը ջրիկացնող դեղերը նույնպես հակացուցված են։ Ընդհանուր առմամբ, պետք է նայենք, թե ի՞նչ դեղորայք են օգտագործում, որ բացի այս թվարկված խիստ հակացուցումները, հասկանանք՝ ցուցվա՞ծ են, թե՞ ոչ։
– Նախքան վիրահատությունն ի՞նչ անալիզներ են հանձնում։
– Արյան ընդհանուր անալիզ, գլյուկոզա, կոագուլոգրամմա (արյան մակարդելիության հետազոտություն), հեպատիտ B, C, ՄԻԱՎ։ Թվարկվածը նախավիրահատական անալիզներ են, որ հանձնում են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։ Կան մազաթափության համար հանձնվող այլ անալիզներ, դրանք վահանաձև գեղձի, վիտամինների անալիզներն են։ Բայց, նախքան անալիզները, թեստ ենք անում․ տարբեր տեղերի մազերը շոշափում, կարելի է ասել՝ քաշում ենք․ եթե այդ պահին 10 տեղից 2-3 մազ պոկվեց ու մնաց մեր ձեռքում, ուրեմն նշանակում է, որ մազաթափությունն ակտիվ է ու պետք է այս հարցն էլ փոխպատվաստմանը զուգահեռ լուծենք։
– Ավանդական սոխ, սխտոր, կարմիր պղպեղ, վիտամիններ օգտագործելը նպաստո՞ւմ է, որ մազերը չթափվեն ։
– Գարեջուր, գերչակի յուղ, սոխ, սխտոր․․. ցանկը երկար է։ Երբ հարցնում եմ բուժառուներին, թե ի՞նչ մեթոդներ են փորձել, 90 տոկոսը թվարկվածն օգտագործել է, բայց պատասխանում են, որ օգուտ չի եղել։
Ինչ վերաբերում է վիտամիններին, այս դեպքում կապ ունի այն, թե ի՞նչ պատճառով են թափվում մազերը։ Եթե գենետիկական նախատրամադրվածություն է, արդեն չկան մազարմատներ, վիտամինները ոչ մի բան չեն կարող անել։
– Ճիշտ է, մարդը գիտի, որ փոխպատվաստումից հետո նոր մազեր է ունենալու, բայց այդ ընթացքն էլ է սթրեսային։ Ի՞նչ է սպասվում վիրահատությունից հետո։
– Փոխպատվաստված մազերն աճում են 3 շաբաթ անց, որից հետո սկսում են թափվել, այսինքն՝ անցնում են հանգստի փուլ և սպասում են, որ նորից ծիլ տան՝ վերջնական մնալու համար։ Դա ամենաքիչը տևում է 4 ամիս, և վերջնական արդյունքի՝ բնական մազերի աճին, հասնում են 9 ամսից մեկ տարվա ընթացքում։ Պետք է համբերատար լինեն։
– Ծերանալիս այդ մազերը չե՞ն թափվում։
– Քանի որ դոնոր հատվածի մազերը գենետիկորեն նախատրամադրված չեն, որ պետք է թափվեն, և հորմոնկախյալ չեն, տեղափոխում ենք հենց այդ մազերը, իսկ տարիքի հետ հնարավոր է՝ ծոծրակային հատվածի մազերը նոսրանան և այլն։ Նույն ճակատագիրն ունենում է մյուս հատվածը։ Որոշ դեպքերում լինում է մի փոքր որակային տարբերություն, և այդ ժամանակ մազերի սնուցումը վիտամիններով իրականացնելն ավելի էֆեկտիվ է լինում, քան նախկինում։
– Լինո՞ւմ է, որ կրկնակի վիրահատություն է կատարվում։
– Շատերը կարող է ասեն՝ մեկ անգամ փոխպատվաստեմ, և վերջ, բայց ստատիստիկան ցույց է տալիս, որ մեծամասնությունը 2-րդ անգամ կրկին դիմում է։ Նկատած կլինեք, որ նրանք, ովքեր մեկ անգամ տատու են արել՝ 2-րդ, 3-րդ անգամ էլ են ուզում։ Դեպքեր ենք ունեցել, որ անթերի փոխպատվաստում է իրականացվել, իրենք ուզում են է՛լ ավելի լավ արդյունք ստանալ, ու երկրորդ անգամ են դիմում։ Քանի որ սա համարվում է էսթետիկ պրոցեդուրա, միշտ լինում է, որ շտկումներ են անհրաժեշտ լինում, դրա համար 2-րդ անգամը շատ ընդունված է։
– Վիրահատությունը երկար է տևում․ մե՞կ, թե՞ մի քանի մասնագետ է այն իրականացնում։
– Բոլորին կարող է թվալ, թե նստում են, անզգայացնում, մազը վերցնում են ու տեղափոխում, բայց այդպես չէ։ Սկզբում մազերը կարճացնում են, տեղային անզգայացում է արվում, որից հետո մազարմատի շուրջ անցք ենք անում, որպեսզի այդ գրաֆտները կարողանանք անել։ Հիմնականում լինում են բժիշկն ու իր օգնականները։ Վիրահատությանը սովորաբար 4-5 հոգի է մասնակցում, որովհետև երկար է տևում։ Պատկերացրեք՝ հազարավոր գրաֆտներ, 9000-10․000 անցք է արվում, ապա տեղադրվում են մազերը։ Մեկ վիրահատությունը սովորաբար տևում է 9-10 ժամ։ Դա կախված է մաշկի որակից, թիմի պրոֆեսիոնալ լինելուց։ Վիրահատությունն իրականացվում է տեղային անզգայացմամբ։ Ընթացքում բուժառուն հանգստանում է։
– Հնարավո՞ր է այլ մարդու մազ փոխպատվաստել։ Կա՞ նման փորձ։
– Մեր սեփական օրգանիզմը միայն մեր մազերն է ճանաչում, ուրիշինն օտար է համարում, ուստի արդյունք չի տալու։ Դեպքեր են գրանցվել, որ փորձել են դեղորայքով ճնշել իմուն համակարգի պատասխանը, թողնեն, որ այդ մազերն աճեն, բայց էլի բարձր արդյունքի չեն հասել։
Մազերը հիմնականում վերցվում են ծոծրակային, քունքային հատվածից։ Դոնոր հատված կարող է հանդիսանալ նաև մորուքը, որովհետև շատ բնական արդյունք կարող ենք ստանալ նաև մորուքի մազերը տեղափոխելով և փոխպատվաստելով։ Իրականում մարմնի այլ հատվածի մազերն էլ կարող ենք տեղափոխել, սակայն քանի որ էսթետիկ ու բնական արդյունք չենք ստանալու, դրա համար գլխամաշկի մազերից ենք օգտվում։
– Տարիներ առաջ վիրահատության համար Հայաստանից շատ էին մեկնում հարևան երկրներ։ Հիմա մեզ մոտ ևս զարգացել է այս ամենը, փոխվե՞լ է որևէ բան, թե՞ «դրսինը լավն է» սկզբունքն է գործում։
– Կարևոր է, որ բուժառուներին անհատական մոտեցում ցուցաբերեն, ոչ թե քանակի վրա կենտրոնանան, այլ որակի։ Մենք բարձր ցուցանիշ ունենք, և շատ են դիմում արտասահմանում ապրող հայերը։
– Երբեմն անզեն աչքով տեսանելի է դառնում, որ այս կամ այն անձը մազերի փոխպատվաստում է կատարել, քանի որ կարծես կեղծամ կրի․ ստացվում է, որ միջամտությունը ճիշտ չի արվել։
– Շատ բաներից կարող է կախված լինել․ առաջինը բուժառուի մազերի որակն է։ Կապ ունի նաև այն, թե ինչպե՞ս է մասնագետը պատկերացնում, ի՞նչ հերթականությամբ է մազերը տեղադրում, և ըստ դրա՝ ստանում ենք բնական կամ ոչ բնական արդյունք։
– Ակտիվորեն կիրառվում է նաև մեզոթերապիան։ Մրցակցո՞ւմ է մազերի փոխպատվաստման հետ։
– Իրականում եթե մազարմատ կա ու սթրեսի, վիրուսի և նման այլ պատճառներով մազերը նոսրացել են և ակտիվ մազաթափություն է եղել, չկա գենետիկ նախատրամադրվածություն, այդ ժամանակ կարող է մեզոթերապիան օգուտ տալ, քանի որ խիտ վիտամինային սնուցում է և ժամանակին սթրեսի ենթարկված մազերն են սնուցվում, որոնք լավ չեն աճում, իսկ եթե մազարմատ չկա, կա ժառանգական նախատրամադրվածություն, ավանդական լուծումը հանդիսանում է մազերի փոխպատվաստումը։
– Եղե՞լ է, որ բուժառուն գա-ասի, որ ստացված արդյունքը դուր չի գալիս, ուզում է կրկին ճաղատանալ։
– Չէ, նման դեպք չի եղել։ Դեպքեր եղել են, որ երկրորդ անգամ են եկել՝ մազերն ավելի խիտ դարձնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում