Մեր բանկային համակարգի լիդերներին վերջին տարիներին հաջողվել է վարկային ճորտատիրության համակարգ ստեղծել․ տնտեսագետ
«Հաշվի առնելով այն, որ մեր հարևանները գիշատիչ բորենիներ են, նրանց համար խաղաղություն ասվածը պարզապես թղթի կտոր կարող է լինել»,- իշխանությունների կողմից որպես մեգանախագիծ մատուցվող «խաղաղության խաչմերուկ» ասվածին այսպես է արձագանքում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ վստահեցնելով, որ նմանատիպ խոսակցություններն այս աշխարհաքաղաքական համատեքստում ուղղակի աբսուրդի ժանրից են։
Տնտեսագետի համոզմամբ՝ նախ հարկավոր է պայմանագրահենքը դնել, ինչն, ըստ նրա, միջազգային կոնվենցիաների, երկրների պարտավորությունների համատեքստում նաև ազգերի ինքնորոշման իրավունքի յուրացման հարցերին անդրադարձն է․ Արցախի՝ իբրև ինքնուրույն միավորի վերականգնման իրավունքը՝ նկատելով, որ միայն դրանից հետո կարող են ինչ-ինչ թղթեր ստորագրվել։
«Միայն դրանով կարող է դրսևորվել պատրաստակամություն բացասական խաղորդների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։
Եվ ոչ թե «խաչմերուկ» պետք է լինի, այլ ցանց․ «խաչմերուկ» ասվածը նշանակում է երթևեկության մի խաչ, ինչն աբսուրդ է։ Պետք է բազմավեկտոր հաղորդակցությունների ցանցային համակարգ ստեղծվի, և յուրաքանչյուր երկիր կարող է այդ համատեքստում իրեն դիտարկել «խաչմերուկ»։
Նման բան ասելն ուղղակի մարդկանց ուղեղները լվանալու ձև է․ ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական որևէ առանձին վերցրած կոմպոնենտ այս տարածաշրջանում չի աշխատելու․ բոլոր կոմպոնենտները, գործոնները պետք է համադրվեն, ինչի համար անհրաժեշտ է, որ բոլոր երկրները գան միջազգային իրավունքի, կոնվենցիոնալ համակարգերի տիրույթ։ Թե չէ դու կարող ես ձեռք պարզած խաղաղություն մուրալ, բացել բոլոր կոմունիկացիաները, զիջել երկրիդ սուվերենությունն այլոց, և ի վերջո մնաս ձեռնունայն»։
Ատոմ Մարգարյանը ցավով արձանագրեց, որ հենց այդպիսի մտայնությունների հետևանքով է Արցախը կորսվել, ու այս քաղաքականության շարունակության պարագայում՝ այդ իրականությունը վերաբերելի կլինի նաև Հայաստանին։
Տնտեսական կայունության, դրական հեռանկարների մասին պաշտոնական հերթապահ հայտարարություններին, հատկապես՝ Կենտրոնական բանկից պարբերաբար հնչող հավաստիացումներին ի պատասխան՝ տնտեսագետը նկատեց․ «Մեր տնտեսությունը նախադեֆոլտային՝ նախասնանկային իրավիճակում է․ այն, ինչն իբրև կայունության հավաստիացում է մատուցվում, իրականում աննախադեպ պարտքի աճի վրա հիմնված կայունություն է, և, այո, հնարավոր է նաև ծախսերն ավելացնելով՝ աճ արձանագրել։
Վերջին 6 տարում յուրաքանչյուր տարի 1 միլիարդով ավելացել է պետական պարտքը․ շան գլուխն այդտեղ է թաղված։
Նման հավաստիացումներ անողները թող ցույց տան այն համաշխարհային նոր բրենդները, հազարավոր, տասնյակ-հազարավոր նոր աշխատատեղերը, արտադրությունները, հետևաբար՝ եկամուտները, որով գեներացվել են այդ աճի թվերը։ Իրականում դրանք չկան․ մենք տեսնում ենք պարտքի աճ, վերարտահանումների աճ, ինչը մեզ հետ կապված գործոնների հետևանք չէ, և պարզապես խաղաբիզնեսի և այդ կարգի մերկանտիլ ինդուստրիայի ուռճացման հաշվին թվեր, իսկ սկզբում՝ ռելոկանտներ և դրա հետևանքով՝ ներդրումների, նաև մասնավոր տրանսֆերտների ներհոսք։ Սրանք են եղել այդ աճի հիմնական գումարելիները, բայց այդ աճի տակ տակ որևէ զարգացում չկա։
Մենք, մասնավորապես, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում չունենք որևէ նոր նշանակալի նվաճում․ կան առանձին ֆրագմենտներ, որոնք փոքր են։ Իսկ մեծ հաշվով մակրոտնտեսական կայունությունը ձեռք ենք բերել թվարկածս գործոնների հաշվին։
Ինչ վերաբերում է ֆինանսական, բանկային համակարգի կայունությանը․ վերջին տարիների ընթացքում մեր բանկային համակարգի լիդերներին հաջողվել է վարկային ճորտատիրության համակարգ ստեղծել՝ գերբարձր տոկոսադրույքներով (հատկապես՝ հիփոթեքի, սպառողական վարկերի մասով): Ու երբ նայում ենք՝ ինչպիսին է վարկային-պարտքային ծանրաբեռնվածությունը տնային տնտեսությունների ու բիզնեսի վրա, տեսնում ենք՝ այս համակարգը ևս ապագա չունի, սնանկության նախադեֆոլտային փուլում է»։
Այս համատեքստում Ատոմ Մարգարյանն առանձնացրեց հատկապես այն պրոյեկտները, որոնք առնչվում են շինարարությանը, հիփոթեքային վարկավորման ծրագրերին՝ դրանք համարելով ոչ հեռանկարային։