Իսրայելա-իրանական դիմակայության արձագանքը Կովկասում. կհաջողվի՞ արդյոք Ադրբեջանին նստել երկու աթոռի վրա
Օգոստոսի կեսերին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքմենստանում և Թուրքիայում գտնվող իր երկրի քաղաքացիներին կոչ էր արել զգոնություն ցուցաբերել Իրանի կողմից հնարավոր սպառնալիքների դեպքում: Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիայի ցուցադրական սպանությունը, ինչպես նաև իսրայելա-լիբանանյան սահմանին էսկալացիան բազմաթիվ ենթադրություններ են առաջացրել իսրայելցիների գործողություններին իրանցիների և նրանց տարածաշրջանային դաշնակիցների պատասխանի հնարավոր տարբերակների վերաբերյալ, որոնք չեն թաքցնում իրենց ռազմատենչ տրամադրվածությունը և բավականին լուրջ աջակցություն են վայելում:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նշում է՝ իր հանդգնությամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր հակառակորդներին որոշակի «պատառաքաղի» մեջ է դրել. Իրանի ցանկացած պատասխան ամենից շատ պետք է Իսրայելին՝ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու համար: Իսկ Թեհրանի լռությունը, հասկանալի պատասխանի բացակայությունը կամ անհամաչափ պատասխանը հարվածելու են Իրանի և նրա հետ կապված ուժերի իմիջին, ինչը նույնպես ձեռնտու է Իսրայելին։
Արաքսից հարավ սպասվող «փոթորկի» արձագանքները, որի անխուսափելիության մասին ավելի վստահ են խոսում, անկասկած, բարդ ընտրության առաջ կկանգնեցնի և Բաքվին, և Երևանին։
Այսպես, օգոստոսի կեսերին Ադրբեջանում սկսեցին հերքել մի շարք ԶԼՄ-ների պնդումները երկրում իսրայելական զինված խմբավորումների ներկայության մասին։ Ըստ Բաքվի ԶԼՄ-ների զարգացման գործակալության՝ որոշ արտասահմանյան մեդիառեսուրսներ վերջին ժամանակներս Ադրբեջանի մասին տեղեկատվություն են տարածում, որը չի արտացոլում ճշմարտությունը և ուղղված է «տեղական և միջազգային լսարանի հասարակական կարծիքը մոլորության մեջ գցելուն՝ վկայակոչելով կասկածելի հավաստիության աղբյուրները»:
Այսպես, Kan հեռուստառադիոընկերության կողմից պաշտոնապես չհաստատված տվյալների համաձայն՝ Իսրայելի բանակն արգելել է իր զինծառայողներին մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարվածի սպառնալիքների լույսի ներքո։ Բանակային ղեկավարության հրահանգի համաձայն՝ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Հարավային Կովկասի այս երկու հանրապետություններում, պարտավոր են անհապաղ վերադառնալ Իսրայել: Իսրայելի խոշորագույն ռուսալեզու «Վեստի» թերթի հարցմանն ի պատասխան՝ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հակիրճ հայտնել է՝ «ՑԱԽԱԼ-ը մշտապես գնահատում է իրավիճակը՝ թարմացնելով այն երկրների մասին տեղեկատվությունը, որտեղ թույլատրվում է ՑԱԽԱԼ-ի զինծառայողների մուտքը»՝ դրանով իսկ ակնարկելով իսրայելցիներին իրենց երկրի սահմաններից դուրս հնարավոր սպառնալիքների մասին:
Օգոստոսի 9-ին բրիտանական The Telegraph-ը հայտնել էր՝ ի պատասխան Հանիայի ոչնչացման՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իբր առաջարկել է հարված հասցնել սահմանակից տարածքներում, մասնավորապես՝ Ադրբեջանում և Իրաքյան Քրդստանում գտնվող իսրայելական գաղտնի բազաներին: Դրան ի պատասխան՝ Բաքվի APA գործակալությունը, հղում անելով պաշտոնական աղբյուրներին, հայտնել է՝ որոշ շրջանակների մտահոգում է Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների կարգավորումը, և նպատակահարմար կլիներ, եթե իրանական կողմը հերքեր ծագած կասկածներն ու հստակություն մտցներ:
Իսկապես, 2023-2024 թվականների ընթացքում Արաքսի հարևանները փորձել են կամուրջներ կառուցել՝ հաղթահարելով արմատացած անվստահությունն ու փոխադարձ կասկածները։ Մինչդեռ դա անելն ամենևին էլ հեշտ չի լինի, ինչի անուղղակի վկայությունն է բրիտանական և իրանական ընդդիմադիր ԶԼՄ-ներում հաղորդագրությունների հայտնվելը՝ մի շարք պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում իսրայելական օբյեկտների հիշատակմամբ։
Դեռևս հեռավոր 2012-ին, ԱՄՆ նախագահ Օբամայի օրոք հակաիրանական հերթական հիստերիայի ֆոնին, հեղինակավոր Foreign Policy պարբերականը, հղում անելով բարձրաստիճան դիվանագետի և ռազմական հետախուզության սպայի, պնդում էր՝ Իսրայելին «վերջերս հասանելիություն է տրվել մուտք գործել Իրանի հետ հյուսիսային սահմանին գտնվող ավիաբազաներին»։
Նույն հրապարակման մեջ հիշատակվել է Բաքվում ԱՄՆ այն ժամանակվա փոխդեսպան Դոնալդ Լուի հեղինակած «Ադրբեջանի թաքնված սիմբիոզն Իսրայելի հետ» ծառայողական գրությունը, որը հայտնի է դարձել WikiLeaks-ի շնորհիվ, որտեղ մեջբերվում են Ալիևի խոսքերը, ով իր երկրի հարաբերությունները հրեական պետության հետ համեմատել է սառցաբեկորի հետ, որի ինը տասներորդը գտնվում է մակերեսի տակ: «Ոչ մի կասկած չկա Ադրբեջանի պաշտպանությանն աջակցելու մեր դիրքորոշման մեջ,- ասում է Ադրբեջանում Իսրայելի նախկին դեսպան և Թել Ավիվում ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Արկադի Միլմանը: -Մենք ռազմավարական գործընկերություն ունենք Իրանին զսպելու համար»։
Որոշ փորձագետների գնահատմամբ՝ նավթի մոտ 40%-ն Իսրայելը ձեռք է բերում հենց Կասպից ծովի ափերին։ Արդեն Գազայի շուրջ ռազմական գործողությունների սկսվելուց հետո Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) բրիտանական BP-ի և իսրայելական NewMed Energy-ի մասնակցությամբ ընկերությունների խմբի կազմում ստացել է Լևիաֆան հանքավայրի հյուսիսային հատվածում գազի հետախուզման լիցենզիա:
Տնտեսական, քաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության ձեռք բերված մակարդակը ենթադրում է սերտ կապերի առկայություն և կոոպերացիայի բավականին խորը մակարդակ, որոնք անցած տարիներին նկատելիորեն ամրապնդվել են:
Այսպես, 2023-ի վերջին հաղորդվել էր Ադրբեջանի ՀՕՊ հրամանատարության հետ Israel Aerospace Industries պաշտպանական-արդյունաբերական ընկերության՝ Barak MX (Barak-8 նավային համալիրի ցամաքային տարբերակը) նշանակմամբ բազմաֆունկցիոնալ զենիթահրթիռային համակարգ մատակարարելու պայմանագրի մասին։ Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ պայմանագրի արժեքը կազմում է 1,2 միլիարդ դոլար, որը համարժեք է առնվազն չորս Barak MX մարտկոցի՝ սպառվող նյութերի և պահեստամասերի հավաքածուով:
Դեռևս 2016-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հաստատել էր Իսրայելի հետ «Երկաթե գմբեթ» հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման մասին համաձայնագրի կնքումը, որն անհրաժեշտ էր նախ և առաջ՝ հարավային հարևանի հետ հարաբերությունների սրման դեպքում․ նաև, եթե հավատում եք իսրայելական աղբյուրներին, 2021-ին, այսինքն՝ արդեն 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում, կարող էին բանակցություններ սկսվել Ադրբեջանին Arrow-3 («Ստրելա-3») հակահրթիռային պաշտպանության լիարժեք համակարգի մատակարարման շուրջ, որը կարող է որսալ փոքր և միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ:
Դեռևս 2019-ին հայտնի էր դարձել Ադրբեջանի ցամաքային զորքերի սպառազինության մեջ EL/M-2084 ռադիոլոկացիոն կայանի մոդիֆիկացիաներից մեկի առկայության մասին, որը թույլ է տալիս հայտնաբերել օդային թիրախներ մինչև 900 կմ հեռահարության վրա: Հնարավոր է՝ մոտակա կամ միջնաժամկետ հեռանկարում խոսքը կարող է գնալ նաև Իսրայելի փորձը և տեխնոլոգիաները հաշվի առնելով՝ ՀՕՊ/ՀՀՊ ազգային համակարգի տարրերի ստեղծման մասին, որոնք ծածկում են մայրաքաղաքը, պետական կառավարման մարմինները, արդյունաբերական օբյեկտները և այլն, ինչը պետք է տեսանելի ազդեցություն ունենա տարածաշրջանում ռազմաքաղաքական դասավորությունների վրա։
Հայտնի է՝ իսրայելական անօդաչու թռչող սարքերը և սպառազինության այլ առաջադեմ նմուշներ բավականին զանգվածաբար կիրառվել են Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների ընթացքում՝ սկսած 2016-ից: Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի խոսքով՝ 2020-ի աշնանը հայկական կողմի խոցված օբյեկտների զգալի մասը բաժին է ընկնում իսրայելական Lynx մուլտիկալիբերային համազարկային կրակի ռեակտիվ համակարգերին։ 2021-ին նախագահ Ալիևը լուսանկարվել է Ջաբրայիլում՝ իրանական սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, իսրայելական ոչ մեծ Harop մահապարտ անօդաչու թռչող սարքի «ընկերակցությամբ»։ 2023-ի հուլիսին՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի գործողությունից երկու ամիս առաջ, Իսրայելի պաշտպանության այն ժամանակվա նախարար Յոավ Գալանտն այցելեց Բաքու, որտեղ բարձր գնահատեց ռազմական համագործակցությունն ու համատեղ «ահաբեկչության դեմ պայքարը»։
Սեպտեմբերյան հարձակումից անմիջապես առաջ, որի արդյունքը դարձավ երկրամասի հայ բնակչության ողբերգական զանգվածային արտագաղթը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց վերոհիշյալ IAI-ի մշակման Barak-8 հրթիռների փորձարկման մասին։ Հենց այդ օրերին ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության փոխադրողները սկսել էին ժամանել Օվդա հարավային ռազմաբազա՝ մի քանի կիլոմետր թռիչքուղով, որը հայտնի է՝ որպես Իսրայելի միակ օդանավակայան, որի միջոցով հնարավոր է պայթուցիկ նյութերի արտահանում։ AP գործակալությունը բացահայտել է Silk Way Airlines ավիաընկերության առնվազն 6 չվերթ, որոնք սեպտեմբերի 1-17-ն ընկած ժամանակահատվածում Բաքվից վայրէջք են կատարել Օվդա օդանավակայանում: «Հաարեց» պարբերականի հետաքննության համաձայն՝ 2016-2020թթ. ընթացքում իրականացվել է առնվազն 92 ռազմական ավիաչվերթ, որոնց աճը համընկել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սրման հետ:
Իսրայելական զենքը շատ կարևոր դեր է խաղացել ադրբեջանական բանակի կողմից իր նպատակներին հասնելու գործում, կարծում է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի ավագ գիտաշխատող Փիթեր Վեզեմանը, որը հետևում է զենքի վաճառքին:
Այսպես, իսրայելական հեռահար հրթիռներն ու ինքնակառավարվող անօդաչու զինամթերքը երբեմն հարվածում էին նույնիսկ Հայաստանի տարածքին, մինչդեռ Barak-8 դասի «երկիր-երկինք» հրթիռները պաշտպանում էին մերձկասպյան երկրի օդային տարածքը։ Եվ այս ամենը, չհաշված ռազմական նշանակության արտադրանքի այլ նմուշների լայն շրջանակը, այն է՝ ներառյալ Spike-ER, LR հակատանկային հրթիռային համալիրները, cardom, EXTRA և PULS ականանետային համալիրները (լրամշակված Lynx՝ էլ ավելի բարձր մարտավարատեխնիկական բնութագրերով), LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, հետախուզական անօդաչու թռչող սարքերի մի քանի տեսակներ (Aerostar, Orbiter-1K/2/3, Hermes-180/450/900), անօդաչու թռչող սարքերի կամիկաձե (Harop-2, SkyStriker), անվավոր զրահատեխնիկա և փոքր զենք։
Եվ սա, իհարկե, ամենևին էլ ամենը չէ, քանի որ Իսրայելի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության շատ եզրեր թաքնված են մնում դիտորդների լայն շրջանակի համար։
Առաջիկա տարիներին, ոչ առանց Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրի աջակցության, ադրբեջանական բանակում խորհրդային և ռուսական արտադրության սպառազինությունների մասնաբաժինը կկրճատվի (այդ թվում՝ օբյեկտիվ գործոնների պատճառով)։
Իսրայելական պաշտպանական ընկերությունների մերձկասպյան գործընկերները լիցենզիաներ են ստանում մի շարք ապրանքների հավաքման և համապատասխան արտադրությունների ստեղծման հարցում աջակցության համար: Բացի առևտրային շահույթից, որը, ըստ երևույթին, գնահատվում է միլիարդավոր դոլարներ, իսրայելցիները դիտարկում են իրենց արտադրանքի մարտական կիրառումը, այդ թվում՝ դրա հետագա արտահանման արդիականացման նպատակով։ Ռազմատեխնիկական համագործակցությունը լրացվում է հետախուզության գծով սերտ կապերով, որոնք, ըստ երևույթին, որակապես ամրապնդվել են 2023-ի մարտից հետո։
Որոշ տարածաշրջանային ԶԼՄ-ներ պնդում են՝ Բաքուն հավանություն է տվել Ադրբեջանի տարածքում իսրայելական հետախուզության «Մոսադ» առաջավոր օպերատիվ վարչության ստեղծմանը՝ իրանցիներին «Իսրայելից զենքի դիմաց» դիտարկելու լայն գործառույթով:
Ի վերջո, եթե հավատանք որոշ թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններին՝ իսրայելական հետախուզությունն ակտիվ աշխատանք է տանում «թյուրքական աշխարհի» երկրներում՝ փորձելով ԶԼՄ-ների և հասարակական կարծիքի առաջնորդների միջոցով Ադրբեջանում պատկերացում կազմել, թե իբր «Ղարաբաղում հաղթանակն» այն տարել է Իսրայելի շնորհիվ։
Իհարկե, նման սերտ փոխգործակցությունը չէր կարող պահպանվել՝ ի հեճուկս Միացյալ Նահանգների կարծիքի, որը հիմնական հովանավորն է և, ըստ մի շարք գնահատականների, Մերձավոր Արևելքում Իսրայել պետության գոյության առանցքային գործոնը:
Վստահաբար կարելի է ենթադրել՝ իսրայելա-իրանական դիմակայության իրողություններն աճող ազդեցություն կունենան Կովկասում առանց այդ էլ, մեղմ ասած, բարդ ժամանակակից պայմանների վրա: Սա կարևոր է ոչ միայն բազմաթիվ մարտահրավերների առջև հայտնված Հայաստանի, այլև Ադրբեջանի համար, որի կայունությունը ևս կարող է հարցականի տակ դրվել։ Իսկ ռուսական քաղաքականության մասով, որը ստիպված է արձագանքել արևմտյան պատժամիջոցային ճնշմանը «դեպի հարավ շրջադարձով», հարկ է նշել, որ Մոսկվայի կողմից առաջ քաշվող «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը, որի արևմտյան ճյուղը պետք է Ադրբեջանի տարածքով անցնի Պարսից ծոցի նավահանգիստներ, հազիվ թե համապատասխանում է Կովկասում Իսրայելի շահերին։
ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎ
Թարգմանությունը՝ Գ.Մ.-ի