Իրանը չի դադարեցնում միջանցք բացառող համարձակ հայտարարությունները․ ո՞ւմ են ուղղված Թեհրանի հորդորները
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները չեն դադարում անդրադառնալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտի, ՀՀ սահմանների խախտման անթույլատրելիությանը, հայ-իրանական սահմանի անփոփոխելիությանն ու Իրանի կարմիր գծերին՝ այս անգամ ուղերձներ հղելով Ռուսաստանի իշխանություններին։ Այս անգամ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։
«Իրանն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում, և մենք ողջունում ենք տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում: Այդ շրջանակը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»,- ասել է իրանցի դիվանագետը։
«Մենք նաև հստակորեն մեր անհամաձայնությունն ենք հայտնում միջազգային սահմանների փոփոխությանը»,- Իրանի պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Նասեր Քանանին։
Այս հայտարարությունից մի քանի օր առաջ էլ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էր ընդգծել՝ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։
Միևնույն ժամանակ Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադն էր ասել, թե Թեհրանը Մոսկվային և Բաքվին հորդորում է հարգել Իրանի պետական սահմանները, անդրադառնալով «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի, Թուրքիայի իշխանությունների պահանջին և դրան Մոսկվայի աջակցությանը։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան պնդել էր՝ սահմանների վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական քաղաքականությունն ամրագրված է և հիմնված է ազգային շահերի վրա։
Իրանական աղբյուրների փոխանցմամբ, Նիքզադը նաև հավելել է, որ վերջերս Բաքվում գործընկերների հետ հանդիպմանն ընդգծել է. «Մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը, Ռուսաստանին և Ադրբեջանին իմ խորհուրդն է՝ հարգել սահմանները»։
Tehran Times-ը ևս անդրադարձել էր թեմային ծավալուն հոդվածով, նշելով՝ Բաքվի պահանջած միջանցքի հարցով Լավրովի հայտարարությունը շատերին է անակնկալի բերել, ինչպե՞ս է Մոսկվան անտեսել այդ հարցով Թեհրանի դիրքորոշումը։ Իրանի իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցը հստակեցնում է Թեհրանի սահմանած կարմիր գիծն Անկարայի և Բաքվի պահանջած «Զանգեզուրյան միջանցքի» հարցում։
«Թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները պահանջում են մի ճանապարհ, որն անցնում է Հայաստանի պատմական՝ Սյունիքի տարածքով, որը դարեր շարունակ սահմանակից է եղել Իրանին»,- ընդգծել էր Իրանի կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցը՝ մեջբերելով իրանցի պաշտոնյաների վերջին օրերի կոշտ հայտարարությունները:
«Իրանը դեմ է ցանկացած միջանցքի, որը կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և ոմանց երազանքներն այդ մասին երբեք իրականություն չեն դառնա»,- Հայաստանում Իրանի դեսպանի Մեհդի Սոբհանիի խոսքերն էր մեջբերել լրատվամիջոցը։
Tehran Times-ն ակնարկում է, որ Իրանի իշխանությունները պատրաստ են ընդդիմանալու սահմանները փոխելու փորձերին, ընդհուպ՝ ռազմական միջամտությամբ:
Իրանական առաջատար պարբերականը հիշեցրել է Իրանի սուր արձագանքը հարուցած Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը Հայաստանի տարածքից Բաքվի պահանջած միջանցքի վերաբերյալ՝ նշելով, որ սա առաջին դեպքն է, երբ Մոսկվան հստակ դիրքորոշում է հայտնում «Զանգեզուրի միջանցքի» հարցով:
«Լավրովի այդ դիտողություններն իրանցի բարձրաստիճան և ազդեցիկ գործիչների քննադատությունն են հարուցել»,- գրում է լրատվամիջոցը՝ մեջբերելով Հեղափոխության պահապանների կորպուսի նախկին ղեկավար, ներկայումս՝ Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայեի հայտարարությունը․ «Ռուսաստանյան պետական գործչի պահվածքն անընդունելի է և ակնհայտորեն հակասում է Իրանի հետ բարեկամության մասին իր հայտարարությանը։ Այս երկիմաստությանը պետք է վերջ տրվի»։
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայնը Mehr լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է թեմային։ «Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցից հետո Ռուսաստանի դիրքորոշումը պետք է հստակեցվի»,- ասել է նա՝ հավելելով, որ ներկայում թվում է, թե Պուտինի մեկնաբանություններից հետո, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը կբացվի, Իրանի հետ սահմանն անմիջապես կփոխվի, և երկիրը կկանգնի խնդիրների առջև Ռուսաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։
«Չնայած Ադրբեջանն ու Ռուսաստանը մեր բարեկամներն են, նախ և առաջ մենք պետք է ուշադիր ուսումնասիրենք իրավիճակը և բանակցությունների մեջ մտնենք Մոսկվայի և Բաքվի հետ՝ հարթելու անորոշությունները, որպեսզի հասկանանք նրանց մտադրությունները և բացասական վարքագիծ չդրսևորենք, քանի դեռ հարցը պարզաբանված չէ»,- նման դիրքորոշում էր հայտնել դիվանագետը։
Բացի այդ, վերջերս Իրանի ԱԳՆ-ն կանչել էր Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին և ըստ իրանական տելեգրամյան ալիքների, Թեհրանն իր մտահոգությունն էր հայտնել և ասել, որ դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կարող է խախտել տարածաշրջանում հաստատված սահմանները: ԻՌՆԱ գործակալությունն իր հերթին մանրամասնել էր, որ Իրանի արտգործնախարարի օգնականը և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն Թեհրանի աջակցությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի ցանկացած փոփոխության:
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր մեկնաբանելով հրապարակումները, թե Իրանը Ռուսաստանին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է մատակարարել, ասել է՝ Ռուսաստանը զարգացնում է Իրանի հետ համագործակցությունն ու երկխոսությունը տարբեր ոլորտներում, «ներառյալ՝ ամենազգայուն ոլորտները», և «կշարունակի դա անել՝ ելնելով մեր երկու երկրների ժողովուրդների շահերից»։ Մինչ ՌԴ պաշտոնական շրջանակները լռում են Իրանից հնչող սուր հայտարարությունների կապակցությամբ, Ադրբեջանում իսկական հիստերիա են բարձրացրել Իրանի դիրքորոշումները ՀՀ տարածքային ամբողջականության և այդ առնչությամբ իրանական կարմիր գծերի շուրջ։
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հարցի շուրջ ռուս-իրանական խորհրդակցությունների կարիք կա։ Ըստ նրա, ՌԴ ԱԳ նախարարը Հայաստանով անցնող ճանապարհի մասին վերջերս խոսել է և դա, կարծես, ընկալվել է՝ որպես աջակցություն թուրք-ադրբեջանական պրոյեկտին։ Ստեղծված իրավիճակը, նրա կարծիքով, պարզաբանման կարիք ունի։
«Վստահ եմ, որ այս հայտարարություններն ուղղված են ոչ միայն Ռուսաստանին, այլև նման ծրագրերով շահագրգռված այլ կողմերին, մասնավորապես՝ Ադրբեջանին։ Կարծում եմ՝ համապատասխան շփումների հետևանքով Ռուսաստանն ու Իրանը միմյանց կհասկանան։ Պետք է հասկանալ, թե Երևանն ինչ դիրքորոշում ունի, Մոսկվան՝ ինչ, Թեհրանն՝ ինչ, Բաքուն՝ ինչ։
Ըստ էության Երևանի և Բաքվի դիրքորոշումները հստակ են Թեհրանի համար, իսկ Մոսկվայինը՝ ոչ այնքան, քանի որ Մոսկվան հայտարարում է ռուսական հովանու ներքո ձեռք բերված նախկին պայմանավորվածությունները շարունակելու հարցում հետաքրքրված լինելու մասին, իսկ երբ ՌԴ ԱԳ նախարարը խոսում է Երևանի բացասական դիրքորոշումից, դա կարծես վերաբերում է Ադրբեջանի առաջարկած պրոյեկտին։ Կարծում եմ՝ վերջնական կոնսենսուս չկա այս առումով նաև Բաքու-Մոսկվա դիրքորոշումների միջև, բայց ԻԻՀ դիրքորոշումն ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, և այն երկիմաստ չէ։ Պետք է խուսափել նման հարցերում երկիմաստությունից և հստակ պարզաբանել, թե խոսքն ինչի մասին է»,- նման կարծիք հայտնեց Կայհան Բարզեգարը։
Նա գտնում է, որ այս հարցում Թեհրանի հստակ դիրքորոշումը լուրջ աջակցություն է Երևանին, որը, դատելով հայտարարություններից, չի ցանկանում միջանցք տրամադրել։ «Թեհրանն, ըստ էության, դառնում է ՀՀ միակ գործընկերը, որը նման դիրքորոշում ունի այս հարցի շուրջ, և որի դիրքորոշումն իսկապես առանցքային է, այն հնարավոր չէ անտեսել և անուշադրության մատնել։ Սրա շնորհիվ է նաև, որ հնարավոր է եղել այս հարցն առանձնացնել նախատեսվող Խաղաղության համաձայնագրից, հավելյալ բանակցություններ պետք է լինեն հենց այս հարցի շուրջ, և այդ ֆոնին Իրանը հստակ կերպով հայտնում է իր դիրքորոշումը՝ բացառելով և արդեն որոշակի հիմք ստեղծելով Հայաստանի համար բարենպաստ բանակցությունների համար»,- ասաց Կայհան Բարզեգարը։
Վերլուծաբանն այն կարծիքին է, որ Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան ունեն համապատասխան մեխանիզմ, որի շրջանակում այս հարցը կարող են քննարկել և հանգել փոխընդունելի դիրքորոշումների, ինչը «3+3»-ն է։
«Ես ասել եմ, որ հենց նման հարցերի համար է նախատեսված այս հարթակը, ռեգիոնալ հարցերը պետք է ռեգիոնալ կոնսենսուս ունենան»,- ասաց Կայհան Բարզեգարը։