Երևանի օդն աղտոտված է․ ծառերին ու քարերին ոչ մի քարաքոս չկա․ Արսեն Գասպարյան
Հայաստանի քարաքոսերի վերաբերյալ առաջին տեղեկությունները վերագրվում են 19-րդ դարին: Մեր երկրի քարաքոսերի բազմազանության հետազոտման գործում մեծ ներդրում են ունեցել ավստրիացի գիտնական պրոֆեսոր Հելմութ Մայրհոֆերը և Շահանե Հարությունյանը:
2011թ.-ից սկսած Հայաստանի քարաքոսերի վերաբերյալ հետազոտությունները շարունակում է քարաքոսաբան Արսեն Գասպարյանը, ում հետ զրուցել ենք գիտության, ՀՀ ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնից հեռանալու, քարաքոսերի կարևորության մասին։
– Կենսաբանության հանդեպ սերը Ձեզ մոտ առաջացել է 1-ին կուրսում, երբ տարել են ուսանողական պրակտիկայի Հանքավան։ Մինչ դա պարզապես այդ բաժի՞նն էր ստացվել ընդունվել։
– Ոչ, երբ բանակում ծառայելուց հետո վերադարձա՝ որոշում կայացրեցի գնալ կենսաբանության ուղղությամբ։ Այն ժամանակ մրցակցությունը մեծ էր, ներկա վիճակը չէ, երբ թափուր տեղեր են մնում։ Բոլոր տեղերը շատ արագ լրացվում էին, բայց կար հնարավորություն, որ զորացրվածներն ընդամենը երկու 8 միավոր ստանալով՝ կարող էին անվճար ընդունվել ցանկացած բուհ։ Բոլորը հորդորում էին ԵՊԲՀ դիմել, բայց ես չէի սիրում բժշկությունը, հավելյալ պատասխանատվություն է, իմ կարծիքով։ Ու քանի որ սիրում էի կենսաբանությունը, գնացի այդ ճանապարհով՝ հայտնվելով ԵՊՀ «Կենսաբանության» ֆակուլտետում։
Չէի նախատեսել, որ պետք է զբաղվեմ քարաքոսերով, սնկերով, և 1-ին կուրսում ամենահաճելի պահերից էր, երբ տարան բնության գիրկը։ Երկու շաբաթ հետազոտեցինք բույսեր, սնկեր, կենդանիներ, ու այդտեղ հասկացա, որ ամենն ինձ դուր է գալիս։ Կարծում եմ, պետք է զբաղվես նրանով, ինչ սիրում ես, ոչ թե այն, ինչից կարող ես մեծ գումարներ վաստակել, որովհետև հիմա շատերը մասնագիտություն ընտրելիս նայում են, թե ապագայում ինչքան կարող են վաստակել։
– Հետագայում ուսումը շարունակել եք Գերմանիայում։ Հիմա ևս շատերն են ձգտում արտերկրում կրթություն ստանալ։ Ինչո՞վ է տարբերվում արտերկրի կրթությունը։
– Մագիստրատուրան Հայաստանում եմ ավարտել, որից հետո հնարավորություն ստեղծվեց մի քանի ամսով մեկնել Գերմանիա՝ վերապատրաստման, որտեղ առաջին անգամ բախվեցի քարաքոսերի աշխարհին։ Դուր եկավ միջավայրը, հետազոտությունների որակը և որոշում կայացրեցի այնտեղ շարունակել կրթությունը։ Երեք տարի սովորեցի այնտեղ (PhD)։ Այն ժամանակ չկային այն հնարավորությունները, որ հիմա այստեղ ունեն երիտասարդները։ Հիմա կան կրթաթոշակներ, փոխանակման տարբեր ծրագրեր, լավացել է նաև մարդկանց ֆինանսական հնարավորությունը, որ կարող են իրենց թույլ տալ՝ գնալ արտերկիր։
– Դասավանդման մեթոդաբանությունը շա՞տ է տարբերվում։
– Անհատական հետազոտություն ես կատարում, ունենում ես համաղեկավարներ, ղեկավար, ովքեր քեզ ուղղորդում են։ Մեզ մոտ ասպիրանտներին թվում է, որ ղեկավարը պետք է նստի, աշխատանք անի։ Այդպես չէ։ Օրինակ, ինձ հետ մեկնած 5 հոգուց 2-ն է պաշտպանել թեկնածուականը, որովհետև մյուսները չկարողացան ավարտին հասցնել՝ ինքնակազմակերպվելու խնդիր կար։ Դու ես քո հետազոտության, քո սխալների, ձեռքբերումների պատասխանատուն։ Մարդիկ քեզ կուղղորդեն, բայց քո փոխարեն գործ չեն անի։
Մեր ժամանակ թաքցնում էին, որ կրթաթոշակ կա, ճանապարհորդական գրանտ կա, որ կարող ես գնալ կոնֆերանսի։ Ոչ մի բան ընդհանրապես հասանելի չէր։ Գնում, պեղում էինք, կներեք, բայց «վզներին դանակ» էինք դնում, ասում՝ ասեք, ո՞նց պետք է անենք։
– «Ակադեմիական քաղաքը» գիտությանը նոր շունչ կտա՞, թե՞ պետք է սկսեինք լավ կրթություն տալուց, սարքավորումներ ունենալուց։
– Մեկը մյուսին չի խանգարում։ Սարքավորումների մասով ասեմ, որ վերջին տարիներին Գիտության կոմիտեն բավականին մեծացրել է ֆինանսավորումը։ Մեր ինստիտուտում երկու մեծ լաբորատորիա է ստեղծվել 2-3 տարվա ընթացքում, որոնցից մեկը քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խումբն է օգտագործում՝ մոլեկուլային հետազոտություն իրականացնելու համար։ Երբ Բեռլինում սովորում էի, մեծ կամպուս էր համալսարանական (ուսանողական) քաղաք, որի հարակից տարածքում բուսաբանական այգիներ էին։ Բացի դա՝ ամբողջ քաղաքում ցրված էին տարբեր հետազոտական կենտրոններ։ Կարծում եմ, կարիք չկա ամբողջը կենտրոնացել մեկ վայրում։ Օրինակ, գիտենք, որ Բուսաբանական այգին չեն կարող տեղափոխել ու ավտոմատ Բուսաբանության ինստիտուտն էլ չի կարող տեղափոխվել։ Դա իր հետազոտական բազան է։ Նույնը Մատենադարանի, Բյուրականի աստղադիտարանի դեպքում։ Եթե ունենք ռեսուրս՝ նման ծրագիր իրականացնելու, միայն ուրախ կլինեմ։ Ամենամեծ մտահոգությունն է, որ կիսատ չմնա։
Ենթակառուցվածքներից բացի, կարևոր են այնտեղ գործունեություն ծավալող մարդիկ։ Կարևոր է, որ միջազգային մակարդակի կրթաթոշակներ տանք, որ դրսից գան այստեղ, իրենց հետազոտություններն իրականացնեն, խմբեր ստեղծեն։
– 2026թ․ կատեստավորվեն նաև գիտնականները։ Տարեկան 4 հոդված պետք է գրեն։ Տարիներ առաջ առաջարկել էիք, որ նրանք, ովքեր ունեն կոչումներ, եթե 5 տարում 5 հոդված չգրեն՝ զրկեն այդ կոչումից։ Դեռ նույն կարծիքի՞ եք։
– Չեմ հիշում, որ առաջարկել եմ, բայց կողմ եմ ատեստավորմանը։ Եթե չեմ սխալվում՝ տարբեր հաստիքների համար տարբեր է․ գիտաշխատողի համար 4 հոդված է, ավագ գիտաշխատողի համար՝ 6, և այլն։ Այստեղ մի մեծ «բաց» կա։ 40-60 տարեկանների շատ լուրջ բաց կա։ Ունենք 55-70 տարեկան մասնագետներ, ովքեր գուցե տարիների ընթացքում չեն տպագրվի, ու իրենց համար բարդ է ապահովել դա։ Նրանք ինստիտուցիոնալ գիտելիքի կրող են ու ինչ-որ ձևաչափով պետք է նրանց պահել։ Մարդկանց կրճատելով՝ արդյունավետության բարձրացմանը չենք նպաստի։ Պետք է նայենք, թե ոնց անենք, որ ավելի շատ երիտասարդների բերենք այդ ոլորտ, նրանք համագործակցեն տարիքով մարդկանց, միջազգային մակարդակի գիտնականների հետ, ու աճեն։ Ներկայիս երիտասարդները գալիս են, կիսաքանդ կառույցները տեսնում են, չեն աշխատում, մեր ժամանակ մեզ այդքան էլ չէր հետաքրքրում։ Ավելին, լաբորանտ էի, մոտ 27.000 դրամ էինք ստանում։ Իսկ հիմա շատ բան փողով է որոշվում։
– Սույն թվականի հուլիսի 10-ին հայտնի դարձավ, որ Դուք հրաժարվել եք ՀՀ ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնից։ Ո՞րն էր պատճառը և ի՞նչ հասցրեցիք անել 2,5 տարվա ընթացքում։
– Շատ բան է փոխվել ինստիտուտում և բուսաբանական այգիներում (Երևան, Վանաձոր, Սևան)։ Մեծացել են ինստիտուտի ֆինանսական հոսքերը, 4 գիտական լաբորատորիական խմբեր են ստեղծվել, իրականացվում են միջազգային տարբեր ծրագրեր, ամեն տարի հազարավոր երեխաներ են գալիս կրթական աշխատարանների, էքսկուրսիաների համար։ Ուղղակի բարդ է, որ 80 հա տարածք ունես միայն Երևանում, 6 հա ու 11 հա՝ Վանաձորում և Սևանում, բայց չունես ֆինանսավորում, պահպանման ծախսերի հնարավորություն։ Թեկուզև մի նստարան վերանորոգելու գումար չես ստանում՝ ինքդ պետք է ֆոնդեր հայթայթես, որը մենք արել ենք։ Իսկ հեռանալուս պատճառն անձնական բնույթի է։ Ժամանակավոր բացակայելու եմ երկրից։ Ասեմ, որ ինստիտուտից դուրս չեմ եկել, գիտական խմբի ղեկավար եմ, Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորող 5 տարվա ծրագիր ունեմ և այլն։
Հուսով եմ, նոր տնօրենը կշարունակի մեր բոլոր նախաձեռնությունները։
– Ինստիտուտը մի ժամանակ ունեցել է Անտառների պահպանման և հսկման բաժին ու Դուք ուզում էիք դա վերականգնել՝ ստացվե՞ց։
– Այո, ամենակարևոր ձեռքբերումներից է։ Երիտասարդների խումբ է աշխատում։
– Բաժնի հետ կապ պահո՞ւմ են Շրջակա միջավայրի նախարարությունը, Քաղաքապետարանը, որպեսզի հասկանան, թե ի՞նչ ծառատեսակներ են պետք, օրինակ՝ Երևանին։
– Մեր երիտասարդ գիտնականներից մեկը դիմել է Գիտության կոմիտե՝ հենց այդ ուղղությամբ գիտահետազոտական խումբ ստեղծելու, որը կզբաղվի քաղաքների կանաչապատման խնդիրներով։ Իսկ անտառների մասով ասեմ, վերջերս ինստիտուտը որպես խորհրդատու՝ իրականացնում էր «Սևան ազգային պարկի» կառավարման պլանի մշակման աշխատանքներ՝ տեղացի և միջազգային գործընկերների հետ միասին։ Ինչ վերաբերում է կանաչապատմանը, ապա Երևանը չունի բնապահպանական խնդիրների լուծման ընդհանուր ռազմավարություն։ Մենք, չգիտես՝ ինչու, սակուրաների և այլ ծառատեսակների վրա ենք կենտրոնացել, բայց Երևանում ունենք հանքերի խնդիրներ, փոշու, ծանր մետաղներով աղտոտվածության, կանաչ տարածքների խնդիր։
– Շուրջ 200 տեսակի քարաքոս եք հայտնաբերել Հայատանում, որոնցից 4-ն ամբողջ աշխարհի համար է նորություն եղել։ Ի՞նչ է քարաքոսը։
– Քարաքոսը ռուսերեն «Лишайники» բառի թարգմանությունն է, որը վատ բառ է, ու վերջերս գիտական խմբի հետ հենց դա էինք քննարկում, որ բառը լավ կլիներ փոխվեր, որովհետև այն լավ բան է բնության ու մարդկության համար, բայց «քոս» բառը հիվանդության հետ է կապում։ Եթե բացեք մինչև 2016թ․ ցանկացած դասագիրք, կա ձևակերպում, որն է՝ քարաքոսը սնկի, ջրիմուռի կամ ցիանոբակտերիայի համակեցություն է։ Սա 100-ամյակներով ընդունված պատկերացում է, սակայն գործընկերների հետազոտությունները պարզեցին, որ այս պատկերացումը թերի է, և կարող են լինել նաև բակտերիալ տարբեր համայնքներ, վիրուսներ, խմորասնկեր և այլն։ Քարաքոսն այն քիչ օրգանիզմներից է, որ Տիեզերքում բաց թողնելուց հետո կարող է ողջ մնալ։ Նրանք սնունդ են հանդիսանում տարբեր օրգանիզմների, բույսերի համար, թռչունները դրանցով բույն են սարքում և այլն։
– Քարաքոսերը նաև օդի աղտոտվածության ցուցիչ են, չէ՞։
– Այո։ Եթե հիմա դուրս գանք ու նայենք Երևանում ծառերին ու քարերին, կտեսնենք, որ շատ դեպքերում ոչ մի քարաքոս չկա։ Կարող են 1-2 տեսակ լինել, որոնք ամենապնդաճակատներն են ու նման պայմաններում կարող են գոյատևել։ Ծծմբի երկօքսիդի և այլ թունավոր նյութերի առկայության պարագայում, նաև բազմաթիվ տեսակներ կան, որոնք անհետանում են կամ չեն կարողանում աճել։ Իսկ Դիլիջանում կարող է ահռելի մեծ տարբերություն լինել՝ բազմազանության տեսանկյունից։ Սա ցույց է տալիս, որ Երևանի օդն աղտոտված է։ Երբ օդը մաքրվում է, մենք տեսնում ենք այդ տեսակների վերադարձ։ Իտալացի գործընկերները, որոնք ՀՀ պետք է գան, հետազոտություններ ունեն, որտեղ համադրվում են քաղցկեղի և քարաքոսերի տարածվածության տվյալները։ Որտեղ բազմազանությունը մեծ է, օդը մաքուր է, քաղցկեղով դեպքերն ավելի ցածր են և հակառակը։
– Քարաքոսերի միջոցով որոշում են քարերի տարիքը։
– Այդ ոլորտը կոչվում է լիխենոմետրիա։ Ակտիվ է եղել 1970-80-ական թթ․, երբ չկային նոր տեխնոլոգիական լուծումները։ Քարաքոսերն աճում են բոլոր կողմերից հավասարաչափ, և, եթե գիտեք տվյալ քարաոսի տարեկան աճման արագությունը, կարող եք տվյալ պտղամարմնի չափերով իմանալ, թե առնվազն քանի՞ տարի է այդ տեսակը քարի վրա եղել և աճել։ Այդ ձևով տարբեր հետազոտություններ արվել և արվում են։ Եթե կա որևէ հուշարձան, ու տարիքը չգիտեք, պտղամարմինների միջոցով կարողանում եք իմանալ նվազագույն տարիքը, որն ունի տվյալ հուշարձանը։
– Այլազգի գիտնականների հետ Զորաց քարերում եք ուսումնասիրություն կատարել։
– Այո, կարճ,, բայց շատ արդյունավետ կանգառ ենք ունեցել։ Մեծ բազմազանություն կար, եթե չեմ սխալվում՝ 50-ից ավելի քարաքոսի տեսակ է այնտեղ աճում, և մի քանիսը նոր էին Հայաստանի համար։ Գիտության համար քարաքոսի 4 նոր տեսակ ենք հայտնաբերել։ Նմանատիպ հուշարձանների վրա քարաքոսերի առկայությունը խոսում է դրանց հնության, կարևորության մասին, չպետք է մաքրենք։ Վերջերս Էջմիածնում էի ու տեսա, որ ինչ-որ հատվածներից մաքրել էին։ Դրա կարիքը չկա։ Ինչքան պատված է, այնքան հնություն, իմաստ է տալիս։ Կան երկրներ, որ քարաքոսերի տակ տախտակ են դնում, որ մարդկանց ցույց տան, թե՝ տեսեք, այսքան տարի հուշարձանին ձեռք չի տրվել, քարաքոսն այստեղ կարողացել է աճել։ Այն վնաս չի կարող հասցնել հուշարձանին։
Շատ գյուղաբնակների հետ խոսում եմ, ասում են, որ ծառերից քերում են քարաքոսը։ Պետք չէ, եթե պտղատու ծառի կյանքը 20-30 տարի է, բայց քերելով՝ բացում ես կեղևը, ու վտանգավոր սնկերը միանգամից տեղավորվում են այնտեղ, ու այդ դեպքում ծառը լուրջ խնդիր կունենա։
Ոչ մամուռը, ոչ քարաքոսը լուրջ վնաս չեն կարող հասցնել ծառին։
– Քարաքոսերն օգտագործում են նաև օծանելիք ստանալու մեջ։ Երբևէ նման բիզնես գաղափար ունեցե՞լ եք և ո՞ր տեսակը կօգտագործեիք։
– Չէ, չեմ ունեցել նման գաղափար։ Ավելին, մեծ պետություններում է մեծ քանակով աճում և օգտագործվում է հոտն ավելի պինդ պահելու տեխնոլոգիական հարցերում։ Բայց ուզում եմ սնկերի և քարաքոսերի թանգարան ստեղծել։
– Սննդի մեջ ևս օգտագործվում է քարաքոսը․ կա և՛ ըմպելիքների, և՛ հացի մեջ։ Երբևէ փորձե՞լ եք։
– Այո, մեկ անգամ։ Չինաստանում եմ փորձել նաև աղցանի տեսքով։ Ճիշտն ասած, սկզբում չգիտեի, հետո որ ասացին՝ շատ ուրախացա։
– Երկու տարի առաջ բելգիացի գիտնականները նոր քարաքոս էին հայտնաբերել և կոչել էին Ձեր անունով՝ Ramalina Arsenii: Նախապատմություն կա՞, թե՞ ուղղակի այդպես են որոշել։
– Մի փոքր պատմություն ունի։ Ramalina ցեղի հետազոտություններն իմ աշխատանքի մի մասն են կազմել, և այդ մի տեսակը, որն իմ անունով են կոչել՝ ես չեմ իմացել, իրենց որոշումն է եղել։ Հաճելի է, երբ քո արած աշխատանքը գնահատվում է։ Միշտ հումորով ասում եմ՝ ինձանից հետո մի բան կմնա․․․